Մատչելիության հղումներ

Վրացական ընկերությունները կարող է պատժամիջոցների տակ ընկնեն, զգուշացնում է Վաշինգտոնը


Վրաստան - Թբիլիսիի Ռուսթավելիի անվան օդանավակայանը, արխիվ
Վրաստան - Թբիլիսիի Ռուսթավելիի անվան օդանավակայանը, արխիվ

Վաշինգտոնը զգուշացրել է, որ Ռուսաստանի ու Վրաստանի միջև ավիափոխադրումների վերականգնման հետևանքով վրացական ընկերությունները կարող են պատժամիջոցների տակ ընկնել։

«Արևմտյան շատ երկրներ, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, ռուսական օդանավերին արգելել են մտնել իրենց օդային տարածք։ Եթե Ռուսաստանի և Վրաստանի միջև վերականգնվեն ուղիղ չվերթները, իհարկե, մենք կանհանգստանանք, որ վրացական օդանավակայանների ընկերությունները կարող են պատժամիջոցների ենթարկվելու ռիսկի տակ ընկնել, եթե սպասարկեն ներմուծման և արտահանման հսկողության ենթակա օդանավերը»,- ամենօրյա ճեպազրույցում ասել է պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը։

Նրա նշել է, որ Արևմտյան ամբողջ հանրությունը իրեն հեռու է պահում ռուսական ռեժիմից և հիմա որևէ երկրի համար ժամանակը չէ ակտիվացնելու փոխգործակցությունը Ռուսաստանի հետ։

«Վրաստանի ժողովուրդը հավանաբար կգերադասեր, որ նախագահ Պուտինը դուրս բերեր ռուսական զորքերը Վրաստանի տարածքի 20 տոկոսից, որը Ռուսաստանը օկուպացրել է, քան ուղիղ ավիաչվերթների վերականգնումը կամ վիզային ռեժիմի փոփոխությունը,- ընդգծել է նա։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, մեկնաբանելով Մոսկվայի որոշումը, նախօրեին ասել է, որ Վրաստանի քաղաքացիների տեղաշարժը և բիզնես վարելու գործը թեթևացնելու բոլոր որոշումները դրական են և ողջունելի։ Նա նշել է, որ Ռուսաստանում մեկ միլիոն վրացի է ապրում, որոնք Վրաստանում ընտանիքի անդամներ, հարազատներ ունեն և շատ կարևոր է թեթևացնել նրանց այցելելու հնարավորությունը։

Ղարիբաշվիլին մի քանի երկրներ է թվարկել, այդ թվում՝ Հայաստանը, Ադրբեջանը, Չինաստանը, Իսրայելը, որոնք ուղիղ ավիաչվերթներ ունեն Ռուսաստանի հետ պատժամիջոցների տակ չգտնվող օդանավերով։

Վրաստանում ընդդիմությունից բացի Մոսկվայի որոշումը ու Վրաստանի կառավարության դրական արձագանքը քննադատել է նաև նախագահ Սալոմե Զուրբաշվիին։

Վարչապետ Ղարիբաշվիլին ասել է, որ երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր դիրքորոշումն ունի, սակայն նա գործադիր իշխանությունը չի ներկայացնում։

«Ես եմ ներկայացնում գործադիր իշխանությունը, ինչպես նաև խորհրդարանում մեր իշխող կուսակցությունը։ Մենք վարում և իրականացնում ենք ներքին և արտաքին քաղաքականություն։ Սալոմե Զուրաբիշվիլին, ինչպես ցանկացած քաղաքացի, սահմանադրական իրավունք ունի ցանկացած թեմայով արտահայտելու իր կարծիքը»,- ասել է Վրաստանի վարչապետը։

Վրաստանի իշխանություններին կրկին քննադատել է Կիևը

Վրաստանի իշխանություններին կրկին քննադատել է Կիևը։ Ուկրաինայի արտգործնախարարության ներկայացուցիչ Օլեգ Նիկոլենկոն ասել է, որ Մոսկվայի որոշումը Ռուսաստանի շնորհակալությունն է Վրաստանի իշխանություններին արևմտյան պատժամիջոցներին չմիանալու և Եվրամիությանը ինտեգրելու գործընթացը դանդաղեցնելու համար։

«Ռուսաստանը Վրաստանին առաջարկում է գործարք կնքել սատանայի հետ, իսկ սատանայի հետ գործարքում, ինչպես հայտի է հաղթում է սատանան։

Կրեմլը զիջումներ է ստանում, առանց պատասխանատվություն կրելու Վրաստանի ժողովրդին պատճառած ցավի համար։ 2008-ին ռուսական օդանավերը Վրաստան էին թռչում խաղաղ բնակիչներին ռմբակոծելու համար, հիմա նրանք պլանավորում են ռմբակոծել Վրաստանի եվրոպական ապագան», - ասել է Ուկրաինայի արտգործնախարարության ներկայացուցիչը։

Վրաստանի վարչապետն ասել է, թե շատ են ցանկանում, որ Ուկրաինայում աղետը որքան հնարավոր է շուտ ավարտվի։ «Բայց եթե Ուկրաինայում պատերազմ է և աղետ, արդյո՞ք մենք ևս պետք է աղետի մեջ ընկնենք», - նշել է նա։

«Ես հարցնում եմ մեր արևմտյան ընկերներին, եթե դուք ինձ ասում եք դադարեցրեք ատևտուրը, տնտեսական կապերը, մի վերականգնեք չվերթները, ապա դուք ինչո՞ւ եք դա անում։ Ինչո՞ւ դուք չեք դադարեցնում առևտուրը։ Ինչո՞ւ 2022 թվականին Ռուսաստանին 300 միլիարդ եք տվել», - հայտարարել է Ղարիբաշվիլին, առանց հստակեցնելու, թե Ռուսաստանը ինչ գործարքներով է այդքան գումար ստացել Արևմուտքից։

Վրաստանի վարչապետը քննադատել է նաև նախկիններին, ասելով, թե նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին անձամբ էր դիմավորում ռուս զբոսաշրջիկներին, նախկինները անհաջող փորձում էին վերականգնել տնտեսական կապերը Ռուսաստանի հետ։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով մայիսի 15-ից Վրաստանի քաղաքացիների համար չեղարկվում է վիզային ռեժիմը և ավիափոխադրումների արգելքը։

Վրաստանի քաղաքացիների համար Ռուսաստանը վիզային ռեժիմ էր սահմանել 23 տարի առաջ, 2000 թվականին։ 2008 թվականի ռուս-վրացական կարճատև պատերազմից հետո երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են և մինչև հիմա չեն վերականգնվել։ Ռուսաստանը ճանաչել է Հարավային Օսիայի ու Աբխազիայի անկախությունը և այդ շրջաններում ռազմական ներկայություն ունի։ Թբիլիսին և միջազգային հանրությունը Աբխազին ու Հարավային Օսիան հարում են Վրաստանի անքակտելի մասը։

Ռուսաստանի և Վրաստանի միջև երեք անգամ ընդհատվել են ավիափոխադրումները, վերջին անգամ 2019 թվականին, երբ Թբիլիսիում հակառուսական զանգվածային բողոքի ակցիաներ տեղի ունեցան, բախումներ ցուցարարների ու ոստիկանության միջև։ Ցույցերի պատճառը ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի պահվածքն էր։ Վրաստանի խորհրդարանում անցկացված միջոցառման ժամանակ նա նստել էր խորհրդարանի նախագահի աթոռին և խոսել ռուսերեն։ Ընդդիմությունը ընդհատել էր նիստը, քաղաքացիները դուրս էին եկել փողոցներ, Գավրիլովը Վրաստանից հեռացել էր պահպանության տակ։

Ռուս-ուկրաինական պատերազմը սկսվելուց հետո Մոսկվան մի քանի անգամ գովաբանել է Վրաստանի իշխանություններին Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին չմիանալու համար։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ Վրաստանի ներկայիս ղեկավարությունը պատասխանատու մոտեցում է դրսևորում։

XS
SM
MD
LG