Օպերային երգչուհի Աննա Նետրեբկոն երեկ դատական հայց է ներկայացրել Նյու Յորքի Մանհեթենի շրջանային դատարան՝ ընդդեմ Մետրոպոլիտեն օպերայի և գլխավոր մենեջեր Փիթեր Գելբի:
Սոպրանո աստղը պնդել է, որ ենթարկվել է զրպարտության: Օպերան նրա հետ խզել է պայմանագիրն, ինչի կապակցությամբ Նետրեբկոն պահանջում է առնվազն 360 հազար դոլարի փոխհատուցում:
Երգչուհին հայտնել է, որ Մետրոպոլիտեն օպերայի ղեկավարների որոշումը հոգեկան ծանր ապրումների պատճառ է դարձել և նրա մոտ առաջացրել է նվաստացման և ընկճվածության զգացում։
Թատրոնի տնօրինությունը 2022 թվականի փետրվարից հետո, երբ Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա, երգչուհու անունը դուրս է հանել ներկայացումների խաղացանկից:
Մետրոպոլիտեն օպերայի մենեջեր Պիտեր Գելբը Նետրեբկոյից այն ժամանակ պահանջել է «ուրանալ» Ռուսատանի նախագահ Վլադիմիր Պուտինին և դատապարտել պատերազմը։
Նետրեբկոն Ռուսաստանի և Ավստրիայի քաղաքացի է: Նա հայտնի է որպես Կրեմլի հետ ջերմ հարաբերություններ հաստատած արվեստագետ և տարատեսակ բարձր մրցանակներ է ստացել, նա Ռուսաստանի ժողովրդական արտիստ է:
2023-2024 թատերաշրջանում Նետրեբկոն նախատեսում է օգոստոսին ելույթներ ունենալ Բուենոս Այրեսի «Կոլոն» թատրոնում, ապա՝ Բեռլինի, Վիեննայի, Միլանի և Փարիզի օպերային թատրոններում։