Մատչելիության հղումներ

Իվանիշվիլին հայտարարում է քաղաքականությունից ընդմիշտ հեռանալու մասին


Բիձինա Իվանիշվիլի, արխիվ

Վրաստանի իշխող կուսակցության հիմնադիր և առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին հայտարարում է քաղաքականությունից ընդմիշտ հեռանալու մասին։

«Ես որոշում եմ կայացրել ընդմիշտ լքելու կուսակցությունը և ամբողջովին հեռանալու դրա կառավարումից։ Ես լքում եմ ինչպես կուսակցության նախագահի պաշտոնը, այնպես էլ կուսակցությունը և վերադառնում են սովորական կյանքին, ինչպես եղել է մինչև 2011 թվականը», - ասվում է Իվանիշվիլիի նամակում, որը հրապարակվել է «Վրացական երազանք» կուսակցության պաշտոնական կայքէջում։

Իվանիշվիլիի կուսակցությունը 2020 թվականին կրկին հաղթել է ընտրություններում՝ ստանալով քվեների ավելի քան 48 տոկոսը։ Ընդդիմությունը, մինչդեռ, չի ընդունում ընտրությունների արդյունքները։

Իշխող ուժի առաջնորդի ընդդիմախոսները Իվանիշվիլիի առաջնորդած կուսակցությանը նաև մեղադրում են ռուսամետ քաղաքականության մեջ, ինչը իշխանությունները հերքում են։

Միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին քաղաքականություն մուտք գործելու մասին հայտարարել է 2011-ի աշնանը: Մեկ տարի անց նրա ստեղծած «Վրացական երազանք» դաշինքը հաղթել է երկրում կայացած խորհրդարանական ընտրություններում, և Վրաստանում, ըստ էության, տեղի է ունեցել անցնցում, խաղաղ իշխանափոխություն: Մեկ տարի գլխավորելով վրացական կառավարությունը՝ Իվանիշվիլին որոշեց հրաժարական տալ և հեռանալ քաղաքականությունից, հայտարարելով, թե իր հիմնական խնդիրը կատարել է: Անցած 7 տարիների ընթացքում, սակայն, Վրաստանի ընդդիմությունը պնդում էր, թե իրականում հենց Իվանիշվիլին է երկրի ստվերային ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG