Մատչելիության հղումներ

Արցախում առաջին անհրաժեշտության ապրանքները խիստ դժվարությամբ են ճարվում՝ բազմակի թանկ


Ավելի քան կես տարի շրջափակման մեջ ու շուրջ 20 օր առանց սննդի ու դեղորայքի մատակարարումների ապրող Արցախում առաջին անհրաժեշտության ապրանքներն արդեն խիստ դժվարությամբ են ճարվում՝ բազմակի թանկ։

Ստեփանակերտի բնակիչ Սիլվա Խաչատրյանն ասում է՝ նույնիսկ Արցախում արտադրվող մթերքն ու կարկտահարված մրգերը վերավաճառողներն անտրամաբանական բարձր գներով են վաճառում։

«Էդ անամոթները առավոտ ծեգին գնում են աշխատող, չարքաշ գյուղացիներից առնում են մթերքները՝ միրգ, բանջարեղենը, որ ահավոր պակաս ա, առհասարակ միրգ չկա Արցախում, էն տեղական միրգն էլ կարկուտը տարավ: Կարկտաթակ եղած այդ խայտառակ մրգերը, որ, շատ ներողություն, խոզն էլ կխռովի, չի ուտի, չեչոտ ծիրան, փոքր, մանր, դառը, 3000 դրամ, 2500 դրամ՝ դառը, թթու խնձոր, մանր, շլորի չափ: Խայտառակ գներ են կրակում վերավաճառողները», - ներկայացրեց Խաչատրյանը:

Արցախի պետնախարարը երեկ հայտարարել է, որ անչափահաս ունեցող ընտանիքներին շաքարավազ ու ձեթ կտրամադրվի։ Գուրգեն Ներսիսյանն անդրադարձել է նաև վերավաճառողների կողմից գների ուռճացմանը։

«Երբ մենք առաջնահերթ, այսպես ասած, մեղք տեսնում էինք և կարծում էինք, որ հիմնականում վերավաճառողների քայլերի, գործողությունների հետևանքով է դա առաջացել, բայց մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ որոշակի չարաշահումներ, այսպես ասած, թույլ են տալիս նաև գյուղացիները, հենց արտադրողները: Դրա համար մենք հիմա ուզում ենք, հենց այդ բանակցային գործընթացն ուղղված է նրան, որպեսզի փորձենք խնդիրը կարգավորել հենց արտադրողի մոտ», - նշեց Ներսիսյանը:

Ստեփանակերտցի Սիլվա Խաչատրյանն արդեն սպառում է Երևանից ստացած լվացքի պարագաների պաշարը։ Դեղն ու ձեթն էլ, ասում է, գրեթե կրկնակի կամ եռակի թանկ են վաճառում խանութներում։

«Շաքարավազ չկա խանութներում, լվացող պարագաներ՝ օճառից, լվացքի փոշուց ոչ մի բան չկա խանութներում, կոնֆետները 5 անգամ թանկացած: Արևածաղկի սերմը վերջին անգամ 2 տարի առաջ եմ առել, պատերազմից հետո եկել եմ 10 օր Երևանում շունչ քաշել հետ եկել, ինձ հետ բերել եմ արևածաղկի սերմ, որը Մալաթիայում արժեր 950 դրամ, հիմա արևածաղկի սերմը մեր շենքի խանութում 3800 դրամ է մեկ կգ-ն», - նշեց Ստեփանակերտի բնակիչը:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն օրեր առաջ՝ Ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ, հայտարարել էր՝ պարենային մթերքը պետք է խնայողաբար օգտագործվի, բայց դա չի նշանակում, որ առհասարակ պաշարներ չկան կուտակած։ «Ահռելի պաշարներ ունենք, իհարկե, ոչ բոլոր ապրանքատեսակներով, բայց տեղական արտադրանքը թույլ է տալու երկարաժամկետ պայքար տանել», - ասել է Արցախի նախագահն ու ընդգծել՝ կարևորն ինքնիշխանությունը չկորցնելն է, իսկ դա, ըստ նրա, հնարավոր է:

«Հաղթահարելի են այդ ամենը, ժողովուրդ: Երկու բան ունենք անելու՝ ինքնապաշտպանության և դիմադրողականության բարձրացում: Մի ամիս առաջ հանդիպումների ժամանակ ասել են՝ ձմեռը ո՞նց ենք անցկացնելու, ասել եմ՝ ես չգիտեմ, որովհետև չգիտեմ ինչ ռեժիմ է լինելու՝ հեղուկ գազ կարողանալու ենք բերել, թե՝ չէ, հոսանքի հետ կապված ինչպիսի հնարավորություններ են առաջանալու, բայց այն, որ մեր ներքին արտադրանքի և ծառայությունների ծավալը ավելացնելու առումով բավարար աշխատանք կատարվել է, դա միանշանակ է: Չգիտեմ՝ քանի ժամ է լույս լինելու, գազ լինելու է, թե՝ չէ, համոզված եմ, որ չի լինելու: Այո, պատրաստ ենք գազ ու հոսանքը տալ: Պիտի գնանք Բաքու, հիմա այն կարծիքը՝ ինչո՞ւ չգնալ Բաքում, որովհետև Բաքուն մեզ հետ մի թեմա է քննարկում այսօր՝ ինտեգրացիայի թեման, երկրորդ թեման չի քննարկում», - ընդգծել է Հարությունյանը:

Պետնախարար Գուրգեն Ներսիսյանի պնդմամբ՝ այս շաբաթվա վերջ կամ մյուս շաբաթվա սկզբին արդեն կկազմակերպեն գյուղարտադրանքի իրացումը։

«Այս բոլոր «չկա»-ներին կդիմանանք»,- ասում է ստեփանակերտցի տիկին Սիլվան, ցանկությունն այլ է՝ Արցախի երկնքի պաշտպանությունը:

«Չկա»-ներին կարելի է դիմանալ, ամենակարևորը մեր անվտանգությունն է, մեր օդը անխոցելի լինի, որ թշնամական անօդաչուներից չգան մեր սահմաններին և մեր ուժեղ, գեղեցիկ տղաներին չվնասեն: 90-ականներին նման բան չի եղել, գետնի վրա դրանք ոչինչ են մեր դեմ ցանկացած զինտեխնիկայով, միայն թե օդից անօդաչուն չթափի ռումբերը», - նշեց Ստեփանակերտի բնակիչը:

Ամիսներ շարունակ Արցախ գազ ու էլեկտրաէներգիա Հայաստանից չի մատակարարվում։ Այս պայմաններում արդեն 20 օր դադարեցված է նաև վառելիքի ներկրում, սահմանափակ պաշար կա, բայց դա էլ կտրոնով է վաճառվում ու ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Արցախի նախագահի որոշմամբ՝ այսօրվանից հանրային սննդի օբյեկտներում արգելվելու են ծնունդ, կնունք, հարսանիք և նմանատիպ այլ հավաքույթները, որտեղ մարդկանց թիվն կանցնի 50-ը։ Արգելված է նաև սգո արարողություններին 30-ից ավել մարդու մասնակցությունը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG