Մատչելիության հղումներ

Ներկայացվեցին Արամ Խաչատրյանի 120-ամյակի առթիվ կայանալիք հոբելյանական միջոցառումները


Հունիսի 6-ին լրանում է Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյա հոբելյանը, որը կնշանավորվի ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում կայանալիք մի շարք իրադարձություններով։ Դրանք նախաձեռնել է հոբելյանի կապակցությամբ ձևավորված կառավարական հանձնաժողովը։

Մեծանուն կոմպոզիտորի հոբելյանին ընդառաջ Արամ Խաչատրյան համերգասրահում այսօր հրավիրված ասուլիսին ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը շեշտեց. - «Հոբելյանական այս միջոցառումները մեզ համար ունեն իրականում ռազմավարական նշանակություն, որովհետև այո, իսկապես Արամ Խաչատրյանի երաժշտությունը աշխարհում չի հնչում բավարար մակարդակով և այն երաժշտական հարթակներում, որ մենք ենք ուզում։ Եվ այո, լրջագույն աշխատանք ունենք տանելու Արամ Խաչատրյանի ստեղծագործական ժառանգությունը վերաիմաստավորելու, միջազգայնորեն դիրքավորելու։ Սա կարևոր է ոչ միայն միջազգային առումով, այլև ներպետական առումով։ Միջոցառումներում ընդգրկված են բոլոր առաջատար ստեղծագործական խմբերը, նվագախմբերը՝ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Պետական սիմֆոնիկ նվագախումբը, Պետական կամերային նվագախումբը, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Պետական ֆիլհարմոնիան և բազմաթիվ այլ կառույցներ։ Շատ տրամադրող է նաև այն աշխարհագրությունը, որ հաստատել ենք»։

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երաժշտական ղեկավար և տնօրեն Կարեն Դուրգարյանն ընդգծեց. - «Խոսում ենք մեր ազգի պարծանքի մասին, և իհարկե, ինչպես նշեց պարոն Խզմալյանը, մեր պարտքն է կատարել ինչքան որ հնարավոր է շատ։ Ամսի 6-ին, 7-ին և 8-ին հունիսի Օպերային թատրոնը, համատեղ քաղաքապետարանի հետ, Թումոյի այգում կլինեն առաջին բացօթյա ներկայացումները՝ «Գայանե», «Դիմակահանդես» և «Սպարտակ սյուիտ»։ Դա մեր առաջին քայլն է լինելու, որից հետո հունիս ամսին օրկեստրը կմեկնի Չարենցավան և էնտեղ կկատարենք 3-րդ սիմֆոնիան, որովհետև Չարենցավանի երաժշտական դպրոցում կա շքեղ երգեհոն։ Եվ սա մարզային այց է լինելու, որովհետև մենք կարևորում ենք Չարենցավանում ապրող մեր հարգարժան հանդիսատեսին։ Որից հետո, նախարարության աջակցությամբ մենք ունենք հյուրախաղեր Ֆրանսիայում, որտեղ կներկայացնենք մեր շատ սիրելի «Դիմակահանդես» բալետը։ Հուլիսի 18-ին Սանկտ Պետերբուրգի Միխայլովյան թատրոնում կլինի մեծ գալա-համերգ աշխարհի լավագույն մենակատարների մասնակցությամբ։ Այդ համերգին մասնակցում է Օպերային թատրոնի բալետային խումբը, և մենք ներկայացնելու ենք հատվածներ «Գայանե» բալետից»։

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հոբելյանին ընդառաջ հոինիսի 5-ին հանդես կգա համերգով, որը կղեկավարի ամերիկահայ անվանի դիրիժոր Ջորջ Փահլևանյանը։ Իսկ հունիսի 6-ին նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդվարդ Թոփչյանը կղեկավարի Մոսկվայի կոնսերվատորիայի հանրահայտ դահլիճում կայանալիք Արամ Խաչատրյանին նվիրված համերգը։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ողջ տարվա ընթացքում հանդես կգա հոբելյանական համերգներով, այդ թվում և արտերկրում։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հունիսի 6-ին գալա-համերգով կազդարարի Արամ Խաչատրյան արդեն ավանդական դարձած ամենայա միջազգային մրցույթի բացման մասին, իսկ հոբելյանական համերգաշարը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը սկսել է դեռ այս տարեսկզբից՝ Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորությունից։

«Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը 2023 թվականի փետրվարին մեծ հյուրախաղերով հանդես եկավ Միացյալ Թագավորությունում՝ բացելով Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները։ Հանդես եկանք տասը համերգով Միացյալ Թագավորության լավագույն համերգասրահներում՝ ծրագրում ներկայացնելով Արամ Խաչատրյանի կոմպոզիտորական արվեստը։ Պետք է նշեմ, որ նվագախմբի հետ հանդես էր գալիս բրիտանացի ջութակահարուհի Ջենիֆեր Փայքը, ով նաև հանդես կգա հունիսի 6-ին», - ասաց նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը։

Հոբելյանական բազմաթիվ և բազմաբնույթ իրադարձությունների իրականացման կենտրոնում է, իհարկե, նաև Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը, և նրա անունը կրող տրիոն, որի գեղարվեստական ղեկավար, թանգարանի տնօրեն, անվանի դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանի խոսքով, տարեսկզբից իրենք հանդես են եկել ռուսական մի շարք քաղաքներում հոբելյանական համերգներով թե' նվագախմբերի հետ, թե' առանձին տրիոյով։ Տուն-թանգարանի աջակցությամբ Արամ Խաչատրյանի մասին ֆիլմեր են նկարահանվել, գրքեր և պատկերազարդ ալբոմներ հրատարակվել, այդ թվում և օտարալեզու։

Իսկ առաջիկայում, Արմինե Գրիգորյանի փոխանցմամբ, սպասվում են միջազգային գիտաժողով, նոր համերգներ, նոր հանդիպումներ և այլն. - «Արդեն մի քանի ֆիլմեր են նկարահանվել ճանաչված հեռուստաընկերությունների կողմիցմ ինչպիսին է օրինալ «Արտե» ֆրանս-գերմանական ալիքը, և արդեն ցուցադրվել է թե' Ֆրանսիայում, թե' Գերմանիայում։ Այնուհետև նկարահանվել է ֆիլմ ռուսական «Կուլտուրա» ալիքի կողմից, և հենց Խաչատրյանի ծննդան օրը՝ հունիսի 6-ին կիրականանա այդ ֆիլմի հեռուստապրեմիերան։ Բնականաբար, այդ բոլոր ֆիլմերի նյութերը մենք ենք տրամադրում, մենք մասնակցում ենք նաև որպես այդ ֆիլմերի հերոսներ»։

Ողջ տարվա ընթացքում խաչատրյանական երաժշտության մեծ համերգային ծրագրեր են իրագործվելու նաև մարզերում, որին կրկին կմասնակցեն մեր լավագույն նվագախմբերն ու երաժշտական հաստատությունները, այդ թվում և Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։

Եվս մի քանի ուշագրավ նախաձեռնություն, որ ներկայացնում է ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը. - «Առնո Բաբաջանյան համերգասրահը կամ Պետական ֆիլհարմոնիան բացում է ռադիոալիք՝ «Խաչատրյան», որով ամբողջ ընթացիկ հոբելյանական տարին քսանչորս ժամ հնչելու է Արամ Խաչատրյան, միայն Արամ Խաչատրյան»։

XS
SM
MD
LG