Մատչելիության հղումներ

Վերջնական պայմանավորվածություն չկա, թե որ քարտեզով պետք է սահմանազատում կատարվի․ Արարատ Միրզոյան


«Մենք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ չենք բանակցում», - այսօր խորհրդարանում հայտարարեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Որևէ մեկը չի կարող ժխտել, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների հետ կապված կան բազմաթիվ բաց հարցեր, բլոկադան է դա վկայում, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը, գազի, էլկտրաէներգիայի խափանումները։ Էդ հարցերը պետք է քննարկվեն և հասցեագրվեն ոչ մեր կողմից, այլ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի ընտրված մարմինների կողմից։ Մենք պետք է փորձենք ապահովել այդ երկխոսության սկիզբը, մեխանիզմը, հարթակը», - ասաց Միրզոյանը:

Բաքու-Ստեփանակերտ բանակցությունների միջազգային տեսանելի մեխանիզմ. ի՞նչ է այն
please wait

No media source currently available

0:00 0:06:20 0:00

«Հայաստանի համար ընդունելի է 75 թվականի քարտեզով խնդրի լուծումը»

Վերջնական պայմանավորվածություն չկա, թե որ քարտեզով պետք է սահմանազատում կատարվի, նաև հայտարարեց արտգործնախարարը՝ միևնույն ժամանակ շեշտելով՝ Հայաստանի համար ընդունելի է 75 թվականի քարտեզով խնդրի լուծումը:

Ըստ Միրզոյանի՝ թեև սկզբում Բաքուն միշտ դեմ է եղել 75 թվականի քարտեզով սահամանազատմանը, բայց քիշնևյան հանդիպման ժամանակ, Հայաստանի արտգործնախարարի խոսքով, Ադրբեջանի նախագահը կարծես չի առարկել, ասել է, որ դեմ չէ։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ Հանրային հեռուստաընեկորւթյան եթերում ասաց, որ Քիշնևում առնվազն սահմանազատման և 1975 թվականի քարտեզի մասով որոշակի առաջընթաց ունեն, թեև դեռ չեն կարող ասել, որ այդ հարցն այլևս լուծված է։

Ճշտող հարցին, թե կողմերը համաձայնե՞լ են 1975 թվականի քարտեզները հիմք ընդունել, Գրիգորյանը պատասխանել է․ - «Դա ավելի ուժեղ ձևակերպում է, քան քննարկումներ են եղել, իդեալական կլիներ, որ այդպես լիներ, բայց դեռևս այդ մակարդակին չենք հասել և շարունակելու ենք բանակցությունները, որ հասնենք դրան»։

Այսօր Բաքուն դժգոհություն է հայտնել Գրիգորյանի հայտարարության կապակցությամբ՝ նշելով, թե Բաքվի և Երևանի միջև կոնկրետ քարտեզի հիման վրա ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածություններ չեն եղել։

Բաքուն Գրիգորյանին մեղադրել է «հերթական անգամ մի շարք հարցերի էությունը խեղաթյուրելու փորձի մեջ»՝ շեշտելով՝ «Երևանը ձգտում է խուսափել իր ստանձնած պարտավորություններից»:

«Խաղաղության պայմանագրի նախագծում անկալվների մասին հիշատակում չկա»

Խոսելով անկլավների խնդրից՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պնդեց՝ խաղաղության պայմանագրի նախագծում անկալվների մասին հիշատակում չկա:

«Կան պնդումներ տարածքային ամբողջականության շուրջ, որոնք դեռ բանակցվում են», - ասաց արտգործնախարարը։

Այսօր Բաքուն հայտարարել է, թե չնայած գրավոր ու բանավոր պայմանավորվածություններին՝ Հայաստանը ամբողջությամբ դուրս չի բերել իր ուժերն ադրբեջանական տարածքներից, ինչպես նաև տարբեր պատրվակներով շարունակում է ձգձգել ութ գյուղերի վերադարձը Ադրբեջանին։

Բաքուն ՄԱԿ-ում պահանջ է ներկայացրել, թե Հայաստանը պետք է վերադարձնի «դեռևս օկուպացված 8 գյուղերը», Երևանն ի պատասխան նշել է, որ Ադրբեջանն էլ իր հերթին է գյուղեր օկուպացրել։ «Ազատությանը» տված հարցազրույցում, թե, օրակարգում դրանց փոխանակման կամ վերադարձի հարց կա՞, Փաշինյանը պատասխանել էր «եթե Ադրբեջանը պատրաստ է ետ վերադարձնել, մենք պատրաստ ենք»:

«Մենք էլ ունենք օկուպացված գյուղեր, և գյուղը մենակ գյուղապետարանի շենքը չի, կամ, ենթադրենք, Բերքաբեր գյուղը, Վազաշեն, Այգեհովիտ, Պառավաքար, պատրա՞ստ է Ադրբեջանը վերադարձնել, [եթե պատրաստ է], այո, մենք պատրաստ ենք: Բայց այստեղ ուրիշ հարց կա. ենթադրենք՝ Ադրբեջանի կամ՝ Հայաստանի զորքը կանգնած է այս գծի վրա,և պետք է այդ գծից հետ քաշվի, էդ սկզբունքորեն համաձայն ենք, բայց պիտի հետ քաշվի գնա որտե՞ղ կանգնի, էդ կանգնելու տեղը, էդ գիծը ո՞նց է որոշվում: Նշանակում է՝ այդտեղ կա սահման, եթե կա սահման, ուրեմն եկեք վերցնենք էդ սահմանը և ադրբեջանական զորք սահմանի գծից էս կողմ պետք է չլինի, հայկական զորք սահմանի գծից էն կողմ չպետք է լինի», - ասաց գործադիրի ղեկավարը:

2021 թվականի խորհրդարանական ընտրապայքարում Փաշինյանը հակված էր առկա իրավիճակը պահպանելուն՝ հայկական և ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքները մնան նույն կարգավիճակում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG