Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը դիմում է Բայդենին, Պուտինին և Մակրոնին


ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախի շրջափակման խնդրի մասին ահազանգելով, բաց նամակով դիմել է Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներին։

Յոթ ամսից ավելի տևող Արցախի շրջափակումը սկսել է կյանքեր խլել՝ մեծերի ու մանուկների, հասարակ մարդկանց, որոնց միակ մեղքն այն է, որ ծնվել ու ապրում են իրենց ու իրենց պապերի հողի վրա և սիրում են կյանքը, նշել է Սերժ Սարգսյանը։

«Այսօր 120 հազար արցախցիների ֆիզիկական գոյությունը բառի բուն իմաստով վտանգի տակ է: Մենք ձեզնից յուրաքանչյուրի հետ բազմաթիվ առիթներով խոսել ենք 1915 թվականին տեղի ունեցածի՝ Հայոց ցեղասպանության և դրա հետևանքների մասին: Այսօր՝ 108 տարի անց, մենք շատ մոտ ենք այդ ահասարսուռ իրադարձությունների կրկնությանը ժամանակակից մեթոդներով:

Դիմում եմ ձեզ՝ նախևառաջ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների, որպես առաջնորդների, ովքեր անձամբ գիտեն, թե ինչ հանգրվանում էր Արցախյան խնդրի լուծման բանակցային գործընթացը մինչև 2018 թվականը, երբ մեր հասարակությունը հուզական ընտրություն կատարեց և իշխանությունը հանձնեց պետության ընկալման հետ որևէ աղերս չունեցող գործչի: Ես հասկանում եմ, որ շատ-շատերը հնարավորություն ստացան փորձելու լուծել Արցախի խնդիրը՝ օգտվելով այդ մարդու՝ սեփական երկրի շահերի հետ կապ չունեցող անտրամաբանական քայլերից», - գրել է Սարգսյանը:

Միաժամանակ նա նկատել է՝ փաստ է, որ և՛ հարցը չի լուծվել, և՛ խնդիրներն են շատ ավելի խորանում, իսկ վարչապետ Փաշինյանն էլ այսօր հստակորեն չունի ժողովրդի քվեն՝ Արցախը ճանաչելու որևէ այլ երկրի կազմում և արցախցիների կողմից էլ բացարձակապես չունի քվե՝ ինքնակամ որոշելու իրենց ճակատագիրը:

Որպես նախկին գործընկեր դիմելով երեք երկրների առաջնորդներին՝ ՀՀ նախկին ղեկավարը նշել է. - «Դիմում եմ, որ ասեմ՝ այն, ինչ հիմա կատարվում է Արցախում, տանում է սարսափելի աղետի: Դիմում եմ, որ խնդրեմ ապրելու հնարավորություն տալ արցախցիներին։

Թելադրող կողմի ամեն բավարարված պահանջ ծնելու է նորը՝ էլ ավելի դժվար բավարարելի, ու այս ամենը շարունակվելու է անվերջ և ուղեկցվելու է մեծ աղետներով: Լռել կամ շատ ավելի ժամանակ չհատկացնել Արցախի հարցին այսօր նշանակում է, որ շատ շուտով ձեր երկրները ստիպված սկսելու են ժամանակ հատկացնել արդեն «Հայաստանի հարցին»:

Խնդրում եմ ձեզ, ամեն ինչից առաջ կանգնեցրե՛ք հումանիտար աղետը Արցախում. ես հավատում եմ, որ դուք դա կարող եք անել: Ստիպե՛ք դիկտատորին բացել կյանքի ճանապարհը. հայասպանությունը կենսակերպ դարձրած ֆաշիստը չի՛ կարող մշտապես արհամարհել լրջագույն միջազգային կառույցների և երկրների հստակ ուղերձները: Կանգնեցրե՛ք արհավիրքը, ապահովե՛ք արցախցիների տարրական մարդկային կեցության պայմանները, երաշխավորե՛ք դրանք, այնուհետև անցեք դիվանագիտական լուծումներ գտնելու ջանքերին, խնդրում եմ ձեզ:

Վաղը կարող է ուշ լինել», - եզրափակել է նա:

Հունիսի 22-ից ադրբեջանական իշխանությունները բետոնե արգելապատնեշներով արգելափակել են ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից հումանիտար օգնության մատակարարումը՝ սրելով Արցախում մարդասիրական իրավիճակը (հումանիտար օգնության տրամադրումը արգելափակվել է դեռևս հունիսի 15-ից)։ Չնայած նրան, որ այս պահի դրությամբ բետոնե պատնեշը հանվել է, սակայն մարդասիրական օգնության (առաջին անհրաժեշտության պարագաների և պարենային ապրանքների) մատակարարումը շարունակում է արգելափակված լինել Ադրբեջանի իշխանությունների կողմից։

XS
SM
MD
LG