Մատչելիության հղումներ

ՌԴ պաշտոնյան Հայաստանին խորհուրդ է տալիս ուսումնասիրել Հռոմի ստատուտին միանալու հետևանքները. Երևանի արձագանքը


Հայաստանի Ազգային ժողովը պետք է ուսումնասիրի Պուտինին կալանավորելու որոշում կայացրած Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը՝ Հռոմի ստատուտը վավերացնելու հետևանքները և գնահատի դրա ռիսկերը Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների համար. Ռուսաստանի և Հայաստանի խորհրդարանների համագործակցության հանձնաժողովի նիստում հայտարարել է Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի փոխնախագահ Յուրի Վորոբյովը։

«Ինչպես հասկանում ենք, դա նշանակում է, որ Հայաստանը ճանաչում է Հաագայի դատարանի իրավասությունը նրա վարած բոլոր գործերի առնչությամբ: Մենք ելնում ենք նրանից, որ մեր հայ գործընկերների այս քայլը հակառուսական ենթատեքստ չունի, բայց, այնուամենայնիվ, գործնականում այն էական վնաս է հասցնում ռուս-հայկական հարաբերություններին: Մենք կոչ ենք անում մեր դաշնակիցներին ևս մեկ անգամ ուշադիր դիտարկել Հռոմի կանոնադրությանը միանալու հետևանքները և գնահատել հնարավոր ռիսկերը Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների համար։ Այս դեպքում դիմում եմ խորհրդարանականներին»,- ասել է նա։

Վորոբյովի խոսքով՝ այժմ երկխոսություն է ընթանում Ռուսաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև։

Հայաստանի սահմանադրական դատարանը 2023 թվականի մարտի 24-ին որոշել էր, որ Հռոմի կանոնադրությունը չի հակասում երկրի հիմնական օրենքին։ Հունիսի 17 -ին կառավարությունից հայտնել էին, որ Հռոմի կանոնադրությունն առաջիկայում կներկայացվի Ազգային ժողով՝ վավերացման, առանց հստակեցնելու, թե կոնկրետ երբ։ Իսկ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հունիսի 22-ին հայտարարել էր, որ դա շաբաթների հարց է:

Հարցին անպայման կգտնվի իրավական լուծում. ԱԺ փոխխոսնակ

Հայաստանի Ազգային ժողովի մամուլի ծառայությունից հայտնում են, որ խորհրդարանում չեն ստացել Հռոմի կանոնադրությունը: Իսկ Ազգային ժողովի փոխխոսնակ Հակոբ Արշակյանը Յուրի Վորոբյովի հնչեցրած մտահոգությանն ի պատասխան` հայտնել է, որ Հռոմի ստատուտի ընդունման հարցն ակտիվ քննարկման փուլում է Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարության փորձագիտական շրջանակներում, և այն ոչ մի կերպ ուղղված չէ Ռուսաստանի դեմ, այլ ծառայելու է Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական ոտնձգությունները կանխարգելելուն։

Ազգային ժոովի փոխխոսնակը առանց հստակ մանրամասների համոզմունք է հայտնել, որ հարցին անպայման կգտնվի իրավական լուծում, որն ընդունելի կլինի Հայաստանի ու Ռուսաստանի համար: Արշակյանը նաև ընդգծել է, որ ստատուտի վավերացման գործընթացը սկսվել է շատ ավելի վաղ, քան Միջազգային դատարանի կողմից Ռուսաստանի նախագահի նկատմամբ կայացված որոշումը:

«Տվյալ հանգամանքը փաստում է, որ գործընթացը ոչ մի կերպ չէր կարող և չի կարող ուղղված լինել Ռուսաստանի դեմ», - շեշտել է Արշակյանը:

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ևս միջխորհրդարանական հանձնաժողովում է, սակայն չի մեկնել Իրկուտսկ, որտեղ ընթանում է հանձնաժողովի նիստը, ի նշան բողոքի, որ խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին չեն ընդգրկել այդ խմբում: «Ազատության» հետ զրույցում ասաց՝ իրենց կարծիքն արդեն արտահայտել են Հռոմի ստատուտի վերաբերյալ, ավելացնելու ոչինչ չունեն:

Ավելի վաղ Գեղամ Մանուկյանն ասել էր, որ Հռոմի կանոնադրության վավերացումը «կրակի վրա յուղ լցնել» է և կարող է լարել առանց այդ էլ ճգնաժամում գտնվող ռուս-հայկական հարաբերությունները։

Սա ավելի շուտ կառաջացնի քաղաքական, քան թե իրավական հետևանքներ. Արա Ղազարյան

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը համոզված է, որ Հռոմի կանոնադրությանը միանալու դեպքում Հայաստանը ստիպված կլինի ձերբակալել Ռուսաստանի նախագահին, եթե նա ժամանի Երևան։ Այս հարցը ոչ միայն իրավական, այլև քաղաքական հետևանքներ կարող է ունենալ, և Հայաստանը պետք է դա հաշվի առնի՝ ըստ նրա։

«Ռուսաստանը կուղարկի Հայաստանին հղում, եթե ոչ զգուշացում, որ եթե դուք վավերացնեք, ապա հակասության մեջ եք հայտնվելու և՛ իրավական դաշտում, և՛ քաղաքական դաշտում Ռուսաստանի հետ, որը ավելի շուտ կառաջացնի քաղաքական, քան թե իրավական հետևանքներ, այսինքն՝ Ռուսաստանը, իսկ ապագայում դեռ այնտեղ տարբեր-տարբեր դրվագներով, Բուչայի դրվագով և պատերազմական այլ հանցագործությունների դրվագներով դեռ հետաքննություններ են անցկացվում, և չի բացառվում, ասենք, գեներալների դեմ, պաշտոնատար տարբեր անձանց դեմ հանրային քրեական հետապնդում հարուցվի։

Դատարանն արդեն պարզաբանում տվել է հենց Պուտինի վերաբերյալ, որ երկրները պարտավորություն են կրում, բայց միակ ուղին այն է, որ վարերացնել, հետո չկատարել պարտավորությունները դատարանի առջև։ Այդ կետով վերապահում չկա, դատարանի ամենաուժգին գործիքներից մեկը հորիզոնական քրեական հետապնդումն է, օրինակ՝ նույն Հայաստանը եթե իմանա, որ դատարանին անդամակցող պետությունները վաղը, մյուս օրը ադրբեջանցի որոշ պատերազմի հանցագործներին չեն հանձնելու դատարանին, բնականաբար Հայաստանը ցանկություն չի ունենա օգտագործել այդ գործիքը, իսկ Հայաստանը հետաքրքրված է հենց այդ գործիքին միանալու այն հիմքով, որ 123 պետություններ պարտավորված կլինեն ասենք Ադրբեջանի պատերազմի հանցագործություններին հանձնել դատարանին», - պարզաբանեց Արա Ղազարյանը։

Հաագայի Միջազգային քրեական դատարանը Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել փետրվարին: Օրերս Պուտինը չմեկնեց Հարավաֆրիկյան Հանրապետություն BRICS-ի գագաթնաժողովին մասնակցելու, այդ երկիրը ևս վավերացրել է Հռոմի ստատուտը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG