Մատչելիության հղումներ

Հուլիսի 3-ին Բաքվում կսկսվի Շիկահողի դիրքերից առևանգված երկու հայ զինծառայողի դատավարությունը


Հուլիսի 3-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում կսկսվի Շիկահողի դիրքերից առևանգված երկու հայ զինծառայողների դատավարությունը: Հարություն Հովագիմյանին ու Կարեն Ղազարյանին Ադրբեջանի իրավապահները մեղադրանք են առաջադրել ահաբեկչության, հրազենի մաքսանենգություն, սահմանն ապօրինի հատելու հոդվածներով։

Զինծառայողների ընտանիքներում սպասում են, թե երբ է Բաքուն վերադարձնելու իրենց որդիներին։ Հարություն Հովագիմյանը 34-ամյա պայմանագրային է Կապանից, Կարեն Ղազարյանը՝ ժամկետային զինծառայող Դիլիջանից, 28 օր առաջ նրանք անհետացան միջդիրքային ճանապարհից։

«Վարորդի կողքին նստում է, սնունդն էլ իր ձեռքով բաժանում ու գալիս։ Ճակատենից Ներքին Հանդ գիծը ինքն էր մատակարարում», - ասում է Հարություն Հովագիմյանի մայրը, որդու ամենօրյա գործն էր՝ վարորդի հետ դիրքեր հացուջուր տանելը, ճանապարհը կորցնել։ Մոլորվել բացառում է. - «Մառախուղ ժամանակ էի ես վախենում, որ տեսանելիությունը զրո էր անգամ, բայց նման դեպքերում ինքն էլի գնացել, ապահով եկել է։ Ձյանը, սառույցին ինքը ոչ մի անգամ չի շեղվել»։


Մայիսի 26-ին Շիկահողի մոտակայքում հայտնաբերվեց մեքենան, որի մեջ նաև զինծառայողներից մեկի զենքն էր։ Հայաստանի իրավապահները հաղորդեցին՝ ադրբեջանական զինված խումբը հատել է Հայաստանի սահմանն ու առևանգել զինծառայողներին։ Իսկ Բաքուն արդեն պնդում էր, թե զինծառայողները դիվերսիոն նպատակով մտել են իրենց տարածք։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն երկու շաբաթ առաջ այցելեց երկու հայ զինծառայողներին։ Սա առայժմ միակ տեսակցությունն է եղել։

«Մեր պատվիրակների տեսակցությունը տեղի է ունեցել համապատասխան Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ընթացակարգերի, ինչը նախատեսում էր առանձնազրույցներ», - նշեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին։

Ծնողները առայժմ հեռախոսազրույցի կամ տեսազանգի հնարավորություն չեն ունեցել։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչ Զառա Ամատունին ծնողների ակնկալիքները հասկանում է, բայց զանգի ժամկետ չի կարող ասել. - «Ցանկացած այլ կապի միջոցներ, քան Կարմիր խաչի նամակները համաձայնեցվում են տվյալ պահող իշխանությունների հետ և թույլատրվում են նրանց կողմից»։

Հայաստանի կառավարությունը Կարեն Ղազարյանի ու Հարություն Հովագիմյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ միջանկյալ միջոցի կիրառման դիմում էր ուղարկել Ստրասբուրգ։ Դատարանն Ադրբեջանից ստացել է տեղեկություններ նրանց առողջական վիճակի ու պահման պայմանների վերաբերյալ։ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակից տեղեկացանք՝ հայկական կողմը դրանցում խախտումներ է տեսել, ներկայացրել իր դիտարկումներն ու ուժի մեջ պահել միջանկյալ միջոցի կիրառման պահանջը։ Ադրբեջանական աղբյուրները պնդում են, որ այդ դիմումը դատարանը մերժել է։


Երեկ, երբ Հայաստանի սահմանն անցած ու այստեղ Զանգեզուրի կոմբինատի աշխատակցին սպանած ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովի դատավճիռը հրապարակվեց, րոպեներ անց ադրբեջանական լրատվամիջոցները գրեցին, թե իրենց դատախազությունն արդեն ավարտել է Հովագիմյանի ու Ղազարյանի գործն ու դատարան ուղարկել։ Երկու հայ զինծառայողների առևանգումից հետո հայ իրավապաշտպանները շեշտում էին, որ Ադրբեջանն այդ օպերացիան իրականացրել է այստեղ բանտարկված իր երկու զինծառայողների՝ Ախունդովի ու Բագիրովի հետ փոխանակելու համար։

Ախունդովի գործով սպանվածի ընտանիքի փաստաբան Կարեն Ալավերդյանի խոսքով՝ ադրբեջանցիներին վերադարձնելու մասին քննարկումներ կարող են սկսվել, երբ վճիռն ուժի մեջ մտնի։

«Ենթադրաբար իր հայրենիք վերադարձնելու պրոցեսը կարող է տեղի ունենալ միայն արտահանձման գործընթացով, որովհետև նա չի համարվում ռազմագերի», - նկատեց նա։


Շիկահողից առևանգված երկու զինծառայողներից բացի, Բաքվի բանտերում այժմ առնվազն 33 հայ գերիներ են պահվում։ 44-օրյա պատերազմից հետո հանցագործության համար դատապարտված ադրբեջանցիներին արտահանձնելու նախադեպ եղել է։ Սպանության ու դիվերսիայի համար պատիժը կրող Շահբազ Գուլիևի ու Դիլհամ Ասքերովի դիմաց Ադրբեջանը Հայաստանին 44 ռազմագերի փոխանցեց։

XS
SM
MD
LG