Մատչելիության հղումներ

Արցախում զոհված 2 զինծառայողների դիերն այսօր ԿԽՄԿ-ի միջոցով տեղափոխվեցին Հայաստան


Ադրբեջանի հետ շփման գծում հրետանային ու ԱԹՍ հարվածներից զոհված չորս զինծառայողներից երկուսի դիերը 3 օր անց միայն` այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջոցով Արցախից Հայաստան տեղափոխվեցին։

«Մեր միջնորդությամբ հունիսի 28-ին զոհվածների երկու դիերը տեղափոխվեցին Հայաստանի Հանրապետություն՝ Լաչինի միջանցքով։ Սա արդյունք է որոշում կատարողների համաձյանության, այսինքն որոշում իրականացնողները համաձայնության են եկել, և այս գործընթացն այսօր տեղի է ունեցել, և մեր դերակատարությունն այս գործընթացում եղել է որպես չեզոք մարդասիրական միջնորդ», - ասաց ԿԽՄԿ-ի արցախյան առաքելության ներկայացուցիչ Էթերի Մուսայելյանը:

Բաքվից ևս հայտարարել են տղաների մարմինների տեղափոխության մասին՝ հրապարակելով նաև կարճ տեսանյութ Հակարիի կամրջից, որում Երևան տեղափոխվող քաղաքացիներն ու միջազգային կազմակերպության մեքենաներն են երևում։ Ադրբեջանական АPA-ն գրում է, որ դիերը դուրս են բերվել «համապատասխան ստուգումից հետո՝ զոհերի հարազատների ուղեկցությամբ»։ Պետական գործակալությունը չի թաքցնում, ավելին, շեշտվում է, որ տղաները հենց ադրբեջանական կրակից են զոհվել։

«Պայմաններ են ստեղծվել հունիսի 28-ին իրականացված «Վրիժառություն 2» գործողության ընթացքում զոհված երկու հայ զինծառայողների մարմինները Հայաստան տեղափոխելու համար», - գրել է լրատվամիջոցը։

20-ամյա Սամվել Թորոսյանի ու Երվանդ Թադևոսյանի մարմինը Հայաստան տեղափոխելու համար Ստեփանակերտից հունիսի 29-ին էին ռուս խաղաղապահներին ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեին դիմել։ Արցախից հայտնել էին, որ այդ հարցով բանակցություններ են ընթանում։ Ժամկետայիններից Սամվել Թորոսյանը, Ստեփանակերտի բնակիչ էր, նրա հարազատները տղային ցանկանում էին «Եռաբլուր»-ում հուղարկավորել, մյուս զոհված զինծառայողը Երվանդ Թադևոսյանը՝ Քաշաթաղի նախկին բնակիչ էր։ Նրա ծնողներն էլ պատերազմից հետո Հայաստան են տեղափոխվել։

Այսօր Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հայտնեց, որ տղաներին երկուսին էլ կհուղարկավորեն «Եռաբլուր»-ում։ Գեղամ Ստեփանյանը Ֆեյսբուքում գրել է, որ Ադրբեջանը շարունակում է կեղծ պնդումները, որ զոհված զինծառայողները Հայաստանի զինուժից են։ Դրանով, ըստ Արցախի օմբուդսմենի, ադրբեջանական կողմը հող է նախապատրաստում նոր հարձակումների համար: Ստեփանյանն ավելի ուշ հրապարակեց ժամկետայինների անձնական տվյալները՝ ծննդականները, ավարտական վկայականներն ու անձնագրերը, որոնք փաստում են՝ Սամվելը Ստեփանակերտից է, իսկ Երվանդը՝ Բերձորից՝ Լաչինից։

«Ինչ վերաբերում է Արցախի Պաշտպանության բանակի շարքերում իբր ՀՀ քաղաքացիների (բնակիչների) զինծառայության վերաբերյալ ադրբեջանական կեղծ պնդումներին, ապա Մարդու իրավունքների պաշտպանի շարունակական փաստահավաք ջանքերը վկայում են, որ 2021թ. ի վեր Արցախում զինծառայություն են իրականացնում միայն Արցախի Հանրապետության քաղաքացիներն ու բնակիչները: Ուստի, միջազգային հանրության պատասխանատու դերակատարների ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքի վրա, որ ադրբեջանական կողմը, խրախուսված շրջափակման ու ռազմական ագրեսիաների անպատժելիությամբ, նոր պատրվակներ է փնտրում Արցախի ժողովրդի հանդեպ հերթական հանցավոր գործողությունների իրականացման համար»,- գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը։

Հունիսի 28-ին զոհված մյուս երկու արցախցիներին՝ 36-ամյա Գագիկ Բալայանն ու 54-ամյա Արմո Աբգարյանին հարազատները երեկ հրաժեշտ տվեցին։ Երկու զոհերն էլ Արցախի Մարտունու շրջանի Գիշի գյուղից էին, բազմանդամ ընտանիքների հայրեր։

Ադրբեջանական կողմը ոչ միայն խոչընդոտում է դիերի տեղափոխումը Լաչինի միջանցքով, այլև կես ամսից ավելի՝ սննդի, դեղորայքի մատակարարումները, որ ռուս խաղաղապահների միջոցով էին իրականացվում ավելի քան կես տարի շրջափակված Արցախում։

Ադրբեջանական կողմը հունիսի 15-ի՝ ադրբեջանական դրոշի տեղադրման՝ կրակոցներով ուղեկցված միջադեպից հետո նաև խաղաղապահների տեղաշարժն է արգելում Հակարիի կամրջով։ Կիրակի օրվանից միայն Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն է հիվանդներ տեղափոխում միջանցքով։ Նույն ընթացքում Բաքվից շարունակում են հայկական կողմերին մեղադրել հրադադարի խախտումների համար, սպառնալ ոչնչացնել Արցախում գործող Պաշտպանության բանակը։ Ադրբեջանական կողմի պնդումները Ստեփանակերտն ու Երևանը հերքում են՝ իրենց հերթին հաղորդելով խախտումների մասին։

Այս շաբաթ Արցախից պարբերաբար հաղորդում էին, որ Ադրբեջանի զինուժը թիրախավորում է նաև Արցախի բնակավայրերն ու գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվող գյուղացիներին, գյուղտեխնիկան։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG