Մատչելիության հղումներ

Արցախի խորհրդարանի նորընտիր նախագահը կարևորել է ՊԲ-ի պահպանումն ու զարգացումը


Արցախի խորհրդարանի նորընտիր նախագահ, դաշնակցական Դավիթ Իշխանյանը պնդում է՝ «ամեն գնով շարունակելու են պայքարը՝ հանուն Արցախի պետականության պահպանման ու հզորացման»: Իր ծրագրային ելույթում Իշխանյանը շեշտել է՝ քանի դեռ Արցախն ու արցախցին ոչ են ասում բոլոր այն առաջարկներին, որոնք հարվածում են իրենց որդեգրած ռազմավարական նպատակին, պետք է արձանագրել, որ ոչինչ չի ավարտվել:

Թեև իր ծավալուն ելույթում դաշնակցական Ազգային ժողովի նախագահը որևէ տեղ չի հիշատակում Արցախի ինքնորոշման իրավունքի մասին, սակայն խոսում է 1988-ի ազգային ազատագրական պայքարի կարևոր ռազմավարական նպատակի իրացման մասին: Ի դեպ, Դավիթ Իշխանյանը Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակիցներից է եղել:

«Շատերի մոտ է ձևավորվել կարծիք, որ Հայաստանի Հանրապետությունն իր ձեռքերը լվացել է Արցախից, իշխող են դառնում այն տեսակետները, թե մենք պետք է նոր ուղիներ ու գործընկերներ փնտրենք, ուզում եմ այս պատասխանատու ամբիոնից վերահաստատել և վստահեցնել, որ մեր բոլոր ջանքերն ուղղված են լինելու 1988-ին որդեգրած ազգային ազատագրական պայքարի առաջին իսկ օրերից ձևավորված կարևոր ռազմավարական նպատակի իրացմանը: Մնացած բոլոր քայլերն ու ծրագրերը պետք է դիտարկել մարտավարական քայլեր: Հավատացե՛ք, քանի դեռ Արցախն ու արցախցին ոչ են ասում բոլոր այն առաջարկներին, որոնք հարվածում են մեր որդեգրած ռազմավարական նպատակին, արձանագրելի է հետևյալը՝ ոչինչ չի ավարտվել», - ընդգծեց Իշխանյանը:

ԱԺ նորընտիր նախագահը խոսել է նաև Արցախի պաշտպանության բանակի պահպանման, զարգացման ու հզորացման կարևորության մասին։

«Մեր անվտանգային ներկա համակարգը մեզնից պահանջում է նոր մոտեցումներ ու ռեսուրսներ: Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի անվտանգային համակարգի հիմնական երաշխիք Պաշտպանության բանակի պահպանումը, զարգացումն ու զորացումը շատ դեպքերում կախված է հենց այն օրենսդրական դաշտից, որին միտված է մեր գործունեությունը», - հայտարարեց նա:

Դավիթ Իշխանյանը, սակայն, չի մանրամասնել, թե ինչպես են նպաստելու ՊԲ-ի հզորացմանը։

Բաքուն պարբերաբար պահանջում է, որ լուծարվի Պաշտպանության բանակը, դա նաև իբրև նախապայման է առաջ քաշում Ստեփանակերտի հետ երկխոսելու համար: Այս մասին վերջերս բարձրաձայնել էր նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը. - «Ադրբեջանը մեզ ասում է՝ սեղանի նստելու համար առաջին կետ՝ Պաշտպանության բանակը լուծարել, դե գնացեք հանդիպման լուծարեք, հետո գնացեք, պիտի լուծարենք հետո գնանք հանդիպման»:

Արցախի խորհրդարանի նախագահը կարևորել է Հայաստանի հետ միջխորհրդարանական հարաբերություների վերականգնումը

Ուշագրավ է, որ Դավիթ Իշխանյանը խոսել է նաև Արցախ- Հայաստան հարաբերությունների մասին, հատկապես կարևորելով Հայաստանի հետ միջխորհրդարանական հարաբերությունների վերականգման անհրաժեշտությունը:

«Սակայն հարցերի հարցը Արցախ-Հայաստան հարաբերություններն են, իսկ մեր պարագայում միջխորհրդարանական համագործակցության խնդիրը: Իմ և հատկապես մեր խմբակցության անունից բազմիցս հարց է բարձրացվել Հայաստանի Հանրապետության հետ միջխորհրդարանական հարաբերությունների վերականգնման անհրաժեշտության մասին: Համոզված եմ, որ շրջափակման պայմաններում ներկա տեխնիկական միջոցների առկայությամբ կարելի է լուծել նաև այս հարցը: Մեր քաղաքական կեցվածքը պետք է ուղղված լինի կամուրջներ կառուցելուն՝ խուսափելով ապակառուցողական դրսևորումներից», - ընդգծեց Իշխանյանը:

Երբվանի՞ց և ի՞նչ պատճառով են խաթարվել Արցախի և Հայաստանի խորհրդարանի հարաբերությունները։ Հայաստանի Ազգային ժողովից «Ազատությանը» փոխանցեցին՝ Արցախի հետ միջխորհրդարանական շփումները նաև հանձնաժողովների մակարդակով երբեք չեն դադարել։

Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովը 2 տարի նիստ չի գումարել. ընդդիմադիր պատգամավորներ

Մինչդեռ ընդդիմադիր պատգամավորները հակադարձում են՝ Հայաստանի և Արցախի խորհրդարանների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովը շուրջ 2 տարի է որևէ նիստ չի անցկացրել, և նիստ հրավիրելու իրենց բազմաթիվ նամակներն ու կոչերը մնացել են անպատասխան։

Այս տարեսկզբին ընդդիմադիր պատգամավորները դիմել էին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին գոնե առցանց նիստ անցկացնելու համար, հաշվի առնելով Լաչինի միջանցքի փակ լինելը։

«Առցանցի մասին կարող ենք քննարկել, հասկանալ, եթե նման հնարավորություն տեսնում են նաև մեր Արցախի գործընկերները, ինչո՞ւ՝ ոչ», - պատասխանել է Ալեն Սիմոնյանը:

Սիմոնյանի այս հայտարարությունից հետո, սակայն, անցած 7 ամիսների ընթացքում Հայաստանի և Արցախի խորհրդարանների միջև համագործակցության միջխորհրդարան հանձնաժողովը նաև առցանց նիստ այդպես էլ չի գումարել։ Հանձնաժողովի անդամ դաշնակցական Արթուր Խաչատրյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ Հայաստանի իշխանությունը պարզապես վախենում է Ադրբեջանից, դա է միակ պատճառն անգամ առցանց նիստ չանցկացնելու համար։

«Ձմռանը խոսում էին առցանց հանդիպման մասին, բայց դա էլ չիրականացրեցին: Պատճառաբանություն չի եղել, բայց ակնհայտ է՝ դա իրենք քաղաքականությունն է: Իրենք վախենում են Ադրբեջանից, իհարկե, վախենում են զայրացնել Նիկոլ Փաշինյանի կիրթ և կառուցողական ընկեր Իլհամ Ալիևին, չեն արտասանում Արցախի Հանրապետություն բառը և ինստիտուցիոնալ մակարդակով որևէ համագործակցություն այս պահին չկա», - նշեց Խաչատրյանը:

Ի դեպ, երեկ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը զանգահարել և շնորհավորել է Դավիթ Իշխանյանին՝ այս ծանրագույն ժամանակաշրջանում Արցախի խորհրդարանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Սիմոնյանի նախաձեռնած հեռախոսազանգի ընթացքում գործընկերները քննարկել են հետագա համագործակցությանն առնչվող հարցեր:

XS
SM
MD
LG