Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղում խաղաղապահներ կանգնեցնելու տարբերակն այլընտրանք չունի․ Արամ Սարգսյան


Լեռնային Ղարաբաղում խաղաղապահներ կանգնեցնելու տարբերակն այլընտրանք չունի, «Ազատության» հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը

Այնտեղ պետք է կանգնեն խաղաղապահներ, մինչև հանրային թշնամանքը, որը պատերազմի արդյունքում է ձևավորվել, փորձեն վերացնել, ընդգծեց Սարգսյանը՝ նկատելով՝ 10-ից 15 տարի, եթե Լեռնային Ղարաբաղում խաղաղապահներ չեն կանգնում, տեղի է ունենում էթնիկ զտում և տեղահանություն։

Սարգսյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

«Ազատություն»․ - Պարոն Սարգսյան, այդ անվտանգության երաշխիքները, որ պետք է Արևմուտքն ապահովի արցախահայերի համար, մենք չգիտենք դրանք ինչ են, չեն ասվում և ավելին՝ կան փաստարկ, որ դրանք կարող են չաշխատել։ Ահա խնդրեմ, Հաագայի դատարանի որոշումը Ձեզ օրինակ։

Սարգսյան․ - Խաղաղապահներ կանգնեցնելու տարբերակն այլընտրանք չունի, որովհետև անկախ նրանից՝ Լեռնային Ղարաբաղում ապրում է 150 հազար մարդ, թե 25 հազար մարդ, էդ մարդկանց անվտանգության ապահովումը միջազգային նորմերի համար մեկ պարամետրի մեջ է մտնում։ Երբ Վաշինգտոնում ասում են, որ «պետք է ապահովվի Լեռնային Ղարաբաղում ապրող հայ բնակչության անվտանգությունը և նրանց իրավունքների խնդիրը պետք է լուծվի», հասկանում են, որ առնվազն 10-ից 15 տարի էս խոսակցության թեման եղել է։

Այդտեղ պետք է կանգնեն խաղաղապահներ, մինչև հանրային թշնամանքը, որը պատերազմի արդյունքում եղել է, այդ թշնամանքը փորձեն վերացնել։ Այսինքն՝ 10-ից 15 տարի, եթե Լեռնային Ղարաբաղում խաղաղապահներ չեն կանգնում, Լեռնային Ղարաբաղում տեղի է ունենում էթնիկ զտում և տեղահանություն, ինչին աշխարհը դեմ է, ինչից էլ վախենում է Ալիևը։ Խաղաղապհներ կանգնեցնելը նշանակում է, որ էդ խաղաղապահը պիտի ունենա ՄԱԿ-ի օրենքներով նախատեսված խաղաղապահ իրավունքներ։

«Ազատություն»․ - Մանդատ։

Սարգսյան․ - Այո՛։ Որքան էլ մենք ուզենանք, ռուսական խաղաղապահներն էդ իրավունքը չունեն։ Անգամ այդ իրավունքը Ադրբեջանը չի տվել ռուսական խաղաղապահներին և իրենց մեջլիսում չի հաստատել նրանց ներկայությունը։ Վերջիվերջո, երկու տարի հետո էլ նրանց ասելու է՝ «գնացեք էստեղից»՝ Արևմուտքին նաև դուր գալու նկատառումներից ելնելով։

Արևմուտքի առաջարկը, Լեռնային Ղարաբաղի իշխանությունների անվտանգության առումով, լինելու է առաջին հերթին տարածաշրջանի ապառազմականացումը։ Այսինքն՝ Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի հարակից տարածքում ապառազմականացում, որից հետո այդտեղ խաղաղապահ կոնտինգենտի կանգնեցնում։

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում են՝ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում: Համաձայնագրով՝ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որը ևս հինգ տարով կարող է երկարաձգվել, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտին չպահանջի, որ առաքելությունը դուրս բերվի Ղարաբաղից։ Բաքուն սակայն պարբերաբար հայտարարում է, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, իսկ ռուս խաղաղապահներն այնտեղ տեղակայվել են ժամանակավոր։

Պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել է, որ եթե Ռուսաստանը չի կարողանում ապահովել Արցախի անվտանգությունը, ապա պետք է դիմի ՄԱԿ -ի Անվտանգության խորհրդին՝ ռուս խաղաղապահներին միջազգային մանդատով օժտելու կամ Արցախ լրացուցիչ բազմազգ խաղաղապահ զորախումբ ուղարկելու հարց բարձրացնի։

Արամ Սարգսյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG