Մատչելիության հղումներ

ԱԺ ընդդիմադիրները դեռ որոշում չունեն՝ կո՞ղմ, թե՞ դեմ են լինելու Հռոմի կանոնադրության վավերացմանը


Նիդերլանդներ - Միջազգային քրեական դատարանի շենքը Հաագայում, արխիվ
Նիդերլանդներ - Միջազգային քրեական դատարանի շենքը Հաագայում, արխիվ

Ազգային ժողովի ընդդիմադիր երկու ուժերը դեռ որոշում չունեն՝ կո՞ղմ, թե՞ դեմ են լինելու Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացմանը։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, սակայն, բարձր դատարանի որոշումը, ըստ որի՝ միջազգային համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Սահմանադրությանը, աննախադեպ ու անհիմն է համարում։ Մինչդեռ երեկ բարձր դատարանի նախագահը հիմնավորել էր, թե սահմանադրական երկու փոփոխություններից հետո իրավիճակ է փոխվել։

«Իրականում, թեև Սահմանադրությունը 2004-ից հետո փոխվել է, բայց այն հիմնական դրույթները, որի հիման վրա Սահմանադրական դատարանը այն համարել էր հակասահմանադրական, այդ կետերի բովանդակության բուն իմաստը չի փոխվել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մանուկյանը՝ շարունակելով. - «Բայց, թերևս, հասկանալի է՝ սա արդեն ՔՊ-ական Սահմանադրական դատարանն է, զեկուցողը Վահե Գրիգորյանն էր...»:

Հայաստանի կառավարությունն անցած տարվա վերջին նիստում էր հայտարարել Հռոմի կանոնադրության գործընթացը սկսելու մասին։ Իշխանությունները դա հիմնավորում են Ադրբեջանի ագրեսիվ գործողություններով, հայտարարում, որ այդ փաստաթղթի վավերացման դեպքում Հայաստանը կարող է Ադրբեջանի կողմից կատարված հանցագործությունների համար հայցեր ներկայացնել Բաքվի դեմ։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, մասնավորապես, հայտարարել է. - «Օրինակ, նույն մեր հարևան երկրի պաշտպանության նախարարին փորձենք Հաագայի դատարանի առջև կանգնեցնել՝ մեզ դա պետք ա՞, թե՞ պետք չի, իհարկե պետք ա. այդ ռազմական հանցագործությունները, կամ, օրինակ, որ բերել էին այդ վարձկաններին մեր դեմ: Մի խոսքով՝ մեզ պետք ա՞ դա, մեր երկրին, թե՞ պետք չի: Այսինքն՝ մենք պետք ա աչք փակե՞նք Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի վրա և որևիցե մեկին չկարողանանք միջազգային պատասխանատվության ենթարկե՞լ»:

Մինչդեռ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունում կասկածում են, թե միջազգային դատարանը կկարողանա Բաքվին պարտադրել կատարել իր որոշումները։ Ադրբեջանը չի վավերացրել Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը։

«Բազմաթիվ հարցեր են առաջ բերում, որը դեռ քննարկման կարիք է ունենալու», - նշեց Գեղամ Մանուկյանը:

Դաշնակցական պատգամավորը խնդրահարույց է համարում նաև հատկապես այս ընթացքում փաստաթղթի վավերացման գործընթացի շարունակումը՝ հաշվի առնելով, որ նույն Միջազգային քրեական դատարանը հետախուզում է հայտարարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ, ու նրա ձերբակալության որոշումը կա։

Ընդդիմադիր մյուս՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր նախընտրեց գնահատական չտալ, թե ինչ քաղաքական ազդեցություն կունենա այդ փաստաթղթի վավերացումը ռուս-հայկական հարաբերությունների վրա։

«Հայ-ռուսական հարաբերությունների պատասխանատուն այս պահին իշխանություններն են, և ես բազմիցս արտահայտել եմ իմ կարծիքը, թե ինչպես են իրենք սիստեմատիկ կերպով փչացնում Հայաստանի Հանրապետության արտաքին բոլոր կապերը, այդ թվում նաև՝ մեր ռազմավարական դաշնակցի հետ կապերը, բայց՝ ոչ միայն», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Մամիջանյանը:

Ինչ վերաբերում է գործընթացի «այսպես ասած՝ քաղաքական հնչեղության հարցին», ընդդիմադիր պատգամավորը կարծում է՝ դրա վերաբերյալ մեկնաբանություն պետք է տա իշխանությունը, իրենց խմբակցությունում այդ հարցը դեռևս չի քննարկվել:

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն օրեր առաջ խնդրահարույց չէր համարել միջազգային փաստաթղթի վավերացման գործընթացը։ Նա շեշտել էր՝ իշխանությունների քայլը որևէ մեկի դեմ կամ կողմ չի ուղղված. - «Հայաստանի Հանրապետությանը պետք ա այս որոշումը և պետք ա այդ համաձայնագրին միանալը»:

Շաբաթասկզբին խորհրդարանում լրագրողները հետաքրքրվել էին՝ եթե Հայաստանը վավերացնի համաձայնագիրը, իշխանությունները քաղաքական կամք կունենա՞ն Պուտինին ձերբակալելու համար, ԱԺ խոսնակը հարցին ուղիղ չէր պատասխանել։

«Եկեք հլը մի հատ վավերացնենք, վերջացնենք, Ռուսաստանի նախագահը գա, մի հատ հասկանանք… Կիկոսի մահի վերաբերյալ ես մեկնաբանություններ չեմ տալիս… Ինձ հետաքրքիր է՝ հիմա որ գնա ուրիշ երկիր, որևիցե, ես ֆիզիկապես դա չեմ պատկերացնում, անկեղծ ասած, իրագործումը որևէ երկրում, չգիտեմ՝ Կանադայում....», - ասել էր Սիմոնյանը:

Հռոմի կանոնադրության վավերացման համար միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ձայները բավական են։ Սակայն Սահմանադրական դատարանի որոշումից հետո իշխանականները դեռ չեն հստակեցրել՝ երբ փաստաթղթի վավերացման գործընթաց կսկսեն ու արդյոք կողմ կլինեն դրան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG