Մատչելիության հղումներ

Ադրբեջանական կողմն արգելել է երկու կանանց ու մեկ երեխայի մուտքն Արցախ. ՄԻՊ


Ադրբեջանական կողմն արգելել է երկու կանանց ու մեկ երեխայի մուտքն Արցախ, ահազանգում է Արցախի օմբուդսմենը։ Այդ մարդիկ Հայաստան բուժման էին եկել ու ապաքինումից հետո տուն էին վերադառնում ենթադրաբար ռուս խաղաղապահների մեքենայով։

«Արձանագրված բոլոր դեպքերում քաղաքացիները թեև ունեցել են Հայաստանի հաշվառում, այնուամենայնիվ, մշտապես բնակվել են Արցախում, ընդ որում, նրանց ընտանիքները ևս բնակվում են Արցախում: Տվյալ անձինք շրջափակման պայմաններում մեկնել էին Հայաստանի Հանրապետություն բուժման նպատակով, և այժմ, առողջական խնդիրների լուծումից հետո չեն կարողանում վերադառնալ իրենց տներ: Ուշագրավ է, որ ադրբեջանական կողմը թույլատրել է նրանց ելքն Արցախից՝ կամայական ու ապօրինի կերպով արգելելով մուտքը», - գրել է Գեղամ Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում։

«Ավելի շատ է Հայաստանից Արցախ եկողների թիվը, քան Արցախից Հայաստան»



«Ժողովո՛ւրդ, ճի՞շտ է, որ արդեն Ստեփանակերտ-Երևան ավտոբուսներ են գործում», վերջին օրերին արցախցիներն ամենաշատն այս հարցն են տալիս համացանցային իրենց խմբերում։ 10 օր է՝ Հակարիի կամրջի ադրբեջանական անցակետով կանոնավոր փոխադրում են սկսել ռուս խաղաղապահները։ Իրենց 28 տեղանոց մեքենան է գնում -գալիս։

«Ճիշտ է՝ այնտեղ շատ հերթագրվածներ կան, վերջին տվյալներով՝ ավելի շատ է Հայաստանից Արցախ եկողների թիվը, քան Արցախից Հայաստան», - ասում է Արցախում ռուս խաղաղապահների հետ համագործակցության կենտրոնի ներկայացուցիչ Գևորգ Միրզոյանը։

Նրա տեղեկացմամբ՝ բազմաթիվ ընտանիքներ, որ կես տարի առաջ՝ միջանցքը փակվելուց հետո, մնացել էին Հայաստանում, սպասում են, շուրջ 500 հոգի։ Հերթագրվում, ապա փոխադրվում են հրատապ կարիք ունեցողները կամ անցակետի տարբեր կողմերում հայտնված ընտանքի անդամները։

«Պատրաստ եմ վերադառնալ անհապաղ»

Սվետա Սահակյանի հարսն ու թոռը Աբովյան հյուր էին եկել 7 ամիս առաջ, այստեղ հարսը ծննդաբերել է, փոքրիկը 5 ամսական է, հայրիկի հետ դեռ չի հանդիպել. - «Երեխեքը մեղք են, ինչքա՞ն առանց պապայի մնան։ Դրա համար ճիշտ է՝ շատ դժվար է, բայց գնալը ճիշտ է», - ասում է Սվետա Սահակյանը։

Անցակետով անցնում են միայն ռուս խաղաղապահների կամ Կարմիր խաչի մեքենաներով. - «100 տարեկան տատիկ ունեմ, այնտեղ է։ Սաղ խնդիրներ են։ Ճանապարհը փակվելով մեր ամեն ինչը փակվեց»։

Գորիսի հյուրանոցում իրերն են հավաքել տասնյակ արցախցիներ, վերջապես տուն են գնում։ Նարինե Մարտիրոսյանը զոհված ամուսնու ծննդյան օրը Եռաբլուր էր եկել ու մնացել. - «Ինքը զոհվել է հանուն Արցախի։ Պատրաստ եմ վերադառնալ անհապաղ, ինչքան շուտ, այնքան լավ»։

«Լեռնային Արցախ» ֆուտբոլային ակումբի հարձակվող Արամայիսն ամիսներով է սպասել այս օրվան, տուն է գնում մեծ ու քաղցր ճամպրուկով։

Անցակետի երթևեկությունը ամեն անգամ հայտնվում է ադրբեջանական տեսախցիկների օբյեկտիվում։ Բաքուն պարբերաբար կադրեր է տարածում, թե ինչպես են հայերը փաստաթղթերով հերթ կանգնում հսկիչ խցերի առջև։

«Դա արվում է ուղղակի թոզ փչելոու համար միջազգային հանրության աչքերին», - հայտարարում է Արցախի ՄԻ պաշտպանը։

Ադրբեջանցի սահմանապահները նաև գրանցում են հայերի անձնագրային տվյալները։ Անցակետով ամենախիստ կարիքի դեպքում անգամ զգուշանում են անցնել զինվորականները։ Ադրբեջանցիները կռիվ ունեն նույնիսկ հանգուցյալ զինվորականի հետ, Երևանում մահացած պատերազմի մասնակցի մարմինը թույլ չեն տվել տեղափոխել Արցախ։ Գեղամ Ստեփանյանը շեշտում է՝ Լաչինի միջանցքը մնում է փակ, առանց խիստ անհրաժեշտության և երրորդ կողմի այնտեղով որևէ հայ չի անցնում։ Բաքուն արդարադատության միջազգային դատարանի որոշումը չի կատարում, ըստ օմբուդսմենի՝ միջազգային արձագանքը պիտի կոշտանա։

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է առաջարկի գործողությունների հետևողականություն, որով Ադրբեջանին պետք է պարտավորեցնի կատարել Արդարադատության դատարանի որոշումը», - ասում է նա։

Ադրբեջանական անցակետից օգտվելը Արցախում քաղաքական բանավեճի թեմա է. ընդդիմադիրները համարում են, որ սա Արցախն Ադրբեջանին ինտեգրելու փորձ է, մեղադրում նախագահ Արայիկ Հարությունյանին։ Վերջինիս հիմնավորումն այն է, որ անցակետից օգտվելու հանրային պահանջ կա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG