Մատչելիության հղումներ

Գյումրիի նախկին գործարանային հանրակացարանի շենքի բնակիչները դժգոհում են՝ ապրում են՝ փլուզման վտանգն ամեն րոպե աչքերի առաջ


Գյումրիի ծայրամասում բոլորի աչքից հեռու նախկին գործարանային հանրակացարանի վթարային շենքում 10 ընտանիք է ապրում։ Արտաքինից չի երևում, որ ներսում ավերակ է, բայց Վարդուշ Պետրոսյանը 20 տարի հենց այդ ավերված ու խոնավ սենյակներից մեկում է ապրել։

Հարևան սենյակների պատերն էլ, ասում է, մոտ մեկ ամիս առաջ ուժեղ անձրևներից հետո են փլվել:

Հիմա մեկ հարկ ներքև՝ այլ սենյակ է տեղափոխվել։ Առանց կոմունալ որևէ հարմարության հարմարվել ու ապրում են, փլուզման վտանգն ամեն րոպե աչքերի առաջ։

«Ո՞ւր գնանք, տեղ չունենք», - ասաց Վարդուշ Պետրոսյանը:

Բնակիչներն այսօր իրար հերթ չտալով խոնավ ու կիսաքանդ սենյակներ էին ցույց տալիս ու ասում՝ 21-րդ դարում ինչպես է հնարավոր նման անմարդկային պայմաններում ապրել, առանց կոմունալ հարմարությունների՝ ջրի ու կոյուղու։

Բնակիչները պնդում էին՝ իրենց միայն ընտրությունից ընտրություն են հիշում ու հետո տարիներով մոռանում. - «Ասում են՝ արի ինձ ընտրի, ամեն ինչ լավ կլինի, հենց ընտրում պրծնում ենք, գնում են, կորում են»:

Այս հանրակացարանի բնակիչները հիմնականում նպաստի ու թոշակի հույսին են.- «Առողջական խնդիրներ ունենք՝ էրեխեքս էլ, ես էլ, չենք կարողանում գոյատևել, նպաստով ենք ապրում՝ 25 հազար 500 դրամ մեկ ամիսը: Դեղորայքին չենք հասցնում, նպաստն ստանում ենք հաց ենք առնում, ուտելիք ենք առնում»:

Բարերարների աջակցությամբ երբեմն սննդի, երբեմն էլ վառելիք հարց են լուծում։ Խոնավությունը նաև հիվանդությունների տեր է դարձրել՝ ասում են հանրակացարանի բնակիչները։ Այդուհանդերձ շենք հարսներ են գալիս, այստեղ երեխաներ են ծնվում։ Լիանան 2 տարի առաջ է հարս եկել, դուստրն էլ 9 ամսական է։ Երեխաներ էլի է ուզում ունենալ, բայց ոչ այս պայմաններում։

«Հա, համաձայն եմ, որ երեխա ունենամ, բայց այս պայմաններում մի քիչ զոռ կլինի պահելը», - նշեց Լիանան:

Հանրակացարանի շենքը քաղաքապետարանի հաշվեկշռում է։ Մի քանի տարի առաջ այն անվարձահատույց շավեցարահայ գործարար Վարդան Սերաքեշի ժամացույցներ արտադրող «Ֆրանկ Մյուլեր» ընկերությունը հանձնվեց, հետո որոշումը չեղարկվեց, Համահայկական հիմնադրամին տրամադրեցին։ Գյումրիի գլխավոր ճարտարապետից հետաքրքրվեցինք, թե հիմա ի վերջո շենքը ո՞ւմն է:

«Հետո մենք նորից հատկացրեցինք «Ֆրանկ Մյուլեր» կազմակերպությանը, նպատակը արհեստագործական կենտրոն կառուցելն է: Իրանց հետ էս վերջերս կապի ենք դուրս եկել, հիմա սպասում են, որպեսզի նրանք արձագանքեն մեր հարցադրումներին», - պատասխանեց ճարտարապետը:

Հենրիկ Գասպարյանն ասում է, եթե ի վերջո պարզվի, որ ընկերությունը ներդրումը չի անում, շենքը հետ կվերցնեն։ Իսկ շենքում բնակվողների հարցը քննարկվել է արդյոք ներդրող կողմի հետ. - «Պայմանավորվածություն կա, էն առաջին հանձնելու ժամանակ նույնիսկ այդ հարցը շոշափվել է, որ նրանք պարտավորվելու են այդ ընտանիքներին փոխհատուցում տալ ու ապահովել բնակարաններով, իհարկե, օրենքի սահմաններում, այն ընտանիքներին, որոնք իսկապես անօթևան են»:

Միայն Գյումրիում 88 վթարային շենք կա ու թե երբ կհասնի դրանց ամրացման հերթն, առայժմ պարզ չէ։

XS
SM
MD
LG