Մատչելիության հղումներ

«Նրանք այստեղ են՝ տեսնելու, որ հումանիտար բեռը դեռ կանգնած է»․ միջազգային կառույցների ներկայացուցիչներն այցելել են Կոռնիձոր


Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կառույցների ներկայացուցիչներն այսօր այցել են Կոռնիձոր՝ հումանիտար շարասյան հատված։ Նրանք Սյունիքում են ՀՀ արտգործնախարարության և կառավարության հրավերով։

«Նրանք այստեղ են տեղում տեսնելու իրավիճակը, տեսնելու, որ հումանիտար բեռը, որ նախատեսված է մեր արցախահայերի համար, դեռ կանգնած է։ Եվ ի հեճուկս նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ու ՄԱԿ-ի Միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր ուժ ունեցող որոշումների շարունակում է կանգնած մնալ և Ադրբեջանն արգելափակում է Լաչինի միջանցքով բեռների անխափան մուտքը Լեռնային Ղարաբաղ», - լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։

Նա նշեց, որ որևէ դրական զարգացում չկա։ «Մենք շարունակելու ենք աշխատանքներ տանել, որպեսզի, ի վերջո, Ադրբեջանը կյանքի կոչի այն պարտավորությունները, որոնք ինքը միջազգայնորեն ստանձնել է», - ասաց փոխարտգործնախարարը։

Հարցին, թե եղե՞լ է նախաձեռնություն հայկական կողմից անձամբ դիմել Ադրբեջանին՝ այս բեռները Ստեփանակերտ հասցնելու համար, Կոստանյանը պատասխանեց․ - «Նման նախաձեռնություն չի եղել։ Սակայն, այս ամիսների ընթացքում՝ դեկտեմբերից սկսած, բոլոր հանդիպումների ժամանակ մշտապես հայկական կողմը բարձրացրել է Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցը»։

Երկրորդ օրն է պաշարված Արցախ հումանիտար բեռներ տեղափոխող մեքենաներն անշարժ կանգնած են Կոռնիձորում՝ հայկական անցակետի մոտ։

Մինչև ճանապարհ ընկնելը բեռնատարները Երևանում բացվել էին օտարերկրյա դիվանագետների ներկայությամբ, դեսպանները ծանոթացել էին ապրանքատեսակներին։

400 տոննա մարդասիրական օգնությունը հուլիսի 26-ի առավոտյան է19 բեռնատարով Երևանից շարժվել դեպի Արցախ, հասել Սյունիքի Կոռնիձոր գյուղ, որտեղ նախատեսված է բեռը ռուս խաղաղապահների միջոցով տեղափոխել 227 օր շրջափակման մեջ գտնվող արցախցիներին, սակայն, ռուսական կողմից դեռ պատասխան չկա։

Պաշտոնական Բաքուն արդեն հայկական կողմին մեղադրել է առանց իրենց հետ համաձայնության ավտոշարասյուններ Լեռնային Ղարաբաղ ուղարկելու մեջ՝ սա համարելով «ոտնձգություն» ու «սադրանք» «իր տարածքային ամբողջականության» հանդեպ։

Բաքվին Երևանն արձագանքել է՝ «Լեռնային Ղարաբաղ ուղարկված 360 տոննա կենսական նշանակություն ունեցող սննդամթերքը բացառապես մարդասիրական նպատակներով է»։ Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ Ադրբեջանը խոչընդոտում է հումանիտար բեռների մուտքը Լաչինի միջանցք և Արցախ՝ շեշտելով՝ հումանիտար բեռի մուտքը թույլ չտալն ընդամենը կհաստատի ԼՂ-ում ցեղասպանության Բաքվի մտադրությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG