Մատչելիության հղումներ

Միրզոյանը և Բայրամովը համաձայնեցրել են համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդված և «գրանցել փոխըմբռնման առաջընթաց»


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյան և Ջեյհուն Բայրամով, Արլինգթոն, 27-ը հունիսի, 2023թ.
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյան և Ջեյհուն Բայրամով, Արլինգթոն, 27-ը հունիսի, 2023թ.

Երևանն ու Բաքուն համաձայնության են հասել խաղաղության համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ, Վաշինգտոնում երեք օր տևած բանակցությունների ավարտին երեկ ուշ երեկոյան հայտարարել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունները։

Միացյալ Նահանգների միջնորդությամբ հայ - ադրբեջանական բանակցությունների երկրորդ փուլի արդյունքում, ինչպես տեղեկացրել են կողմերը` նաև փոխըմբռնման առաջընթաց են գրանցել՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ մի քանի առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները պահանջում են հետագա աշխատանք:

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի եռօրյա բանակցություններն ուղեկցվել են Արցախի ու Հայաստանի սահմանին կրակոցներով, զոհերով, փոխադարձ մեղադրանքներով։ Արցախի խորհրդարանը հայկական պատվիրակությունից պահանջել էր դադարեցնել Բաքվի հետ բանակցությունները մինչև Արցախի հետ շփման գծում և Հայաստանի սահմաններին լիակատար հրադադարի հաստատումը և այն պահպանելու փաստաթղթային երաշխիքների տրամադրումը: Ինտենսիվ բանակցություններն, այդուհանդերձ, շարունակվել են, դրանց շրջանակում Միրզոյանն ու Բայրամովը թե՛ երկկողմ, թե՛ եռակողմ հանդիպումներ են ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։

«Որքան մոտենում ենք համաձայնության հասնելուն, որոշ դեպքերում այդքան բարդանում է ընթացքը»

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն, արխիվ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն, արխիվ

Ամփոփելով այդ քննարկումները, պետքարտուղար Բլինքենը երեկ հայտարարել է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում առաջընթաց կա, բայց վերջնական համաձայնության հասնելու համար դեռ շատ աշխատանք կա կատարելու, մանրամասներ ամերիկյան դիվանագիտության ղեկավարը չի հայտնել։

«Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության համաձայնագրի ձեռքբերման կարևոր և բարդ աշխատանքի համար, ինչպես նաև մի շարք այլ կարևոր խնդիրների լուծման համար, որոնք կարող են նպաստել երկրների միջև հարաբերությունների զարգացմանը», - հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը՝ առանց փակագծեր բացելու:

Էնթոնի Բլինքենը կարևորել է բանակցությունների թափը չկորցնելը, որին կողմերը հասել են հանդիպումների ընթացքում՝ «ձեռք բերելու հետագա համաձայնություններ տարբեր կետերի շուրջ՝ նպատակ ունենալով հասնել վերջնական և ընդհանուր համաձայնագրի առաջիկա շաբաթներին կամ ամիսներին»։

«Կարծում եմ՝ նաև հստակ ըմբռնում կա բոլոր կողմերի մոտ, որ որքան մենք մոտենում ենք համաձայնության հասնելուն, որոշ դեպքերում այդքան բարդանում է ընթացքը, քանի որ ամենաբարդ հարցերը թողնված են վերջում։ Բայց ես շատ շնորհակալ եմ թափանցիկության, անկեղծության ոգու համար։ Դա է միակ ճանապարհը փոխըմբռնման և համաձայնության հասնելու համար», - ասել է պետքարտուղարը:

Միրզոյան - Բայրամով վաշինգտոնյան առաջին բանակցությունները մայիսի 1-4-ն են անցկացվել, դրանցից հետո հայ - ադրբեջանական հանդիպումներն ակտիվացել են․ ամիսներ տևած դադարից հետո անցած շաբաթներին Փաշինյանն ու Ալիևը երեք հանդիպում են ունեցել, հաջորդ բարձր մակարդակի բանակցությունները՝ երկու երկրների առաջնորդների մասնակցությամբ, նախատեսված են հուլիսի 21-ին Բրյուսելում:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG