Մատչելիության հղումներ

Մեր ջանքերն ուղղված են լինելու ազգային ազատագրական պայքարի կարևոր ռազմավարական նպատակի իրացմանը. Արցախի ԱԺ նախագահ


«Հարցերի հարցը Արցախ-Հայաստան հարաբերություններն են, իսկ մեր պարագայում միջխորհրդարանական համագործակցության խնդիրը: Իմ և հատկապես մեր խմբակցության անունից բազմիցս հարց է բարձրացվել ՀՀ-ի հետ միջխորհրդարանական հարաբերությունների վերականգնման անհրաժեշտության մասին», - Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստին հայտարարել է խորհրդարանի նորընտիր նախագահ Դավիթ Իշխանյանը:

Ըստ ընդդիմադիր ՀՅԴ-ի ներկայացուցչի՝ շրջափակման պայմաններում ներկա տեխնիկական միջոցների առկայությամբ կարելի է լուծել նաև այս հարցը:

Դավիթ Իշխանյանը բարձրաձայնել է Հայաստանի հետ հարաբերությունների հարցը, նկատելով, որ շատերի մոտ ձևավորվել է կարծիք, որ ՀՀ-ն իր ձեռքերը լվացել է Արցախից:

«Իշխող են դառնում այն տեսակետները, թե մենք պետք է այլ ուղիներ ու գործընկերներ փնտրենք: Ուզում եմ այս պատասխանատու ամբիոնից վերահաստատել և վստահեցնել, որ մեր բոլոր ջանքերը ուղղված են լինելու 1988-ին որդեգրած ազգային ազատագրական պայքարի առաջին իսկ օրերից ձևավորված կարևոր ռազմավարական նպատակի իրացմանը: Մնացած բոլոր քայլերն ու ծրագրերը պետք է դիտարկել մարտավարական քայլեր», - ասել է նա ու հավատացրել, որ քանի դեռ Արցախն ու արցախցին ոչ են ասում բոլոր այն առաջարկներին, որոնք հարվածում են իրենց որդեգրած ռազմավարական նպատակին, պետք է արձանագրել, որ ոչինչ չի ավարտվել:

«Արցախյան պայքարը 30 տարի շարունակ եղել է այն առանցքը, որի շուրջ համախմբվել են համահայկական բոլոր ուժերը՝ անկախ քաղաքական հայացքներից և անձնական նկատառումներից: Մեր ներազգային համերաշխությունը ձևավորվել է եռամիասնության սկզբունքի հիման վրա: Տագնապալից այս օրերին անհրաժեշտություն է վերակագնել այդ եռամիասնությունը: Համոզված եմ, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հնարավորություն և ներուժ ունի այդ կարևոր առաքելությանը նոր շունչ ու եռանդ հաղորդելու», - հայտարարել է Դավիթ Իշխանյանը, նաև շեշտել Հայ առաքելական եկեղեցու դերն ու նշանակությունը:

Արցախի խորհրդարանն այսօր փակ գաղտնի քվեարկությամբ Ազգային ժողովի նախագահ է ընտրել ընդդիմադիր «Դաշնակցություն» խմբակցության անդամին։ Իշխանյանի թեկնածությանը նիստին ներկա 31 պատգամավորներից կողմ են քվեարկել 22-ը, դեմ՝ 9-ը։

Դավիթ Իշխանյանին Արցախի Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրելու առաջարկ «Դաշնակցությանն» արել են Արցախի նախկին ու ներկա նախագահները՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը։ Երկար քննարկումներից հետո ՀՅԴ-ն տվել է իր համաձայնությունը՝ հաշվի առնելով Արցախի համար ճակատագրական ու վճռական պահը, «Ազատությանն» ասել է դաշնակցական Գեղամ Մանուկյանը։

Ըստ նրա՝ ՀՅԴ-ն, սակայն, շեշտել է՝ Արցախի իշխանության հետ ակյունքարային հարցերում անհամաձայնության դեպքում Դավիթ Իշխանյանը ազատ է թողնել խորհրդարանի նախագահի պաշտոնը։

XS
SM
MD
LG