Մատչելիության հղումներ

«Այն հնարավորություն ունի բեկում մտցնելու»․ Սերժ Սարգսյանի նամակը հանրապետականները հանձնել են ՌԴ, Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանատներին


Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի բաց նամակը հանրապետականները երեկ հանձնել են Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանատներին՝ ակնկալելով, որ ղարաբաղյան հակամարտությամբ ավելի քան երեք տասնամյակ զբաղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները գործուն քայլեր կանեն՝ Արցախում հումանիտար աղետը կանխելու համար։

«Հաշվի առնելով նամակում տեղ գտած պնդումները, բարձրաձայնումները և հանրային այն լայն աջակցությունը և ոգևորությունը, որն առկա է նամակի հետ կապված, վստահ եմ, որ այն հնարավորություն ունի բեկում մտցնելու առկա իրավիճակում՝ թե՛ ներքաղաքական, թե՛ աշխարհաքաղաքական համատեքստում», - «Ազատությանն» ասաց Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանը։

Սերժ Սարգսյանը Ջո Բայդենին, Վլադիմիր Պուտինին ու Էմանյուել Մակրոնին հղած բաց նամակում գրել է. - «Դիմում եմ, որ ասեմ՝ այն, ինչ հիմա կատարվում է Արցախում, տանում է սարսափելի աղետի: Դիմում եմ, որ խնդրեմ ապրելու հնարավորություն տալ արցախցիներին»։

Սարգսյանը համանախագահող երկրների ղեկավարներին է հիշեցրել բանակցային գործընթացի մասին մինչև 2018 թվականը, երբ ինքն էր Հայաստանի նախագահը և ընդգծել՝ հարցը դեռ լուծված չէ, ավելին՝ խնդիրներն ավելի են խորացել, պնդել՝ վարչապետ Փաշինյանը չունի ժողովրդի քվեն՝ Արցախը ճանաչելու որևէ այլ երկրի կազմում և արցախցիների կողմից էլ բացարձակապես չունի քվե՝ ինքնակամ որոշելու նրանց ճակատագիրը:

«Դիմում եմ ձեզ՝ նախևառաջ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների, որպես առաջնորդների, ովքեր անձամբ գիտեն, թե ինչ հանգրվանում էր արցախյան խնդրի լուծման բանակցային գործընթացը մինչև 2018 թվականը, երբ մեր հասարակությունը հուզական ընտրություն կատարեց և իշխանությունը հանձնեց պետության ընկալման հետ որևէ աղերս չունեցող գործչի», - գրել էր Սարգսյանը:

Հանրապետականի գերագույն մարմնի անդամ, պատգամավոր Հայկ Մամիջանյանի խոսքով՝ հույս ունեն, որ երրորդ նախագահի բաց նամակը արդյունք կտա։

Հայկ Մամիջանյան
Հայկ Մամիջանյան

«Հաշվի առնելով բանակցային փորձը նախագահ Սարգսյանի և այն փաստը, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահները հինգ հայտարարություն են ունեցել, որոնց ոգուց բխում է թե՛ Արցախի ինքնորոշման իրավունքը, թե՛ ուժի կիրառմամբ կամ ուժի սպառնալիքի կիրառմամբ խնդրի լուծման անելանությունը, մեր ակնկալիքն է, որ խմբի համանախագահ երկրների ղեկավարները հետամուտ կլինեն իրենց հայտարարությունների իրագործմանը», - ասաց Մամիջանյանը։

Հայաստանը տասը տարի ղեկավարած Սարգսյանը վերջերս ասել էր, թե չի կարծում, որ վիճակն անելանելի է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին Արցախի հարցում վարած քաղաքականության համար կոշտ քննադատող Հանրապետականում կարծում են, որ այս իրավիճակի լուծումը Փաշինյանի հեռացումն է։ Իշխանությունից հակադարձում են՝ վարչապետը ստացել է ժողովրդի մանդատը՝ հանուն խաղաղության օրակարգի բանակցելու, պնդում են նաև, թե Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչել են դեռ նախորդ իշխանությունները՝ իրենց բանակցած, բայց չստորագրված տարբերակներով։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG