Մատչելիության հղումներ

«Մայր Հայաստան» շարժումը որոշել է մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին


«Մայր Հայաստան» շարժումը որոշել է մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին։ Այս մասին հայտարարեց շարժման նախաձեռնող խմբի անդամ, Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։

«Մեզ համար անընդունելի է Նիկոլ Փաշինյանի վարած ոչ լեգիտիմ քաղաքականությունը, որը սպառնալիք է Հայաստանի ու Արցախի անվտանգության համար։ Մենք չենք ընդունում Արցախն Ադրբեջանի կազմում և ուզում ենք կանխել Հայաստանի գահավիժումը», - տարածած տեսաուղերձում նշում է Թևանյանը՝ համոզմունք հայտնելով, որ անվտանգ և զարգացող երկիր կառուցելու հնարավորություն ունեն։

«Մայր Հայաստան» շարժումը որոշել է մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին, որը մենք դիտարկում ենք որպես ամբողջական իշխանափոխության և մեր երկիրն այս վիճակից դուրս բերելու հնարավորություն», - ասաց Թևանյանը։

«Մայր Հայաստան» շարժումը ստեղծվել է մայիսին։ Այն, ըստ հիմնադիրների, վերկուսակցական է։ Նախաձեռնող խմբի անդամները հայտարարում են, թե «շարժման նպատակն իշխանության գալը չէ: Առաջնային խնդիրը՝ Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի ազգային-պետական շահերի պաշտպանությունն է՝ գործող վարչախմբի հեռացման միջոցով»:

Երևանի ավագանու ընտրությունները կկայանան սեպտեմբերի 17-ին՝ համամասնական ընտրակարգով՝ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներով։ Քաղաքական ուժերը մինչև օգոստոսի 13 -ը ժամանակ ունեն փաստաթղթեր ներկայացնելու։ Ընտրությունների քարոզարշավը կսկսվի օգոստոսի 23 -ին, կտևի 24 օր։

Ընտրություններին մասնակցության մասին արդեն հայտարարել են Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը, «Ապրելու երկրի» նախագահ Մանե Թանիդլյանը, «Լուսավոր Հայաստանից» Դավիթ Խաժակյանը, փաստաբան Նորայր Նորիկյանը, «Ուժը հայրենյացի» ցուցակը կգլխավորի Նելլի Հարությունյանը, իսկ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» դեռ անցած մարտին է հայտարարել, որ իրենց թեկնածուն Տիգրան Ավինյանն է։

XS
SM
MD
LG