Մատչելիության հղումներ

Պապուաշվիլի. Վրաստանը Ռուսաստանի նկատմամբ վարում է «ռազմավարական համբերության» քաղաքականություն


Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին, արխիվ, Թբիլիսի:
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին, արխիվ, Թբիլիսի:

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի վարչակարգն է իրականացրել Ռուսաստանի հետ հարաբերություններում մշտապես զիջումների գնալու քաղաքականությունը:

Նրա խոսքով՝ «Վրացական երազանքը» «ռազմավարական համբերության» քաղաքականություն է վարում:

«Մենք զիջումների չենք գնում, այդ [Սաակաշվիլիի առաջնորդած] «Ազգային միացյալ շարժումն» էր 2008 թվականի պատերազմից ամիսներ անց ռուսներին աղաչում մշակութային փոխանակության միջոցառումներ անցկացնել, թույլ տվեց, որ Ռուսաստանն անդամակցի Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, վաճառեց [ռուսներին] ռազմավարական նշանակության օբյեկտները: Մեր քաղաքականությունն է՝ պահպանել խաղաղությունը և զարգացնել տնտեսությունը»,- հայտարարել է Պապուաշվիլին:

Նրա փոխանցմամբ, Վրաստանի այսօրվա կառավարությունը նույնիսկ չի քննարկում Ռուսաստանի հետ դիվանագիտական կապերը վերականգնելու հնարավորությունը:

«Ցնցումները, պատերազմը և դրա հետևանքները մեզ ծանր հարված են հասցրել, տասնամյակներով հետ են շպրտել: Իսկ մեր քաղաքականության արդյունքում հիմա Վրաստանում գործազրկության ամենացածր մակարդակն է: Ինչո՞ւ: Որովհետև կարողացանք տասը տարի խաղաղություն պահպանել: Դա զիջում չէ, դա ռազմավարություն է, համբերության քաղաքականություն»,- ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին:

XS
SM
MD
LG