Մատչելիության հղումներ

Գյումրիում դեռ անլուծելի է մնում երրորդ և չորրորդ աստիճանի վթարային շենքերի հարցը


Վթարային շենք Գյումրիում

Գյումրիի տեքստիլ կոմբինատի նախկին հանրակացարանի վթարային շենքում բնակվողներից մի քանիսը չեն ցանկանում դուրս գալ տարածքից: Վերջերս այստեղ կրկին փլուզում էր եղել, ու թեև ամեն դեպքից հետո նրանց ինչ-որ տարբերակ է առաջարկվել, այդ թվում՝ սոցիալական բնակարանի տրամադրում, բայց վերջիններս հրաժարվում են՝ պնդելով, որ տեղում են բնակարան ուզում:

Շիրակի մարզում 3-րդ ու 4-րդ աստիճանի վթարային 114 շենք կա, մեծ մասը՝ 88-ը Գյումրիում են: Շենքերում հաշվվում է շուրջ 2500 բնակարան, դրանց մեծ մասը բնակեցված են: Փլուզումները հաճախ են տեղի ունենում հատկապես 4-րդ աստիճանի վթարայնության շենքերում: Իսկ «ռեկորդակիրը» տեքստիլ կոմբինատի նախկին հանրակացարանի շենքն է:

Ի դեպ, հանրակացարանի շենքը մասնավոր սեփականություն է և այն վաղուց պետք է քանդված լիներ, սակայն մինչ օրս տեղում է: Վթարային փլուզումներով հայտնի մեկ այլ շենք էլ Անտառավան 26 հասցեում է: Այստեղ բնակիչները աղոթելով են քնում ու արթնանում:

«Սարսափելի է, ո՛չ կոյուղի ունենք, կանալիզացիա կա, բայց ջուր չկա, հայաթից ենք բերում ջուր էս 30 տարի», - նշեց բնակիչներից մեկը։

Փլուզումները գրանցվում են հիմնականում ձնհալից ու անձրևներից հետո: Շենքերի տեխնիկական վիճակի, վթարայնության աստիճանի մասին եզրակացությունը Սեյսմիկ ծառայությունն է տրամադրում: Հյուսիսային բաժանմունքի պետ Կարեն Մխիթարյանն այսօր կազմակերպված քննարմանն ասաց, թե գործիքային և ակնադիտական ուսունասիրությամբ է պարզվում շենքի տեխնիկական վիճակը: Այս պահին սահմանափակվում են միայն ակնադիտական դիտարկմամբ: Վերջերս ուսումնասիրել են Անտառավան 26 շենքը:

«Իրականացվել է դիտողային, այսինքն անկնադիտական սկզբունքով ուսումնասիություն, որը էականորեն չի տարբերվում գործիքայինից։ Գործիքայինը հիմնականում անհրաժեշտ է իրականացնել էն դեպքում, եթե կան նստվածքային շատ պրոցեսներ, իսկ այս պարագայում շենքը արդեն ունի էն հիմնական վնասվածքները, որոնցից առավել էլ դժվար թե շանքը ունենա, դրանից ավել արդեն ինքնափլուզման գործընթացն է», - ընդգծեց Մխիթարյանը։

Վերջին անգամ Գյումրիում վթարային շենքերի ամրացում եղել 2003 թվականին՝ Լինսի հիմնադրամի միջոցներով: Դրանից հետո մնացած վթարային շենքերի ամրացման մասին խոսք անգամ չի եղել: Մարզպետարանն ամեն տարի մարզի հրատապ խնդիրերի ցանկում ներառում է որոշ շենքերի ամրացում, բայց դրանք ֆինանսավորում այդպես էլ չեն գտնում: Արդյոք հաշվարկ կա՞ թե որն է ձեռնտու՝ նորը կառուցել, թե վթարայինը ամրացնել հետարքրվեցինք Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության բաժնի ավագ մասնագետ Մկրտիչ Ասատրյանից:

«Մենք Գյումրի քաղաքում ունենք չորրորդ աստիճանի վթարային շենք, որը տնտեսապես ձեռնտու չէ շենքի ուժեղացումը, վերականգնումը», - պատասխանեց Ասատրյանը։

«Ազատության» հարցին էլ, թե մեկ քառակուսու ուժեղացման դեպքում և նորի դեպքում հաշվարկներ ունե՞ն, թե ինչ արժեքների մեջ է, Ասատրյանը արձագանքեց. «Նորի դեպքում մոտ 200-250 հազար, իսկ ամրացումը համարյա թե նույնը։ Ավելի ձեռնտու է միանշանակ նորը»։

Ի դեպ, այս տարի ևս Շիրակի մարզպետարանը խիստ վթարային 10 շենքի ցուցակ է ներկայացրել կառավարություն: Ցուցակի առաջին տեղում Անտառավան 26 շենքն է: Կլինեի՞ ֆինասավորում, թե՞ ոչ, այս պահին մարզային կառույցում հստակ պատասխան չունեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG