Մատչելիության հղումներ

Արցախի շրջանավարտները ստիպված են ապագայի պլաններ ու երազանքներ փոխել՝ ադրբեջանական անցակետի պատճառով


Կես տարվա չավարտվող բլոկադայից ելքեր են փնտրում արցախցի շրջանավարտները՝ շատերն ստիպված են հրաժարվել երազանքի մասնագիտությունից։

«Որոշել էի, որ գամ Հայաստան ու այնտեղ ընդունվեմ պետական ակադեմիան, բայց այս ճանապարհի պատճառով չկարողացա», - ասում է Էլեն Տաիրիյանը։

Հադրութցի Էլենը փոքր տարիքից նկարում է՝ հիմնականում ծննդավայրի պատկերներ են։ Միշտ վստահ է եղել՝ կավարտի Հայաստանի գեղարվեստի ակադեմիան, գեղանկարիչ կդառնա. - «Մանկուց դա եմ ցանկացել, տենց էլ գնացել եմ, ոչ մի բան դուրս չի եկել, բացի նկարելուց»։

Շրջափակումը փոխեց ծրագիրը՝ դիմել է Ստեփանակերտի «Գյուրջյան» կիրառական արվեստի ինստիտուտ՝ դիզայնի բաժին։

Մեկ այլ շրջանավարտ՝ Լիլիթ Ավանեսյանը «Եվրասիա» միջազգային համալսարան է դիմել, իրավագետ է ուզում դառնալ, բայց բուհ-ը Երևանում է. - «Հայտս լրացրել եմ «Եվրասիա» միջազգային համալսարանում, ես համալսարանի հետ կապ եմ պահում, ու համալսարանն ասել է՝ եթե հնարավորություն չլինի, օնլայն տարբերակով դասերը կազմակերպելու են։ Եթե անկեղծ, մենք օնլայն տարբերակով դասեր արել ենք դպրոցում, բայց արդյունավետ չէ»։


Արցախն այս տարի 572 դիմորդ ունի հայաստանյան ու արցախյան հաստատությունների համար, վաղվանից բուհերի ընդունելության միասնական քննություններն են մեկնարկում։ 5 քննական կենտրոն է կահավորվել, թեսթերը կան՝ քննություն հանձնելը խնդիր չի լինի, վստահեցնում է Արցախի գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Յուրի Քարամյանը։

«Քննական կենտրոնները պատրաստ են, կահավորված են, էլեկտրականությունն ապահովելու ենք, եթե պետք լինի ..., արդեն ամեն ինչը տեղադրված է», - ասաց նա։


Հարցերի հարցն այն է, թե բուհ ընդունվածները ինչպես են հասնելու Երևան։

Սպասենք մինչև սեպտեմբերի մեկը, արձագանքում է Յուրի Քարամյանը։

Արցախի նախագահի խորհրդական Լուսինե Ղարախանյանը շեշտում է՝ բժշկական համալսաան, կոնսերվատորիա, արվեստի բուհեր Արցախում չկան, շրջանավարտներից շատերը տեղում այլընտրանք գտնել չեն կարող։

«Ուսանողներ ունենք, որ ընտրել են լոգոպեդիա, օրինակ, Արցախում չկա, և Արցախում կա լոգոպեդների սուր խնդիր։ Եվ ստիպված, և ցավոք անցնելու են անցակետով», - նշում է նա։

Ըստ Ղարախանյանի՝ ռուսական կողմի հետ կա պայմանավորվածություն, որ բուհ ընդունվածները հասնեն Երևան։ Խնդիրը, սակայն, այն է, որ երիտասարդները ընտանքից կտրվում են անորոշ ժամկետով, և շատերը գերադասում են ուղղակի ռիսկի չդիմել. - «Մենք ունենք բացարձակ գիտելիքներով շրջանավարտներ գերազանց, մեդալակիրներ, ովքեր մտածում էին գալ և ուսումն ստանալ հայաստանյան բուհերում, բայց հիմա փոխել են որոշումը՝ մնում են այստեղ։ Այսինքն՝ այս անցակետը շատ ու շատ մարդու կրթական երազանքներ ու տեսիլքներ է փոխել, այդ անցակետը շատ ու շատ մարդու ահաբեկում է, սա ահաբեկչական կետ է էլի»։


Իսկ ի՞նչ անեն այն դիմորդները, որոնք պետք է ներբուհական քննության մասնակցեն։

«Սկզբից թվում էր, թե ամենադժվարը քննությունները հանձնելն է, բայց հիմա, երբ արդեն համարյա թե պատրաստ ենք քննություններին, ավելի դժվար է, այսինքն՝ չգիտենք, թե ոնց ենք հանձնելու», - նկատում է
Աննա Աբաղյանը։

Նա Կոնսերվատորիայի ժողովրդական երգի բաժնում է ուզում սովորել՝ քննություններին պատրաստվում է՝ Սայաթ-Նովա, Բութանիայի օրոր, ժողովրդական երգերի շարան է պատրաստել, բայց քննությունն այստեղ է հուլիսի 1-8-ը։ Կհասնի՞։

«Հիմա ոչ մի հստակ տեղեկություն չկա, թե գալու ենք, թե չենք գալու, կամ օնլայն ենք կազմակերպելու, այսինքն՝ դեռ հստակ որոշում չեն կայացրել։ Իհարկե, կտխրենք, որովհետև մի ամբողջ տարի պարապել ենք ու մեր երազանքին հասնելու համար ամեն ինչ կատարել ենք, բայց վերջին վայրկյանին չգիտենք էլի՝ ինչ է լինելու», - պատասխանում է Աննան։

Արցախը նաև կրթական մեկուսացման մեջ է, շեշտում է Լուսինե Ղարախանյանը, հավելում՝ 18-ամյա երիտասարդները ստիպված են ապագայի պլաններ ու երազանքներ փոխել՝ ադրբեջանական անցակետի սպառնալիքի ներքո։

Միջազգային կառույցներն, ըստ Ղարախանյանի, շարունակում են այս ամենն անարձագանք թողնել. - «Եվ սա աշխարհի ամոթն է,
21-րդ դարի աշխարհի ամոթն է, հազիվ մինչև 21-րդ դար մարդկությունը հասցրել է մարդակերից դառնալ մարդասպան՝ Թումանյանի հայտնի քառյակը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG