Մատչելիության հղումներ

Բայդենը Սի Ծինփինին դիկտատոր է որակել


ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինին դիկտատոր է որակել։ Դա տեղի է ունեցել պետքարտուղար Էնթոնի Բլինքենի Պեկին կատարած այցից, Չինաստանի նախագահի հետ հանդիպումից ընդամենը մեկ օր անց։

Հունիսի 20-ին Կալիֆորնիայում մասնակցելով ընտրարշավի դրամահավաքի միջոցառմանը, Ջո Բայդենն իր ելույթում ասել է, որ ԱՄՆ-ի տարածքում խոցված չինական օդապարիկը լի էր լրտեսական սարքավորումներով և Սի Ծինփինի վրդովմունքի պատճառն այն էր, որ նա չգիտեր՝ որտեղ է այն։

«Ես լուրջ եմ ասում, ահա թե ինչն է դիկտատորների համար մեծ խայտառակության պատճառ հանդիսանում, երբ նրանք չգիտեն ինչ է պատահել։ Դա չպետք է տեղի ունենար այնտեղ, որտեղ կար։ Նրան քամին տարել էր Ալյասկայի, հետո ներքև՝ Միացյալ Նահանգների վրա և նա չգիտեր այդ մասին։ Երբ օդապարիկը խոցվեց, նա շատ շփոթվեց, նույնիսկ հերքում էր, որ օդապարիկը այնտեղ է եղել», - ասել է Բայդենը Քենթֆիլդ մասնավոր առանձնատանը կայացած հանդիպմանը, որտեղ տեսախցիկներ չեն եղել։

Բայդենի ելույթի ամբողջական տեքստը հրապարակվել է Սպիտակ տան պաշտոնական կայքում։

Պեկինը այսօր արձագանքել է Բայդենի խոսքերին։

«Ամերիկյան կողմի համապատասխան ռեպլիկները ծայրահեղ աբսուրդ են, անպատասխանատու և լրջորեն խախտում են հիմնական փաստերը, դիվանագիտական պրոտոկոլը և Չինաստանի քաղաքական արժանապատվությունը։ Դրանք քաղաքական բաց սադրանքներ են։ Չինաստանը շատ դժգոհ է և վճռականորեն դեմ է դրան»,- այսօրվա ճեպազրույցում ասել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Մաո Նինգը։

Փետրվարի սկզբին Միացյալ Նահանգների ռազմական օդուժը հայտնեց, որ Չինաստանից եկած օդապարիկ է խոցել։ Պենտագոնը պնդում է, որ այն հետախուզական նպատակով էր ներխուժել Ամերիկայի օդային տարածք՝ մեծ բարձրության վրա։

Պեկինն ընդունեց, որ օդապարիկը չինական է, բայց ոչ թե լրտեսական, այլ քաղաքացիական նշանակության օդապարիկ է, օդերևութաբանական հետազոտությունների համար։ Չինաստանը հայտարարել էր, որ ամերիկյան կողմի գործողությունները լրջորեն վնասել են Չինաստան-ԱՄՆ հարաբերությունների կայունացման ջանքերին։

Պեկինը ներուղություն չի խնդրել ԱՄՆ-ի օդային տարածք ներխուժելու համար։

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը այն ժամանակ չեղարկել էր պլանավորած այցը Չինաստան։ Նրա այցը տեղի ունեցավ երկու օր առաջ։

Բայդենը երեկ նաև ասել է, որ Չինաստանը իրական տնտեսական դժվարություններ ունի։ Նրա խոսքերով՝ Սի Ծինփինը հիմա այնպիսի իրավիճակում է, որ կրկին ցանկանում է հարաբերություններ ունենալ։ «Հենց նոր այնտեղ էր մեր պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, լավ աշխատանք է կատարել և դա ժամանակ կպահանջի»,- ասել է Բայդենը, նշելով Չինաստանի ղեկավրի մտահոգության ևս մեկ պատճառ՝ ԱՄՆ- Հնդկաստան-Ճապոնիա-Ավստրալիա քառյակի համագործակցությունը Հարավ-չինական ծովում և Հնդկական օվկիանոսում։

«Նա ինձ զանգահարել էր և ասել, որ չանեմ դա, որովհետև ինքը կհայտնվի անելանելի իրավիճակում։ Ես ասել եմ, որ ինչ մենք անում ենք, դա ձեզ շրջապատելու փորձ չէ, մենք պարզապես ցանկանում ենք ապահովել, որ միջազգային օրենքներով օդային և ծովային ուղիները բաց մնան և մենք չենք պատրաստվում զիջել այն»,- ասիական քառյակի ձևավորման ժամանակ Սի Ծինփինի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին ասել է ԱՄՆ-ի նախագահը։

«Բլումբերգի» մեկնաբանը նշում է, որ ԱՄՆ-ի նախագահի մեկնաբանությունը և Պեկինի արձագանքը ցույց են տալիս, թե որքան փխրուն են մնում հարաբերությունները աշխարհի խոշորագույն տնտեսություններն ունեցող երկու երկրների միջև, որոնք արմատական տարաձայնություններ ունեն մարդու իրավունքների, տեխնոլոգիաների առևտրի, Թայվանին զենք վաճառելու հարցերում։

Պեկինի բանակցություններում, ըստ երևույթին, առաջընթաց չի արձանագրվել կողմերի ռազմական գերատեսչությունների միջև հաղորդակցությունը վերականգնելու հարցում, որը ԱՄՆ-ի հիմնական առաջնահերթություններից է, եզրակացնում է «Բլումբերգի» մեկնաբանը, նշելով, որ Պեկինի այցից հետո Բլինքենն ասել է, թե կարծում է օդապարիկի միջադեպը փակված է։

Առաջիկա ամիսներին նախատեսված է Չինաստանի արտգործնախարար Ցին Գանգի այցը Վաշինգտոն։ Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներ ևս, այդ թվում՝ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը և կլիմայի հարցերով բանագնաց Ջոն Քերին այցելելու են Չինաստան։ Պարզ չէ, թե Բայդենի վերջին մեկնաբանությունները արդյո՞ք ազդելու են այդ ծրագրերի վրա։

XS
SM
MD
LG