Մատչելիության հղումներ

Ադրբեջանը դարձյալ ամբողջապես փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը


Ադրբեջանը դարձյալ ամբողջապես փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Այսօրվանից նաև Ստեփանակերտից Երևան ծանր հիվանդներ տեղափոխող Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաների տեղաշարժն է արգելվում Հակարիի կամրջով։

Բաքվից հայտնում է, թե «Լաչին» անցակետում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով հուլիսի 1-ին, 3-ին, 5-ին փորձեր են արվել մաքսանենգ ճանապարհով տարբեր տեսակի ապրանքներ տեղափոխել Լեռնային Ղարաբաղ։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը նաև տեսանյութ է հրապարակել, որում, ի թիվս այլ ապրանքների, երևում է մեքենաներից մեկում բարձված բանջարեղենը, որ այս օրերին շուրջ մեկ ամիս սննդի մատակարարումներից զրկված Արցախում ճոխություն է։

Հաղորդագրության համաձայն, «ապօրինի բեռների մեջ եղել են, մասնավորապես, ծխախոտ, բջջային հեռախոսների էկրաններ, բենզին»:

«Չնայած նրան, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն պաշտոնական ուղիներով նախազգուշացվել է այդ մասին, անօրինական գործողությունները կրկնվել են, և դրանք զսպելու համար անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկվել», - ասվում է հաղորդագրությունում։

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայություն տեղեկացնում է, թե հարուցվել է քրեական գործ, անցակետը փակվել է մինչև քննության ավարտը:

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն, ժամեր անց արձագանքելով Բաքվի մեղադրանքներին, այսօր հայտարարեց՝ իրենց պատկանող որևէ փոխադրամիջոցում որևէ չարտոնված իր չի հայտնաբերվել. - «Ցավում ենք, որ առանց մեր իմացության վարձու չորս վարորդ փորձել են առևտրային նշանակության ապրանքներ տեղափոխել սեփական փոխադրամիջոցներով, որոնց վրա ժամանակավորապես փակցված է եղել ԿԽՄԿ տարբերանշանը։ Նշված անձինք չեն եղել ԿԽՄԿ աշխատակիցներ, և նրանց հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրերն անմիջապես խզվել են ԿԽՄԿ-ի կողմից։ Լաչինի միջանցքի երկայնքով մեր աշխատանքը մշտապես և բացառապես մարդասիրական բնույթ ունի»։

Ստեփանակերտը դեռ չի արձագանքել Հակարիի կամուրջը փակելու Ադրբեջանի հերթական պատճառաբանությանը։

Արցախի իշխող «Ազատ հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը համոզված է, որ Ադրբեջանի համար սա հերթական առիթն էր Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը կրկին ամբողջապես փակելու համար. - «Ակնհայտ երևում է, որ Ադրբեջանը ուղղակի փնտրում էր էդպիսի պատրվակներ, որպեսզի վերջնականապես փակի նաև այդ միակ ճանապարհը, որով դեղամիջոցներ և բժշկական պարագաներ էին ներմուծվում»։

Իշխանական պատգամավորը շեշտում է, որ անցակետով որևէ արգելված բան չի տեղափոխվել՝ ո'չ թմրանյութ, ո'չ զենք։ Եղածը բենզին է, որ Արցախում սպառման եզրին է, ծխախոտներ, հեռախոսներ։

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը ևս անհիմն համարում Բաքվի մեղադրանքները՝ շեշտելով, որ միջանցքում մարդկանց, փոխադրամիջոցների ազատ տեղաշարժը նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ է ամրագրված։

Գեղամ Ստեփանյանը նաև անհասկանալի է համարում Կարմիր խաչի պնդումը, թե փոխադրվող ողջ բեռը ենթակա է մաքսային ստուգման Ադրբեջանի Հանրապետության կողմից. - «Նախ, դա իրենց հումանիտար առաքելության մեջ որևէ ձևով չի տեղավորվում, այսինքն՝ չկա սահմանված մաքսային ռեժիմ Լաչինի միջանցքով։ Ավելին, մինչև հունիսի 15-ը ռուսական խաղաղապահների ուղեկցությամբ ներկրվող ապրանքների նկատմամբ որևէ մաքսային վերահսկողություն չէր իրականացվում։ Եվ մաքսային որևէ վերահսկողություն ուղիղ հակասում է Լաչինի միջանցքին եռակողմ հայտարարությամբ տրված կարգավիճակին»։

Լաչինի միջանցքն ամբողջական փակելու Ադրբեջանի քայլին Հայաստանի արտգործնախարարությունից են անդրադարձել։ Գերատեսչության խոսնակը գրել է, որ ավելի շատ միջազգային ջանքեր և գործողություններ են անհրաժեշտ Լեռնային Ղարաբաղի 7-ամսյա շրջափակումը վերացնելու, էթնիկ զտումները կանխելու համար։

«Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ տեղադրելուց ի վեր Ադրբեջանը, հակառակ Արդարադատության միջազգային դատարանի որոշման, բազմիցս արգելել է անգամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տեղաշարժը՝ ներառյալ բժշկական տարհանումները», - գրել է Անի Բադալյանը։

Միայն Կարմիր Խաչի մեքենաների համար տեղաշարժը Հակարիի կամրջով վերականգնվել էր հունիսի 25-ից։ Մինչ այդ հունիսի 15-ից սկսած՝ անցակետին մոտ Հայաստանի տարածքում ադրբեջանական դրոշի տեղադրման կրակոցներով ուղեկցված միջադեպից հետո Ադրբեջանը արգելել էր բոլոր տեսակ փոխադրումները, այդ թվում՝ խաղաղապահների համար։

Ադրբեջանից որևէ տեղեկատվություն չկա, թե երբ կթույլատրեն Կարմիր խաչի մեքենաների երթևեկը։ Մինչ այդ Արցախից հայտնում են, որ 186 ծանր հիվանդ սպասում է Հայաստան տեղափոխվելու իր հերթին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG