Մատչելիության հղումներ

Առևտրային ապրանքներ տեղափոխել փորձող 4 վարորդները ԿԽՄԿ աշխատակիցներ չեն, նրանց հետ պայմանագրերը խզվել են․ ԿԽՄԿ


ԿԽՄԿ-ին պատկանող որևէ փոխադրամիջոցում որևէ չարտոնված իր չի հայտնաբերվել, այսօր հայտարարել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն՝ շեշտելով՝ փոխադրվող ողջ բեռը ենթակա է մաքսային ստուգման Ադրբեջանի Հանրապետության կողմից։

Կոմիտեն միևնույն ժամանակ նշում է, որ առանց իրենց իմացության վարձու չորս վարորդ փորձել են առևտրային նշանակության ապրանքներ տեղափոխել սեփական փոխադրամիջոցներով, որոնց վրա ժամանակավորապես փակցված է եղել ԿԽՄԿ տարբերանշանը։

Ըստ հաղորդման՝ նշված անձինք չեն եղել ԿԽՄԿ աշխատակիցներ, և նրանց հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրերն անմիջապես խզվել են։

Ընդգծելով, որ Լաչինի միջանցքի երկայնքով ԿԽՄԿ աշխատանքը մշտապես և բացառապես մարդասիրական բնույթ ունի՝ կոմիտեն տեղեկացնում է, որ կենսական նշանակության այդ աշխատանքի շրջանակներում ավելի քան 600 բուժառու է տեղափոխվել Հայաստան՝ անհետաձգելի բուժօգնություն ստանալու նպատակով, ինչպես նաև բժշկական պարագաներ, սնունդ, մանկական կեր և առաջնային նշանակության այլ իրեր են փոխանցվել տեղական բուժհիմնարկներ և ընտանիքների։

«Պետք է, որ այդ աշխատանքները շարունակվեն։ Մեր գործունեությունը մշտապես փոխհամաձայնեցվում է կողմերի հետ և հազարավոր մարդկանց կյանքի վրա կենսական ազդեցություն ունի», - ասված է հաղորդագրությունում։

Այսօր առավոտյան Բաքուն հաղորդեց, թե «Լաչին» անցակետում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով փորձեր են արվել մաքսանենգ ճանապարհով հայերի համար տարբեր տեսակի մաքսանենգ ապրանքներ տեղափոխել Ադրբեջանի Ղարաբաղի շրջան»։

Ըստ հաղորդագրության՝ անցակետի գործունեությունը կասեցվել է, «մաքսանենգության բոլոր փաստերը տեղում փաստագրված են օպերատիվ նկարահանման միջոցով»:

XS
SM
MD
LG