Մատչելիության հղումներ

Աշխատանք է տարվում Ադրբեջանի կողմից զինծառայողների առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ. ՊՆ


Միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից որոնվող 2 զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված էր սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:

Մայիսի 26-ին ադրբեջանական կողմը հայտնել է, թե իբր հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, երկու հոգի ձերբակալվել է: Հայաստանի ռազմական գերատեսչությունը կրկին հայտնում է. «Ադրբեջանի սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, բացարձակ սուտ և ապատեղեկատվություն է. հայկական կողմն ունի բավարար ապացույցներ այն հերքելու համար, որոնք կներկայացվեն միջազգային գործընկերներին»:

Ըստ հաղորդագրության, հայտնաբերված մեքենայում նաև առկա է զինծառայողներից մեկին ամրակցված զենքը, «ինչը փաստում է, որ անգամ մեքենայից դուրս գալու և տեղանքում չկողմնորոշվելու դեպքում զինծառայողները չէին կարող դիվերսիոն նպատակներ ունենալ»:

«Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ տարվում է լայնածավալ աշխատանք», - ասված է ՊՆ հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG