Մատչելիության հղումներ

Միհրան Պողոսյանը հերքում է «Մրգենի» ընկերության կապը կոկաինի ներկրման հետ


Միհրան Պողոսյան
Միհրան Պողոսյան

Մեկ տոննա կոկաինը Հայաստանի տարածքում հայտնաբերելուց մեկ շաբաթ անց Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտեց նաև թմրանյութը ներկրած ընկերության անունը և հայտնեց միայն մեկ հոգու ձերբակալության մասին։

Այդ անձը ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի հետ առնչվող «Մրգենի» ընկերության ներմուծումների և գնման բաժնի պետն է, որի անունը չի հրապարակվում։ Կինն այսօր արդեն կալանավորվել է, «Ազատությանը» փոխանցեց նրա փաստաբան Դավիթ Կարապետյանը՝ նշելով, որ իր պաշտպանյալը մեղադրանքը չի ընդունում, և իրենք բողոքարկելու են կալանավորման որոշումը։

Արդյո՞ք ներմուծումների և գնման բաժնի պետը կարող էր միայնակ կազմակերպել այդչափ թմրանյութի ներմուծումը։ ԱԱԾ-ն սա չի հստակեցնում, հաղորդագրությունում միայն նշվում է, որ «Մրգենի»-ի ներկայացուցիչը հանցավոր խմբի անդամ է։ Քրեական հետապնդումը հարուցվել է նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի իրացնելու և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու համար։ Այլ ձերբակալվածների մասին չի հաղորդվում։

Երեկ այս մասին խորհրդարանում խոսեց նաև վարչապետ Փաշինյանը ու, առանց անունը տալու, հայտարարեց, որ թմրանյութի հետևում կանգնած է կոռուպցիոն հանցագործությունների համար հետախուզվող հանրապետական նախկին մի պատգամավոր. - «Այդ կոկաինը, մեկ տոննա, կարծես թե հասցեատերը բանանի հայտնի ներկրմամբ զբաղվող ընկերությունն է, որի սեփականատերը Ազգային ժողովի նախկին պատգամավոր է, այժմ հետախուզման մեջ գտնվող և, եթե չեմ սխալվում, Հանրապետական կուսակցության անդամ»։

Բանան ներմուծող «Քեթրին գրուպի» հիմնադիր, ԴԱՀԿ նախկին պետ ու նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին իրավապահները արդեն չորս տարի է հետախուզում են։ Հայտնի է, որ նա Ռուսաստանում է, բայց այդ երկրի Գլխավոր դատախազությունը մերժել է նրան արտահանձնելու Հայաստանի դիմումը։

Պողոսյանի «Քեթրին գրուպը» Հայաստան էկզոտիկ մրգեր ներկրող ամենախոշոր ընկերություններից էր։ Պետական ռեգիստրի տվյալներով, ընկերության գործունեությունը 2019 թվականից սահմանափակված է, դատարանում սնանկ ճանաչելու գործ կա, իսկ 2022 թվականից «Քեթրին գրուպին» արգելված է բաժնետոմսերի հետ կապված գործարք անել։

Մինչ այս գործընթացը կմոտենա ավարտին, մամուլի տվյալներով, հետախուզվող Միհրան Պողոսյանն ուղիղ կապ ունի 2018 թվականին հիմնադրված «Մրգենի» ընկերության հետ, թեև պաշտոնական փաստաթղթերում նրա անունը չկա։ Բայց «Ազդարար» պաշտոնական կայքում «Մրգենի»-ի հասցեն հենց «Քեթրին գրուպի» հասցեն էր։ Այսօր Ազատությունն այցելեց «Քեթրին գրուպի» հասցե, և պարզվեց, որ հենց այստեղ էլ գործում է «Մրգենին»։ Անվտանգության աշխատակիցները հայտնեցին, որ տնօրենը տեղում չէ, խոստացան նրան տեղեկացնել մեր այցի մասին։

Մինչ որպես հայտնաբերված մեկ տոննա կոկաինի ներկրման մեղավոր վարչապետի մակարդակով նշվում է նախկին իշխանության ներկայացուցիչը, ինքը՝ հետախուզվող նախկին պատգամավորը հերքում է «Մրգենի» ընկերության կապը կոկաինի ներկրման հետ՝ պարզաբանելով, որ «Մրգենին» իր մտերիմի ընկերությունն է։ Մի քանի լրատվամիջոցների ուղարկած նամակում Միհրան Պողոսյանը պնդել է, թե ինքն անձամբ է զանգել ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին ու հայտնել, որ բանանի ներմուծմամբ զբաղվող ընկերության աշխատակիցները կոնտեյների մեջ ակնկալվող բանանի փոխարեն հայտնաբերել են անհայտ ծագման փոշենման զանգված։

«Տեղեկացրել եմ նաև, որ ընկերության տնօրենը փաստաբանական խմբի հետ միասին ԱԱԾ շենքի առջև է, և ցանկանում են հաղորդում տալ։ Մինչդեռ ԱԱԾ-ն խախտել է գաղտնիության և անձի պաշտպանության իրավունքը և գործողություններ է իրականացրել հենց այն մարդկանց նկատմամբ, ովքեր ահազանգել են այդ դեպքի մասին», - գրել է Պողոսյանը։

Պարզ չէ՝ արդյո՞ք ամեն ինչ իսկապես այսպես է եղել, թե ոչ։ Անձամբ Պողոսյանի հետ կապ հաստատել չի հաջողվել, իսկ ԱԱԾ-ն մեկնաբանություն չի տալիս։ «Ազատությունը» գրավոր հարցում է ուղարկել պարզաբանում ստանալու համար։ Դեռ պատասխան չկա։

Դեռ անցած շաբաթ «Ազատությունը» շատ կարճ զրուցել էր «Մրգենի» ընկերության 100 տոկոսի բաժնետեր Լևոն Աթաջանյանի հետ, ով չէր հերքել մամուլում շրջանառվող տեղեկությունները կոկաինի ներկրման հետ իր ընկերության առնչության մասին և այդպես էլ չէր չպատասխանել հարցին, թե արդյո՞ք հարցաքննվել է։

Արդյո՞ք հենց Աթաջանյանն է Միհրան Պողոսյանի մատնանշած անձը, որ փաստաբանների հետ գնացել էր ԱԱԾ՝ հաղորդում տալու հանցագործության մասին, հստակ չէ։ «Ազատությունն» այսօր ևս այցելեց նրա բնակարան, այս անգամ, սակայն, դուռը բացող չեղավ։

Իրավապահները լուռ են նաև իտալացի գործընկերների բացահայտման հարցում և չեն նշում՝ արդյո՞ք նույն «Մրգենի» ընկերության բեռն է հայտնաբերվել Իտալիայում։

Անցած շաբաթ իտալական ոստիկանությունն էր հայտարարել, որ իտալական նավահանգստում հայտնաբերված 250 միլիոն եվրո արժողությամբ 2,7 տոննա կոկաինը բանանի արկղերով Էկվադորից պետք է տեղափոխվեր Հայաստան։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG