Մատչելիության հղումներ

Իվանիշվիլին վերջին մեկ տարում 600 միլիոն դոլարով հարստացել է. Bloomberg

Վրաստանի ամենահարուստ մարդու՝ երկրի նախկին վարչապետ և իշխող ուժի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի ունեցվածքը վերջին մեկ տարվա ընթացքում ավելացել է 600 միլիոն դոլարով, այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը։

67-ամյա Իվանիշվիլիի կարողությունն, ըստ լրատվամիջոցի, այսօրվա դրությամբ գնահատվում է 6,2 միլիարդ դոլար, և այդպիսով, աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում նա զբաղեցնում է 411-րդ հորիզոնականը։

Գործարարը Վրաստանում իր քաղաքական գործունեությունը սկսել է 2011 թվականին՝ ստեղծելով «Վրացական երազանք» ընդդիմադիր կոալիցիան, որը ամիսներ անց հաղթել է խորհրդարանական ընտրություններում։ Մոտ մեկ տարի կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցնելուց հետո Իվանիշվիլին հրաժարական տվեց, թողնելով նաև կուսակցության առաջնորդի պաշտոնը՝ խոստանալով հեռանալ քաղաքականությունից։

2018 թվականին, սակայն, նա վերընտրվել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ՝ հայտարարելով, որ քաղաքականություն վերադառնալու որոշումը բավականին բարդ է եղել և մաս չի կազմել իր ծրագրերին։ Այդ քայլի հիմնական պատճառը, ինչպես հավաստիացնում էր Իվանիշվիլին, «Վրաստանն է, վրաց ժողովուրդը, նրա բարեկեցությունն ու արժանի ապագան»։ 2021 թվականի հունվարին մեծահարուստ քաղաքական գործիչը երկրորդ անգամ հայտարարեց քաղաքականությունից հեռանալու մասին և մինչ օրս չի հայտնվել հանրության առջև։

Վրաց ընդդիմադիրները պնդում են, որ նա շարունակում է երկիրը կառավարել կուլիսներից։

XS
SM
MD
LG