Մատչելիության հղումներ

Երկու հայ զինծառայողների առևանգման փաստով Հայաստանը դիմել է Ստրասբուրգի դատարան


FRANCE-EU-ECHR-JUSTICE
FRANCE-EU-ECHR-JUSTICE

Մարտական հենակետեր սնունդ մատակարարող երկու հայ զինծառայողների առևանգման փաստով Հայաստանը դիմել է Ստրասբուրգի դատարան՝ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով, տեղեկացանք միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից։

Բաքուն պետք է եվրոպական դատարան ներկայացնի տեղեկություններ զինծառայողների պահման պայմանների, առողջական վիճակի վերաբերյալ։

«ՄԻԵԴ-ի անհապաղ միջոցները կօգնեն, որպեսզի Կարմին խաչի միջազգային կոմիտեն ավելի բարենպաստ պայմաններում իր գործունեությունն իրականացնի Ադրբեջանում», - նշեց միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հայ զինծառայողներին դեռևս չեն այցելել։ Հետևում ենք զարգացումներին, պատրաստ ենք գործել ըստ իրավիճակի, ասաց գրասենյակի ներակայացուցիչ Զառա Ամատունին։

Զինծառայողներ Հարություն Հովագիմյանն ու Կարեն Ղազարյանը Սյունիքի Շիկահող գյուղի միջդիրքային հատվածից էին անհետացել, ուրբաթ երեկոյան «Կամազ»-ով սնունդ, ջուր էին տարել հենակետեր ու վերադառնում էին։ Հետո արդեն մեքենան գտնվել է առանց զինծառայողների, ընդ որում՝ շարժիչը գործարկված վիճակում։ Քննչական կոմիտեի տվյալով, ադրբեջանական զինված խումբն է հատել Հայաստանի սահմանն ու առևանգել զինծառայողներին։

Կարեն Ղազարյանը ժամկետային զինծառայող է Դիլիջանից, Հարություն Հովագիմյանը՝ 34-ամյա պայմանագրային Կապանից։

Հարությունի մայրն ասում է՝ որդին այդ նույն դիրքեր կանոնավոր սնունդ էր տանում. - «Ինքը միշտ էլ էդ ճանապարհով գնում-գալիս ա, ինքը տեղյակ ա ճանապարհին, ոչ մի սանտիմ էլ ճանապարհից չի շեղվել»։

Պաշտոնական Բաքուն խոսում է դիվերսիոն ներթափանցման փորձի մասին, իբրև թե հայ զինծառայողների խումբը ահաբեկչության ծրագրով հատել է հայ-ադրբեջանական սահմանը, կրակ է բացել Ռազդարա գյուղի տարածքում սահմանը հսկող զինծառայողների ուղղությամբ։

Հայաստանի պաշտպանության նախարարությունն այս ամենը սուտ ու ապատեղեկատվություն է որակում։ Երկու զինծառայողները դիվերսիոն նպատակ չէին կարող ունենալ, նրանցից մեկի զենքը մեքենայում է եղել։

Դեպքը Շիկահողից մի քանի կիլոմետրի վրա է տեղի ունեցել։ Շիկահողցի Սամվել Աղաբեկյանն ասում է՝ այդ հատվածում ավելի բարձր տեղակայված հայկական դիրքեր կան, ենթադրում է, որ ադրբեջանցիները հաջողացրել են դարանակալել խիտ անտառում. - «Խիտ անտառ ա, ճանապարհն էլ անտառի միջով գնում ա»։

Ադրբեջանական կողմի հայտարարած կրակոցների ձայնը այս կողմերում ոչ ոք չի լսել. - «Չէ, ոչ մի կրակոց-բան չի եղել»

Բաքուն երկու հայ զինծառայողների դեմ ահաբեկչության և ապօրինի մաքսանենգության հոդվածներով քրեական գործ է հարուցել, կալանավորել նրանց։

Միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը ոչ մի կասկած չունի, որ Ադրբեջանը հայկական տարածքից երկու զինծառայողներին առևանգել է ադրբեջանցի երկու հանցագործների հետ փոխանակելու համար։ Ապրիլի սկզբին Նախիջևանից Սյունիք էին ներթափանցել երկու ադրբեջանցիներ, նրանցից մեկը մեղադրվում է նաև Զանգեզուրի կոմբինատի պահնորդին սպանելու համար. - «Այստեղ կան ապացույցներ, որ նրանք ներխուժել են, ավելին՝ բռնության կոչեր են իրականացրել, և նրանց գործողությունները զուգակցվել են հանցագործության կատարմամբ։ Եվ այս զինծառայողների պաշտպանվածությունը մեծացնելու նպատակով կատարվել է հատուկ օպերացիա, և ադրբեջանական դիվերսանտները ներթափանցել են Հայաստանի տարածք, որտեղից առևանգել են հայ զինծառայողներին»։

Սահակյանը կարծում է, որ զինծառայողներին առևանգելուց հետո Ադրբեջանը առայժմ խուսափելու է վերադարձնել Բաքվի բանտերում տարբեր վճիռներով պահվող հայ ռազմագերիներին. - «Սակարկության առարկա կդարձնի առևանգված հայ զինծառայողների վերադարձը երկու ադրբեջանցի հանցագործի դիմաց»։

33 հայ ռազմագերիների հարցը, ըստ միջազգային իրավունքի մասնագետի, դարձյալ քննարկման թեմա կդառնա, երբ բանակցություններում Հայաստանի վրա ճնշում գործադրելու կարիք լինի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG