Մատչելիության հղումներ

Եթե մրցույթը մի քիչ ավելի ֆինանսավորվեր, հնարավորություն կունենային ավելի ընդլայնել. Սերգեյ Սարաջյան


Հունիսի 6-ին՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը մեկնարկած ամենամյա, երեք փուլով անցկացվող «Խաչատրյան»19-րդ միջազգային երաժշտական մրցույթը բուռն ընթացքի մեջ է։ Այս տարի մրցույթին մասնակցում են միայն դաշնակահարները։

Նախընտրական փուլից հետո 7 երկրներից 22 դաշնակահար մասնակցեց մրցույթի առաջին փուլին։ Լսումներն անցկացվում են Կոմիտասի թանգարանում։ Յուրաքանչյուր մասնակից հանդես է գալիս մենահամերգով՝ առավելագույնը 45 րոպե տևողությամբ։

Մրցույթի 22 մասնակիցներից առաջին փուլը հաղթահարել է 10 դաշնակահար 5 երկրներից, իսկ շաբաթ օրը երեկոյան տարբեր երկրների անվանի երաժիշտներից բաղկացած մրցութային միջազգային հանձնաժողովը՝ նախագահ Սերգեյ Սարաջյանի ղեկավարությամբ, կհայտարարի այն դաշնակահարների անունները, ովքեր հաղթահարել են նաև 2-րդ փուլը։ Իսկ հունիսի 12- ին և13-ին տեղի կունենա մրցույթի երրորդ փուլը, որի ընթացքում էլ ժյուրին կընտրի մրցույթի հաղթողներին։ Նրանց անունները հայտնի կդառնան հունիսի 13-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ կայանալիք «Խաչատրյան» մրցույթի փակման համերգի ժամանակ։

«Խաչատրյան» երաժշտական միջազգային 19-րդ մրցույթի մրցութային հանձնաժողովի նախագահ, անվանի դաշնակահար Սերգեյ Սարաջյանը մրցույթի հիմնադիրներից մեկն է, Արմեն Սմբատյանի հետ համատեղ։

«Ազատության» հետ զրույցում հարցին, թե արդյոք մրցույթը ծառայել է իր նպատակին և ինչ արդյունքներ է գրանցել այս 19 տարիների ընթացքում, Սարաջանն ասաց. - «Անշուշտ ծառայել է իր նպատակին։ Որովհետև, առաջինը, Արամ Խաչատրյանի երաժշտությունը ողողում է ամբողջ աշխարհը, և գալիս էին կատարողներ, որոնք որ ուզած-չուզած պետք է նվագեն Խաչատրյանի երաժշտությունը, և դրանով մենք պրոպագանդում էինք էդ երաժշտությունը ամբողջ աշխարհում։ Բացի դրանից, մեր երիտասարդության համար շատ կարևոր է շփվելը տարբեր երկրների երիտասարդ կատարողների հետ։ Ոնց էլ լինի, էդ շփումը հնարավորություն է տալիս ձեռք բերել նոր գիտելիքներ, նոր տպավորություններ։ Բացի դրանից, ամբողջ Հայաստանն է մրցույթների ժամանակ... ոնց որ մեծ տոն լինի, մանավանդ երաժիշտների համար։ Եթե հնարավորություն լիներ, որ էդ մրցույթը մի քիչ ավելի ֆինանսավորվեր, էն ժամանակ մենք հնարավորություն կունենային ավելի ընդլայնել։ Դա մի քիչ խանգարում է և կապում է մեր ձեռքերը»։

Հարցին, թե երիտասարդ կատարողների ինչ ուժեր կան այսօր Հայաստանում, Սարաջյանն արձագանքեց. - «Ուժեր միշտ կան։ Տարբեր պատճառներով ոմանք գնում են Հայաստանից և շատ լավ դրսևորում իրենց արտասահմանում։ Ռուսաստանում մեր առաջվա ուսանողները շատ լավ դրսևորել են իրենց։ Հիմա էստեղ էլ կան շատ լավ երիտասարդներ, բայց ճանապարհ չունեն։ Ես կարծում եմ, որ դա գալիս է նրանից, որ հարթակներ չունենք կոնցերտային։ Ես նկատի չունեմ միայն Երևանը, նկատի ունեմ ամբողջ Հայաստանը։ Մենք չունենք դահլիճներ, մենք չունենք լավ գործիքներ, որ կարողանանք հրավիրենք կատարողներին, որոնք ամբողջ Հայաստանով շրջեն և համերգներ տան։ Եվ նույնը մեր լավագույն երիտասարդ կատարողները չեն կարող իրենց դրսևորել էստեղ։ Ամեն ինչ կուտակված է մայրաքաղաքում։ Իսկ ինչքա՞ն կարող է մի երաժիշտ, մի կատարող համերգ տալ տարվա մեջ։ Դժվար չի, որ գոնե մեր փոքր քաղաքներում լինեն համերգասրահներ, դահլիճներ և շատ կարևոր է՝ գործիքներ, որը հիմա շատ թանկ արժե, բայց դա անհրաժեշտ է։ Եթե մենք չենք ուզում կորցնենք մեր պոտենցիալը, որ էստեղից թողնում-գնում է, մենք պետք է հնարավորություն ստեղծենք իրանց համար, որ կարողանան էստեղ կոնցերտային գործունեություն ծավալել։ Եվ էն ժամանակ դպրոցներն էլ կլցվեն, դասախոսական կազմն էլ իրենց որակը կբարձրացնի։ Լավ, տաղանդավոր երիտասարդներ մենք շատ ունենք։ Հեռանկարում նրանք ընկճված վիճակում են։ Կամ ճարահատյալ թողնում-գնում են էստեղից։ Մենք հետո մտածում ենք ինչո՞ւ գնաց։ Գնաց, որովհետև ստեղ ոչ մի հնարավորություն չուներ։ Ես ի նկատի ունեմ մեծ բեմի [երաժիշտ կատարողներին]։ Մնացած հնարավորությունները դա միջին երաժիշտների համար է, որոնք դասավանդում են, կոնցերտմեյստեր են դառնում։ Իսկ կատարող երաժիշտները քիչ են ընդհանրապես, և էդ լավագույններին կորցնելը մեզ համար շատ մեծ կորուստ է»։

XS
SM
MD
LG