Մատչելիության հղումներ

«Բոլորս տագնապում ենք՝ մի՞թե սա Արցախի վերջին Վերջին զանգն է». Արցախի բնակիչ


Երեկ, այսօր ու վաղը շրջափակված Արցախում վերջին զանգի միջոցառումներ են. շուրջ հազար հոգի է դպրոցն ավարտում։ Լիանա Ոսկանյանը վեց երեխաների մայրիկ է, փոքրը շրջափակման երրորդ ամսում ծնվեց, ավագը՝ Արթուրը դպրոցն ավարտում է շրջափակման 6-րդ ամսում։ «Բոլորս տագնապում ենք՝ մի՞թե սա Արցախի վերջին Վերջին զանգն է», - ասում է Լիանան:

«Աստված չանի, իհարկե, չեմ հավատում ես: Էն որ ասում է՝ հույսը միշտ վերջինն է մահանում, մերն էդ դեպքն է, մենք երևի մինչև վերջ հույսով ապրելու եք ու մեր հույսը երևի այն է լինելու, որ ամեն ինչ լավ կլինի», - ասաց Լիանա Ոսկանյանը:

Ավարտական միջոցառումների լուսանկարներում անուրախ տեսարաններ են՝ զոհվածների լուսանկարները պարզած շրջանավարտներ, վերապրածներ - գրությամբ շրջանավարտներ:

Խորհրդանշական զանգեր էին պատվիրել այս օրվա համար, Երևանից Արցախ չհասան, որդու դասընկերներից երկուսը Գորիսում են մնացել՝ ավարտական օրը ընկերներին չմիացան:

Արցախի 166 օրվա բլոկադան շարունակվում է ամեն օր ավելացող խնդիրներով: Ադրբեջանի նախագահը երեկ դարձյալ հայտարարում էր՝ «ճամփան բաց է, ոչ մի միջանցք չենք փակել»:

«Ալիևը ե՞րբ տենց չի ասել, Մոսկվայում ինքը ի՞նչ պիտի ասի, ասի՝ փակել ենք, լավ ենք արե՞լ», - ասաց Մեծ Շենի բնակիչը:

Մեծշենցի Գեղամ Հարությունյանն իր ու ևս 3 գյուղի բնակիչների հետ կրկնակի բլոկադայի մեջ են, մնացել են Շուշի-Քարինտակ խաչմերուկի և Հակարիի կամրջի ադրբեջանցիների միջև։

Ադրբեջանի նախագահն ասում է՝ ոչ մի խոչընդոտ, հիվանդները տեղափոխվում են Կարմիր խաչի մեքենաներով, առանց հստակեցնելու՝ շտապ բուժօգնության կարիք ունեցող մարդն ինչո՞ւ պետք է ամիսներով հերթագրվի ու սպասի՝ մինչև Կարմիր խաչը կամ ռուս խաղաղապահները նրան Հայաստան հասցեն ադրբեջանական երկու անցակետերի միջով: Ի դեպ՝ Կարմիր խաչը շուրջ մեկ ամիս Արցախից որևէ հիվանդի չէր տեղափոխում, հիմնավորելով, թե ադրբեջանական նոր անցակետ կա՝ պայմաններն են համաձայնեցնում. այսօր միայն վերսկսել են աշխատանքը:

«15 բուժառու և իրենց ուղեկցողները արդեն հասել են Հայաստան: մենք հույսով ենք, որ սա պարբերական բնույթ կկրի և իհարկե առանց համաձայնեցնելու չէինք վերսկսի», - ասաց ԿԽՄԿ արցախյան առաքելության ներկայացուցիչ Էթերի Մուսայելյանը:

Ստեփանակերտի բնակիչը պատմում է՝ ադրբեջանական անցակետում հավաքել են անձնագրերը, ստուգել

Շաբաթներ շարունակ ստեփանակերտցի Նարինե Դանիելյանը տարբեր դռներ էր թակում՝ առողջական ծանր խնդիրներ ունեցող որդուն երևանյան հիվանդանոց տեղափոխելու համար։ Օրեր առաջ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ հատել են ադրբեջանական երկու անցակետերը՝ Շուշիի մոտ ադրբեջանցի ոստիկանները հավաքել են անձնագրերը, ստուգել, իսկ Հակարիի կամրջի վրա, Հայաստան- Արցախ սահմանագծին տեղակայված անցակետում իջեցրել են շտապօգնության մեքենայից:

«Մինչև Հակարիի կամուրջը ռուսը ուղեկցեց, Հակարիի կամրջից այն կողմ ասաց՝ չվախենաք, եթե ինչ, մենք ստեղ կանգնած ենք: Հենց հասանք Հակարիի կամուրջ, եկան իրանք դուռը բացեցին, ասացին, որ սաղ անձնագրերը վերցնեն, ամենքս գնացինք, միակ բացառությունը երեխան էր», - պատմեց Դանիելյանը:

Որդին շնչառական սարքով է եղել, մնացել է մեքենայում՝ մյուսներին ստուգել են սահմանային անցակետի բոլոր կանոններով, հարցուփորձով. - «Ոնց որ գնում ես Ռուսաստան..., ինքն էլ ասում ա՝ ինչի՞ համար ես գնում Երևան, մթոմ մենք Հայաստանում չենք, գնում ենք Հայասան, ասում ա՝ цель въезда Армению из Азербайджана»:

Շտապօգնության երեք մեքենաների մեջ էլ ծանր հիվանդներ էին, հիվանդանոց հասնելու հրատապ կարիքով։ Նարինեն ասում է՝ եթե խորանային անմիջապես մի միջադեպ կբռնկվեր:

«Իրանք էլ ակնհայտորեն այդ հարցը տալիս են, որ չդիմանաս էլի», - նշեց Դանիելյանը:

Հակարիի անցակետով մինչև այժմ արցախցիներ չեն անցել ՝ առանց ռուսական կողմի ուղեկցության, միայն ապրիլի վերջին Շուշիի շրջանի գյուղերի մի քանի բնակիչներ հավաստիացում էին ստացել, թե ադրբեջանցիներ չկան կամրջի վրա, կարող եք գնալ, հասել էին կամրջին, մանրամասն ստուգման ենթարկվել, հընթացս դարձել ադրբեջանական տեսախցիկների գլխավոր հերոսներ։ Հինշենցի Գեղամ Հարությունյանը նրանցից մեկն էր:

«Ես կգնայի՞, ինձ խաբել են ուղարկել, ես ո՞նց կգնայի՝ իմանալով, որ ընդեղ 30 թուրքա ավտոմատներով կանգնած են, ես կգնայի՞ մտնեի ընդեղ», - ասաց Հարությունյանը:

Սա անցակետը առանց ուղեկցության հատելու առաջին ու այս պահի դրությամբ վերջին փորձն էր:

«Չէ, առանց ռուսի չեն կարողանում տեղափոխվել՝ ոչ շտապօգնությունը, ոչ էլ ուրիշ մեքենաներ», - ասաց Մեծ Շենի բնակիչը:

Մեծ Շենի սիրիահայ բուժքույր Սևան Մանջիկյանն ասում է՝ պաշարված ապրելու դժվարությունները շատ-շատ են, բայց եթե մեքենա լինի, վառելիք էլ լինի՝ դեպի ադրբեջանական անցակետ շարժվող չկա։

«Նախ, ես չեմ ընդունի, որ իրենք իմ պասպորտը ստուգեն, որովհետև իրենք ասում ենք՝ ադրբեջանցի հայերը, ես էդ չեմ ընդունում, մինչև ճանապարհը չբացվի, ես տեղից չեմ շարժվի», - ասաց Մանջիկյանը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG