Մատչելիության հղումներ

Շենքը կա, գումարը՝ ոչ: Շիրակի երկրագիտական թանգարանին հատկացված շենքը 4 տարի է չի վերանորոգվում


Շիրակի երկրագիտական թանգարանը Գյումրիում։

Շիրակի երկրագիտական թանգարանը արդեն չորս տարի է նոր հասցե ու նույնիսկ նոր ցուցանակ ունի, բայց շարունակում է գործել հին շենքում։ Գործել բառն էլ այս դեպքում խիստ չափազանցված է, քանի որ թանգարանը ցուցադրություն չունի, 25 հազար ցուցանմուշները պահվում են մի կիսաքանդ շենքում, արկղերի մեջ։

Կառավարությունը 2018-ին Գյումրիի կենտրոնում գտնվող նախկին վիրաբուժական հիվանդանոցի շենքն է հատկացրել թանգարանին, բայց շինությունը լուրջ հիմնանորոգման կարիք ունի։ Չորս տարի անց էլ որոշում չկա, թե երբ և ինչ միջոցներով է վերանորոգվելու շենքը։

Թանգարանի տնօրեն Արտաշես Բոյաջյանը այս տարիների ընթացքում փաստաթղթերի մի մեծ տրցակ է հավաքել։ Նախ թանգարանի նախագծման համար դրամահավաք են կազմակերպել ու տասը միլիոն դրամ հավաքել։ Նախնական նախագիծը պատրաստ է, հայտնի է նաև վերակառուցման մոտավոր արժեքը. - «Մասնագետները ինձ ասել են, որ կպահանջվի մոտ մեկ միլիարդ դրամ, որպեսզի շահագործման հանձնվի թանգարանը, զբոսաշրջիկներին, բնակչությանը ծառայություն մատուցի, ցուցադրություն անի»։

Բոյաջյանը վերջին գրությունը ստացել է մարզպետարանից, որտեղ նրան հորդորել են ֆինանսավորման համար ևս մեկ տարի սպասել. - «Երկրագիտական թանգարան ՊՈԱԿ-ի շենքի վերակառուցման աշխատանքները ընդգրկել է 2023-25 թվականների պետական բյուջեի միջոցների հաշվին միջնաժամկետ ծախսերի ծրագրերի հայտում և ներկայացրել է լիազոր մարմնին»։

Բոյաջյանը կարծում է, որ երկրագիտական թանգարանը կարող է ավելացնել զբոսաշրջիկների հոսքը Գյումրի, քանի որ ցուցանմուշների մեծ մասը բացառիկ են. - «Տասնյակ հազարավոր զբոսաշրջիկներ գալիս են, բայց նրանք հաղորդակից չեն լինում ասենք պալեոլիտի, մեզոլիտի հնեաբանական նյութերին, որը այսօր պահպանվում է թանգարանի պահոցներում»։

Ու քանի դեռ նախագիծը թղթի վրա է, 25 հազար ցուցանմուշները պահվում են արկղերի մեջ: Դրանք ավելանում են, քանի որ թանգարանի աշխավախումբը շարունակում է պեղումները: Բոյաջյանն ասում է՝ պահելու տեղ արդեն չունեն։

Ամենահին ցուցանմուշը 500 հազար տարեկան է. - «Հայկական փղի ժանիքը։ Սա արդեն հնեաբանական նյութ է, հինգ հարյուր հազար տարուց ավել»։

Առայժմ կարողանում են պահոցներում կայուն ջերմաստիճան ապահովել։ Գորգերն ու կարպետներն էլ ամռանը արևին են փռում, որ չփչանան։ Ու քանի դեռ պարզ չէ որքան ժամանակ ցուցանմուշները արկղերի մեջ կմնան, Գյումրիում չեն դադարում խոսակցությունները, թե թանգարանին քաղաքի կենտրոնում հատկացված շենքը հյուրանոց կառուցելու համար հատկացվելու է այլ ներդրողի։

Արտաշես Բոյաջյան
Արտաշես Բոյաջյան

Բոյաջյանը խորհուրդ է տալիս թանգարանի շենքից հեռու մնալ. - «Էդ շենքը հատկացվել է թանգարանին, մնա թանգարան և ծառայի որպես թանգարան։ Հակառակ դեպքում կնշանակի, որ կառավարությունը այդքան էլ հետևողական չէ մարզի մշակութային կյանքը բարելավելու, զարգացնելու ուղղությամբ։ Եթե պիտի էդ շենքը հատկացնեն հերթական ռեստորան կամ հյուրանոց կառուցելու համար, դա ես ընդունում եմ որպես վատ ազդակ։ Եթե ներդրողներ կան, որոնք ուզում են էդ ոլորտում ներդրումներ կատարել, քաղաքում կան բազմաթիվ շենք-շինություններ կիսաքանդված կամ վթարային վիճակում, կարող են վերցնել, վերականգնել... Ինչի՞ են հա ուզում էդ շենքը»։

Շիրակի փոխմարզպետ Կարեն Մանուկյանը, սակայն, հերքում է, թե շենքը ուրիշին հատկացնելու ծրագրեր կան. - «Նոր հատկացման կամ փոփոխության վերաբերյալ որևէ քննարկում կամ որևէ ինֆորմացիա չկա»։

1930 թվականին հիմնադրված թանգարանը խորհրդային տարիներին էլ հիմնական շենք չի ունեցել, ցուցանմուշները Երևանում ու արտասահմանում են ցուցադրվել։ Իշխանությունները պատմության մեջ առաջին անգամ շենք են հատկացրել, այն էլ՝ դեռ թղթի վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG