Մատչելիության հղումներ

Ադրբեջանը խոչընդոտում է Հայաստանի հաշվառում ունեցող քաղաքացիների մուտքը Արցախ. Գեղամ Ստեփանյան


Ադրբեջանական կողմը Գորիս-Ստեփանակերտ մայրուղու Հակարիի կամրջի վրա ապօրինի տեղադրված անցակետում դիտավորյալ խոչընդոտում է Հայաստանի հաշվառում ունեցող քաղաքացիների մուտքը դեպի Արցախ, հայտնում է մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից հավաքագրված տվյալների համաձայն` անցակետի տեղադրոիմից ի վեր արձանագրվել է նմանատիպ առնվազն երեք դեպք՝ խոչընդոտվել է երկու կանանց և մեկ երեխայի մուտքը: Արձանագրված բոլոր դեպքերում, ըստ օմբուդսմենի, քաղաքացիները թեև ունեցել են ՀՀ հաշվառում, այնուամենայնիվ, մշտապես բնակվել են Արցախում:

Տվյալ անձինք, ըստ հաղորդագրության, շրջափակման պայմաններում մեկնել էին Հայաստանի բուժման նպատակով, և այժմ, առողջական խնդիրների լուծումից հետո, չեն կարողանում վերադառնալ իրենց տներ:

«Ադրբեջանի կողմից ցուցաբերված ոտնձգությունների հետևանքով խախտվել են այդ անձանց ոչ միայն ազատ տեղաշարժվելու, այլև ընտանիքի հետ վերամիավորվելու իրավունքները», - նշել է Ստեփանյանը:

Մարդու իրավունքների պաշտպանը ընդգծում է, որ «ապրիլի 23-ից Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում Հակարի կամրջի վրա ապօրինի կերպով տեղադրված անցակետը և այդ ճանապարհով անձանց, մեքենաների ու բեռների ազատ տեղաշարժը խոչընդոտող այլ միջոցները խախտում են ոչ միայն մարդու իրավունքների միջազգային հանրահայտ նորմերը, այլև՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, մասնավորապես՝ 6-րդ կետը, որով նախատեսվում է անձանց, մեքենաների և բեռների անվտանգ ու անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով»:

«Ադրբեջանը տարբեր քարոզչական տեսանյութերով փորձում է թոզ փչել միջազգային հանրության աչքերին՝ ցույց տալով, թե իբր միջանցքը արգելափակված չէ և ապահովված է մարդկանց ազատ տեղաշարժը: Այնինչ անցակետի առկայությունը, անձնագրային, բեռների ու այլ տիպի հսկողության միջոցների կիրառումը Ադրբեջանի կողմից արդեն նշանակում են խոչընդոտներ անխափան տեղաշարժի համար՝ հարուցելով ոչ միայն անվտանգության, այլև՝ ցանկացած պահի խափանիչ կամայական այլ միջոցներ կիրառելու էական ռիսկեր: Արձանագրվող դեպքերը ևս մեկ անգամ ապացուցում են ադրբեջանական պետական քարոզչության սնանկությունը և Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ համակարգային և հետևողականորեն իրականացվող էթնիկ զտման քաղաքականությունը», - նաև ընդգծում է Արցախի ՄԻՊ-ը։

Ապրիլի 23-ից ադրբեջանցիները փակել են Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը, որը Լաչինի միջանցքում է`ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում և անցակետ տեղադրել, որը Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ համաձայնություններով նախատեսված չէ։

XS
SM
MD
LG