Մատչելիության հղումներ

Թմրամիջոցի մաքսանենգության գործով հետախուզում է հայտարարվել Միհրան Պողոսյանի նկատմամբ


Հայաստանի տարածքում մեկ տոննա կոկաին հայտնաբերելուց ավելի քան երկու շաբաթ անց Ազգային անվտանգության ծառայությունը հետախուզում է հայտարարել նախկին պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի նկատմամբ։ 2018-ից գործող «Մրգենի» ընկերության իրական սեփականատեր Պողոսյանը կկալանավորվի, եթե Ռուսաստանը, որտեղ նա գտնվում է, թույլ տա արտահանձնել նրան։

Մոսկվան արդեն մեկ անգամ մերժել է արտահանձնել Պողոսյանին մեկ այլ գործով։

Կոկաինի աղմկահարույց գործով մեղադրյալ են նաև փաստաթղթերով «Մրգենի»-ի 100 տոկոս բաժնետեր Լևոն Աթաջանյանը, պահեստապետ Սամվել Գալստյանը և ներմուծումների և գնման բաժնի պետը, որի անունը չի հաղորդվում։ Նախկին իշխանության օրոք բանանի ներմուծման մենաշնորհ ունեցած Պողոսյանը տեսաուղերձներով պնդում է, թե «Մրգենի»-ի բանանի արկղերում եղած կոկաինի մասին անձամբ ինքն է հայտնել ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին, մինչդեռ ԱԱԾ-ն մեղադրանքի սլաքներն ուղղում է հենց իրենց դեմ։

Դեռ 2019-ից կոռուպցիոն հանցագործությունների համար հետախուզվող Պողոսյանը նաև պնդել էր, թե իր աշխատակիցները պատահաբար են բանանի արկղերում հայտնաբերել անծանոթ փոշենման զանգվածը։ Նա անձայն կադրեր է հրապարակել, որում, ենթադրաբար, «Մրգենի»-ի աշխատակիցները բանանի արկղերն են զննում։

«Սկզբում անհանգստանալով իմ հարազատների և աշխատակիցների կյանքի և ազատության համար, որոշեցի ոչնչացնել տարօրինակ արկղերի զանգվածը», - նշել է Պողոսյանը:

Հետո ասում է, թե միտքը փոխել է, անձամբ զանգել է ԱԱԾ տնօրենին, երբ վերջինս չի պատասխանել, ձայնային հաղորդագրությամբ պատմել է եղելությունը։ Միայն սրանից հետո, ըստ Միհրան Պողոսյանի, Արմեն Աբազյանը իրեն հետ է զանգել։

Ազգային անվտանգության ծառայությունը մինչ օրս չի հստակեցրել՝ ինչպե՞ս է հետախուզվող Պողոսյանը զանգել ԱԱԾ տնօրենին, և արդյո՞ք կոռուպցիոն սկանդալներով հայտնի ԴԱՀԿ նախկին պետի նկարագրած սցենարը համապատասխանում է իրականությանը։ «Ազատության» հարցմանը կառույցից դեռ չեն պատասխանել։

Արդյո՞ք իրավապահներն ուսումնասիրում են ՊԵԿ նախագահի հայտարարությունը

Հայտնի չէ նաև՝ արդյո՞ք իրավապահներն ուսումնասիրում են ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի հայտարարությունը, թե իր ենթակաները մաքսային սահմանի վրա չեն հայտնաբերել մեկ տոննա կոկաինը, և որ այն անարգել մուտք է գործել Հայաստան։ Գլխավոր դատախազությունը այս հարցի շուրջ դեռ մեկնաբանություն չի տալիս։

Ռուստամ Բադասյան
Ռուստամ Բադասյան

Ընդ որում՝ ՊԵԿ նախագահը վստահեցրել է, որ իր ղեկավարած կառույցը սկաներ սարքեր էլ ունի, շներ էլ։ Ստուգումն էլ առհասարակ արվում է սկաներ սարքերի միջոցով. բայց արդյո՞ք հենց այդ բեռն անցել է սկաներ ստուգում, չէր մանրամասնել:

«Գունային տարբերակներով տարբեր ապրանքներ տարբեր գունավորում են ստանում, բայց դա ես և դուք կարող ենք չնկատել, իսկ ռապիսկան հսկողություն իրականացնող տեսուչը, որը որ համապատասխան վերապատրաստում է անցել, ինքը կարող է նկատել և դրանից հետո նաև ֆիզիկական զննության ցուցում տալ», - նշել է Բադասյանը։

Արդյո՞ք թերացել է հենց Մաքսային կոմիտեն

Արդյո՞ք թերացել է հենց Մաքսային կոմիտեն, որի հսկողության ներքո է ցանկացած ապրանք մուտք գործում Հայաստան։ Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն ասում է՝ մի քանի տարբերակ կարող է լինել։ Նախ՝ չի բացառում, որ մաքսավորները, ծանոթ լինելով արդեն 5 տարի բանան ներկրող «Մրգենի»-ին, պատշաճ չստուգեին նաև հենց ռեսուրսների սղության պատճառով։ Երկրորդ տարբերակն, ասում է, բանանն ու կոկաինի փոշին ռենտգեն սարքով ստուգելու դեպքում մաքսավորը կարող է և չտարբերել դրանք, հատկապես, երբ ներկրողը դրանք կարող է այնպես դասավորել, որ կոկաինի արկղերը թաքցվեին բանանի արկղերի արանքում։

«Համասեռ զանգված ստեղծելով կարող էր տեսանելի չլիներ», - ասաց Մակարյանը:

Գործատուների միության նախագահը չի բացառում այս օրերին քննարկվող վարկածը, թե Պողոսյանի ու պաշտոնյաների միջև եղել է ահռելի քանակության թմրանյութը ներկրելու պայմանավորվածություն, ինչը, սակայն, տարբեր պատճառներով կարող էր չիրագործվել։ Ասում է՝ միգուցե սա իրավապահների համար առիթ է նրան ի վերջո Հայաստան բերելու համար:

«Հնարավորությունը, որ Միհրան Պողոսյանն ուներ պայմանավորվածություն այդ բեռը ու բերել է ու հետո տեսել է, որ այդ պայմանավորվածությունը փոխվել է, ինքը աս սկսում է ներկայացնել, որ դա լրիվ պատահական էր: Որովհետև այս սխեմանը, որը ներկայացնում է Միհրան Պողոսյանը, տրամաբանության սահմաններից դուրս է ուղղակի», - ընդգծեց նա:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն, իր հերթին, կարևորում է թափանցիկ քննությունը՝ պարզելու՝ արդյո՞ք պաշտոնյաների իմացությամբ է նման քանակով թմրանյութը անարգել Հայաստան մտել։

«Ամեն ջանք պետք է գործադրեն փարատելու համար կասկածները, որ բարձրաստիճան պաշտոնատար անձինք անմիջական մասնակից չեն պետության անվտանգության և քաղաքացիների կյանքի ու առողջության դեմ ուղղված այդ հանցավոր գործունեությանը», - նշեց Սաքունցը:

Իրավապաշտպանը տարօրինակ է համարում պատմությունը, թե հետախուզվող Պողոսյանը հենց ինքն է ահազանգել ԱԱԾ տնօրենին. սա, նրա կարծիքով, նշանակում է, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյան վայելում է Ռուսաստանի իշխանությունների հովանավորությունը. - «Սովորաբար հետախուզման տակ գտնվող անձինք ձգտում են մնալ ստվերում թաքնված, որպեսզի իրենց տեղը չիմանան»:

Հայաստանցի իրավապահները կոկաինի հայտնաբերման մասին հաղորդեցին միայն այն ժամանակ, երբ դրանից մեկ օր առաջ իտալացի ոստիկանները տեղեկացրին, որ նավահանգիստներից մեկում Էկվադորից Հայաստան ուղևորվող 2,7 տոննա կոկաին են գտել։ Արդյո՞ք իտալացիների բացահայտած թմրանյութը ևս Միհրան Պողոսյանի «Մրգենի»-ն էր ներկրում, հայտնի չէ։ Ըստ ԱԱԾ-ին՝ «Մրգենի»-ի՝ կոկաինով բանանի խմբաքանակը ևս Էկվադորից է բերվել Հայաստան։

XS
SM
MD
LG