Մատչելիության հղումներ

«Մայկա-տրուսիկից» մինչև Նեմեսիս. սուր բանավեճ և փոխադարձ մեղադրանքներ խորհրդարանում


Անցած տարվա բյուջեի կատարողականի շուրջ խորհրդարանական քննարկումներն այսօր վերածվեցին իշխանություն-ընդդիմություն սուր բանավեճի և փոխադարձ մեղադրանքների։ Նիստերի դահլիճում այդ ամենին հետևում էր վարչապետ Փաշինյանը:

«Իրականում ոստիկանության մեջ բազմամիլիարդանոց ծախսեր են միայն մի բանի համար՝ Նիկոլ Փաշինյանը Երևանի մի փողոցից մյուս փողոցն անցնի, Հայաստանի մի գյուղից մյուս գյուղն անցնի, հազարավոր ոստիկաններ իրենց գործը թողած կանգնում են ժամերով, որ մի մարդ մի տեղից գնա մյուս տեղը», - ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Գեղամ Մանուկյանը:

Մանուկյանը պնդեց՝ այդ ամենի պատճառը վախն է. - «Պատճառն այն գիտակցման, թե ինչ ավերի է բերել հասցրել երկիրը, վախն է այն գիտակցման, որ մեր երկրում տասնյակ հազարավոր մարդիկ ունեն մի զգացում՝ ատելության զգացում, որը երբեք մեր երկրում չի եղել»:

Գեղամ Մանուկյանին հակադարձեց իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ հրավիրելով իրավապահների ուշադրությունը։

«Պարզ փորձը ցույց է տալիս, որ այդտեղ ուրեմն ինչ-որ մի հետաքրքրվածություն կա, որ այդ պաշտոնյան չունենա անվտանգություն», - նշեց Ալեքսանյանը:

Ապա փորձելով հակադարձել իշխանության հասեցին հնչած քննադատություններին, Վահագն Ալեքսանյանը նախկին իշխանություններին, մասնավորապես, դահլիճում նստած պաշտպանության նախկին նախարար, այսօր արդեն ընդդիմադիր պատգամավոր Սեյրան Օհանյանին դիմեց. - «Երբ որ Սաշիկ Սարգսյանը բերում էր 50 միլիոն դրամի փող էր մուտք անում բյուջե, դուք բոլորդ ձեր գունավոր երազներում պատկերացնում էիք, որ դա ինքը ուղղակի լավության կարգով էր անում որպես այդպիսին, դե մեծահոգի մարդ է: Բայց, պարոն Օհանյան, հենց Ձեր մտքով չի անցնում, որ դա հենց Ձեր ղեկավարած բանակից թալանած գումարն է: Ես էդ վախտ բանակում էի, պարոն Օհանյան, ու պիտի ասեմ, այո, Ձեր ղեկավարած բանակն ինձ մայկա ու տրուսիկ չէր տալիս, եթե դա եք ուզում, դա էլ ասեմ»:

«Դե կգաք կասեք այստեղից ինչ է եղել բանակում, պարոն Օհանյան: Ոչ մի բան էլ չի եղել, ո՛չ մեքենա է եղել, ո՛չ ավտոպարկ է եղել, ո՛չ հրետանի է եղել, ո՛չ ինքնաձիգ է եղել, ոչ մի բան չի եղել: Երբ իրանք 60-70-ական թվականների զլերով էին, Դուք, պարոն Օհանյան ու Ձեր մերձավոր շրջապատը 16 կամ 17 թվականի արտադրության մեքենաներով էր», - ասաց Ալեքսանյանը:

Սեյրան Օհանյանն արձագանքեց. - «Հիմա ես հարց եմ տալիս՝ իսկ դուք ի՞նչ եք արել բանակի հետ. բանակը ձեր ղեկավարման ժամանակ պարտություն է կրել, պետությունն է պարտություն կրել: Ձեր ղեկավարման ժամանակ այդ պարտությունը տեղի է ունեցել, ուզեք, թե չուզեք դրա հետ պետք է հաշտվեք, հարգելի գործընկերներ: Այնպես որ նախկինում ինչ-որ մեքենաներով պետական պաշտոնյաներ տեղափոխվել են, ընդ որում, բանակի, կարո՞ղ է հիմա այլ մեքենաներով են տեղափոխվում, ոչ, ինձնից նույնիսկ ավելի թարմ մեքենաներով են տեղափոխվում և ավելի շարասյուներով ու կալոնաներով»:

Դաշնակցական պատգամավոր Քրիստինե Վարդանյանն էլ շարունակեց՝ բանակի ու զինվորի հանդեպ Փաշինյանի իշխանության վերաբերմունքը հստակ երևացել է մի շարք դրվագներում։

«Դիակները, մասունքները պարկերի մեջ պահելը, ողջակիզված 15 զինվորները, որոնց համար հենց այդ օրը հայտարարեցիք, որ մոդուլային տնակներ եք բերում, ի՞նչ եղան այդ մոդուլային տնակները, խոսում է փաստը, որ մինչև հիմա նահատակների մասունքներ կան մեր սարերում, նենց որ, աննախադեպներ ջան, սա է ձեր աննախադեպ վերաբերմունքը բանակին ու զինվորին», - նշեց Վարդանյանը:

Ընդդիմադիր մեկ այլ պատգամավոր, Արմենուհի Կյուրղեյանն էլ հիշեցրեց՝ Հայաստանը հենց Փաշինյանի օրոք է ահռելի կորուստներ ունեցել։ Դաշնակցական պատգամավորը «Նեմեսիսը» հիշեց, ինչին Ազգային ժողովի նախագահ արձագանքեց հոգոցով։

«Հիշեք, որ ոչինչ չի մոռացվում, հիշեք, որ բոլոր մեղավորները ստանալու են պատժի իրենց չափաբաժինը «Նեմեսիսը» վկա», - ասաց Կյուրեղյանը:

Ընդդիմությանն արձագանքեց վարչապետ Փաշինյանը՝ նշելով. - «Մեզ մեղադրում եք սխալ արտաքին քաղaքականություն տանելու մեջ, հարց՝ իսկ ինչո՞ւ 2016 թվականին Հայաստանի բանակը կռվում էր 80-ականների զենքերով, իսկ Ադրբեջանի բանակը 4 մլրդ ապրանքային վարկ էր ստացել մեզ 80-ականների զենքեր մատակարարող մեր գործընկերներից ու գնել նրանց ամենաժամանաkaկից տեխնիկաները»:

վարչապետն ընդգծեց. - «Մենք բանակի համար չենք խնայել ոչինչ, և մենք վստահել ենք մեր բանակին: 2018 թվականից մինչև այսօր չկա մի դեպք, որ Հայաստանի Հանրապետության բանակում որևէ բան տեղի ունեցած չլինի այն պատճառով, որ կառավարությունն ասի՝ փող չկա, բացառված է: Գուցե դա՞ է եղել մեր ամենամեծ սխալը, որ մենq վստահել ենք բանակին»:

Փաշինյանին փորձեց պաշտպանել իշխանական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

«Հերիք է այստեղ՝ դաժան պատասխան եք տալու, ձեզ թվում է, որ դուք պատասխան չտվիք, ուրեմն մենք պիտի տա՞նք, էն որ մենք հասկանում ենք, որ էն աստիճանի փչացրեցիք ամեն ինչ, որ հիմա Հայաստանը վտանգված է, չե՞ք հասկանում, որ դրա կերած բողկերն են էս բոլորը, 24 տարի մսխեցիք Արցախն ու Հայաստանը, հիմա՝ ուզում ենք փրկենք: Դուր ներդ չի՞ գալիս», - ասաց Խաչատրյանը:

Արցախն ու Հայաստանը կործանելու մասին ժամեր տևած փոխադարձ մեղադրանքներից հետո Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ընդդմիությանը համագործակցության առաջարկ արեց, զգուշացնելով՝ հակառակ դեպքում կմնան լուսանցքում։

«Ուզո՞ւմ եք օգնեք Հայաստանի Հանրապետությունը, եկեք քննարկենք, պրոցեսները չեն կանգնելու, պրոցեսներն առաջ են գալու, մենք ունենք Հայաստանի Հանրապետության ժողովրդի մանդատը, մենք ունենք այդ մանդատը քանի դեռ ապացուցված չի հակառակը», - նշեց Սիմոնյանը:

Ընդդիմությունը դեռևս չի արձագանքել Ալեն Սիմոնյանի առաջարկին։ Օրերս, սակայն, Դաշնակցությունը հայտարարեց, որ համաժողովրդական ընդվզման միջոցով թույլ չեն տալու, որ Փաշինյանը փաստաթուղթ ստորագրի, որով Արցախը կճանաչի Ադրբեջանի կազմում։ Թե երբ է սկսվելու այդ պայքարը, և որ քաղաքական ուժերի հետ է Դաշնակցությունը ուժը դիմադրության ճակատ ձևավորելու, առայժմ հայտնի չէ։

XS
SM
MD
LG