Մատչելիության հղումներ

Հայաստանը նշում է Հանրապետության օրը


Այսօր Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 105-րդ տարեդարձն է:

Տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանի և Արցախի ղեկավարները, Ամենայն Հայոց կաթողիկոսը, բարձրաստիճան պաշտոնյաներ, հասարակական-քաղաքական գործիչներ:

«Առաջին Հանրապետությունն ընդամենը երկուսուկես տարվա կյանք ունեցավ [...], որովհետև, ըստ էության, խաղաղության և ոչ մի օր չունեցավ իր գոյության ողջ ընթացքում: [...] Առաջին Հանրապետությունը չունեցավ ժամանակ. մենք դեռևս ունենք: Առաջին Հանրապետությունը չկարողացավ կանգուն մնալ 20 թվականի պատերազմից հետո, մենք կանգուն ենք 20 թվականի պատերազմից հետո և կառուցում ենք մի հայրենիք-պետություն, որն այստեղ է և հիմա է, և մենք այլևս չենք գնալու նոր հայրենիք փնտրելու, որովհետև մեր հայրենիքը մեր պետությունն է», - մասնավորապես ասված է Սարդարապատից վարչապետ Նիկոլ Փաշինյանի հղած շնորհավորական ուղերձում:

Ժողովրդի շահը, ըստ պետության ղեկավարի, «պարտադրում է ունենալ անվտանգություն, բարեկեցություն և երջանկություն», իսկ դա հնարավոր է՝ «հարևանների հետ կարգավորված հարաբերությունների պայմաններում, միայն ու միայն խաղաղության պայմաններում, մի բան, որ չունեցավ Առաջին Հանրապետությունը, մի բան, որ, ցավոք, դեռևս չունի Երրորդ Հանրապետությունը»: «Հենց այս է պատճառը, որ մենք որդեգրել և հետևողական իրագործում ենք խաղաղության օրակարգը», - հայտարարել է Փաշինյանն իր ուղերձում, որ հրապարակել է Հայաստանի վարչապետի աշխատակազմի լրատվականը:

Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձում, որ տարածել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը, մասնավորապես ասված է.

«Հայոց ցեղասպանությունը վերապրած մեր ժողովուրդը զորեղ հավատքով և արհավիրքների առջև չընկճվող ոգով կերտեց Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի մայիսյան հաղթանակները և առաջին հանրապետության հաստատումով լուսավոր նոր էջը բացեց իր պատմության։ Այսօր Հայաստանի անվտանգությանն ու սահմանամերձ տարածքների ապահովությանը, Արցախի ինքնիշխանությանը սպառնացող վտանգները, այլև ներազգային զարգացումները խորը մտահոգություններ են ստեղծել հայրենական անդաստանում, ողջ հայության կյանքում։ Մեր հայրենիքի ու ժողովրդի դեմ իրականացվող քայլերին, ծավալապաշտական ձգտումներին դիմակայելու ուղին մեր միասնական պայքարն է, միակամությունն ու վճռականությունը»:

«Լցվենք վճռականությամբ՝ պաշտպանելու շրջափակման մեջ գտնվող Արցախի մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը, անխաթար խաղաղությունն ու արժանապատիվ մեր կյանքը», - կոչ է անում Վեհափառը:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի շնորհավորական ուղերձում, որ հրապարակել է Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի լրատվականը, մասնավորապես ասված է.

«Իր բազմադարյա պատմության ողջ ընթացքում հայ ժողովուրդը բազում անգամներ է հայտնվել անդունդի եզրին, կանգնել անելանելի թվացող փակուղու առջև, երբ փրկության նշույլ անգամ չէր ուրվագծվում: Սակայն, իր քաջազուն զավակների խիզախության ու սխրանքի, անձնուրացության ու իմաստնության շնորհիվ կարողացել է դիմակայել ճակատագրի հարվածներին, հաղթահարել բոլոր փորձություններն ու շարունակել կառուցել իր ապագան:

Այսօր մենք կրկին ապրում ենք վճռորոշ ժամանակաշրջանում և կրկին ստիպված ենք պայքարել մեր լինելության, ազգային ինքնության պահպանման, հայոց ամուր պետականության ապագայի համար: [...] Ուրեմն, եկեք անհրաժեշտ դասեր քաղենք անցյալից, բոլորս միասին տեր կանգնենք մեր Հայրենիքին, զարգացնենք ու զորացնենք այն, քանի դեռ կարող ենք, քանի դեռ չենք կորցրել մեր սուրբ նահատակներին արժանի լինելու, աշխարհի հնագույն քաղաքակրթությունը կերտողների ժառանգորդը լինելու հնարավորությունը»:

Առավել մանրամասն տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG