Մատչելիության հղումներ

Վագիֆ Խաչատրյանի առևանգումից հետո է Ստեփանակերտը մերժել Եվլախում հանդիպելու պայմանավորվածությունը


Պաշտոնական Ստեփանակերտը հաստատում է՝ Ադրբեջանի Եվլախ քաղաքում Բաքվի ներկայացուցիչների հետ հանդիպման պայմանավորվածություն եղել է, սակայն Արցախից Հայաստան ուղևորվող Վագիֆ Խաչատրյանի առևանգումից հետո Ստեփանակերտը մերժել է այդ պայմանավորվածությունը, «Ազատությանը» փոխանցել է Արցախի նախագահի մամուլի խոսնակը։

«Արցախյան կողմը Բաքվի հետ երկխոսելու առաջարկներ ստացել է, հանդիպումները, սակայն, տարբեր պատճառներով չեն կայացել։ Ինչ վերաբերում է Եվլախում հանդիպում կազմակերպելու առաջարկին, ապա դրան հաջորդել է Արցախի քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի առևանգումը Լաչինի միջանցքից։ Այդ փաստի արձանագրումն իսկ մերժում է որևէ պայմանավորվածության գոյությունը», - նշել է խոսնակը:

Ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարարությունը պնդել էր, թե Եվլախում հանդիպելու պայմանավորվածություն էր ձեռք բերվել, սակայն հայկական կողմը վերջին պահին հրաժարվել է այդ հանդիպումից՝ «առաջ քաշելով անօրինական նախապայմաններ»։ Թե Ստեփանակերտից ովքե՞ր պետք է ադրբեջանական Եվլախ քաղաքում մասնակցեցին Բաքվի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, ի՞նչ ձևաչափով և ի՞նչ օրակարգով, պաշտոնական Ստեփանակերտը չի մանրամասնել։

Հայաստանը վերջին պահին հրաժարվեց այդ պայմանավորվածոuթյուններից. Յաշար Ալիև

Նախապես պլանավորված, բայց այդպես էլ չկայացած հանդիպման մասին երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում խոսեց նաև ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիևը։

«Մի շարք ինտենսիվ խորհրդակցություններից ու մաքոքային դիվանագիտությունից հետո վերջապես պայմանավորվածություն էր ձեռք բերվել տարբեր երթուղիներով Ղարաբաղի շրջան մարդասիրական բեռներ հասցնելու, ինչպես նաև կենտրոնական իշխանությունների ու տեղի հայ բնակիչների միջև Եվլախում հանդիպում կազմակերպելու վերաբերյալ: Ցավոք սրտի, 10 օր առաջ, օգոստոսի 5-ին, Հայաստանը վերջին պահին հրաժարվեց այդ պայմանավորվածություններից՝ առաջադրելով նոր նախապայմաններ», - նշել է Ադրբեջանի ներկայացուցիչը:

Հուլիսի վերջին ադրբեջանցի ուժայինները, Լաչինի միջանցքում տեղադրված անցակետում հենց Կարմիր խաչի մեքենայից առևանգեցին Վագիֆ Խաչատրյանին և տեղափոխեցին Բաքու։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարեց, թե «Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել» դեռ 2013-ին, և նրա նկատմամբ «միջազգային հետախուզում է հայտարարվել»։ Բաքուն արցախցուն մի շարք ծանր հանցանքներ է վերագրել, այդ թվում՝ «1991 -ին Մեշալի գյուղի վրա զինված հարձակման համար, որի հետևանքով 25 ադրբեջանցի է սպանվել»։

Ադրբեջանի գլխավոր դատախազության հայտարարությունը, չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՄԻՊ

Ստեփանակերտը ադրբեջանական այս մեղադրանքները կեղծ էր որակել, պնդելով՝ «Մեշալի գյուղում նման հանցագործություն չի եղել»։

Սրտի վիրահատության նպատակով Արցախից Հայաստան ուղևորված և Լաչինի միջանցքում առևանգված Վագիֆ Խաչատրյանի խնդրին այսօր անդրադարձել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։ Հակադարձելով Ադրբեջանի Գլխավոր դատախազությանը՝ Պաշտպանի աշխատակազմը նշում է, թե Խաչատրյանը զինվորական ծառայության է անցել 1992 թվականի սեպտեմբերի 1-ից և դրանից հետո է մասնակցել մարտական գործողություններին։ Մինչ այդ վերջինս աշխատել է Ստեփանակերտում՝ որպես շարքային վարորդ։

«Ուստի, Ադրբեջանի գլխավոր դատախազության հայտարարությունն առ այն, որ Վ. Խաչատրյանը 1991 թվականի դեկտեմբերի 22-ին «հայկական զինված կազմավորումների խմբի կազմում Մեշալի գյուղում իրականացրել է հանցագործություն», չի համապատասխանում իրականությանը», - նշել է ՄԻՊ-ը:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը նշում է, որ իրենց հավաքագրած տեղեկատվությունը հիմնավորվում է արխիվային փաստաթղթերով, հրամանատարների հրամաններով, Խաչատրյանի անցած մարտական ուղին փաստող տեղեկանքներով։

Հակադարձելով Ադրբեջանի իրավապահներին՝ Պաշտպանի գրասենյակը նաև պնդում է, որ Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ միջազգային հետախուզական որևէ համակարգում առկա չէ նրա հետախուզման վերաբերյալ որևէ տվյալ։

«Վագիֆ Խաչատրյանը միջազգային մարդասիրական պաշտպանության տակ գտնվող անձ է, ով ԿԽՄԿ հովանու ներքո Հայաստան էր տեղափոխվում բուժում ստանալու նպատակով։ Ուստի վերջինիս ազատությունից զրկումն Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է», - ընդգծում է օմբուդսմենը։

Վագիֆ Խաչատրյանը հարազատների հետ անգամ հեռախոսազրույցի հնարավորություն դեռ չի ունեցել

Շուրջ 3 շաբաթ Բաքվում պահվող 68-ամյա տղամարդը հարազատների հետ անգամ հեռախոսազրույցի հնարավորություն դեռ չի ունեցել։ Նրա դուստրը ՝ Վերա Խաչատարյանը «Ազատությանն» ասաց, թե Կարմիր Խաչն իրենց ընդամենը փոխանցել է, որ հայրը գտնվում է մեկուսարանի բուժական բաժանմունքում և դեղեր է ընդունում։

«Ո՛չ տեսազանգ, ո՛չ հեռախոսակապ չենք ունեցել հորս հետ», - ասաց Վերան:

Վագիֆ Խաչատրյանի դուստն ասում է՝ դիմել են Կարմիր խաչին, որ գոնե հեռախոսզանգով հոր հետ շփվելու հնարվորություն ստեղծվի։ Առայժմ դիմումներն արդյունք չեն տվել։

«Համարյա ամեն օր էլ դիմում եմ, [ասում են] կփորձեն անպայման, որ ինչ-որ մի ձև էդ կապը լինի, սակայն կարծեմ հենց ադրբեջանական իշխանությունները, թե կառավարությունն է մերժում: Բայց հուսանք, որ կթույլատրեն այս շաբաթվա մեջ», - նշեց դուստրը:

Այսօր Հայաստանի կառավարությունը ՄԻԵԴ-ին է փոխանցել իր առարկությունները Վագիֆ Խաչատրյանի մասին Ադրբեջանի ներկայացրած փաստերի ու դիրքորոշման առնչությամբ։ Հայկական կողմն ավելի վաղ տարեց տղամարդու իրավունքների պաշտպանության հարցով դիմում էր ներկայացրել միջազգային ատյանին՝ պահանջելով Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառել։

XS
SM
MD
LG