Մատչելիության հղումներ

Հայաստանը նշում է Հանրապետության օրը


Այսօր Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 105-րդ տարեդարձն է:

Տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանի և Արցախի ղեկավարները, Ամենայն Հայոց կաթողիկոսը, բարձրաստիճան պաշտոնյաներ, հասարակական-քաղաքական գործիչներ:

«Առաջին Հանրապետությունը չունեցավ ժամանակ. մենք դեռևս ունենք»

Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվականի
Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվականի

«1918 թվականի այս օրը հայ ժողովուրդն իր պատմության մեջ առաջին անգամ կառավարման հանրապետական կարգով պետություն ստեղծեց: Առաջին անգամ մեր իրականության մեջ ստեղծվեց պետություն, որտեղ իշխանությունը պատկանում է ժողովրդին», - Սարդարապատից հղած շնորհավորական ուղերձում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս դարակազմիկ իրադարձությունը տեղի ունեցավ կայսրությունների փլուզման, նոր կայսրության և աշխարհակարգի ձևավորման պայմաններում, երբ մեր ժողովուրդը Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերում կարողացավ ապացուցել ապրելու իր իրավունքը:

Բայց Առաջին Հանրապետությունն ընդամենը երկուսուկես տարվա կյանք ունեցավ [...], չհասցրեց ինքն իրեն դիրքավորել որպես սեփական քաղաքացիների անվտանգության, բարեկեցության ու երջանկության միջոց, որովհետև, ըստ էության, խաղաղության և ոչ մի օր չունեցավ իր գոյության ողջ ընթացքում: Սովը, ցեղասպանությունից մազապուրծ գաղթականությունը, ներքին խժդժությունները, տնտեսության, պետական ինստիտուտների, պետականության մշակույթի բազմադարյա բացակայությունը, արտաքին ազդեցությունը, պատերազմը՝ Առաջին Հանրապետության անկման պատճառ դարձան», - նշել է Փաշինյանն իր ուղերձում, որ տարածել է վարչապետի աշխատակազմի լրատվականը:

«Սրանով, սակայն, Առաջին Հանրապետության դերն ամենևին չի նսեմանում: Ավելի քան 540 տարվա ընդմիջումից հետո հայ ժողովուրդը պետություն ունեցավ, և առաջին անգամ ունեցավ Հանրապետություն և այդ Հանրապետության դասերն այսօր ահա մեր սեղանին են:

Այդ բազմաթիվ դասերից այսօր ուզում եմ ընդգծել միայն մեկը. Հայաստանի Հանրապետությունում ապրելը քաղաքացու համար պիտի լինի հարմարավետ և շահավետ, բարեկեցությունն ու երջանկությունն այսօ՛ր պիտի լինեն և ոչ թե հեռավոր մի ապագայում և պատմական հանգույցները հանգուցալուծելու պահը հիմա է և ոչ թե հետո:

Առաջին Հանրապետությունը չունեցավ ժամանակ. մենք դեռևս ունենք: Առաջին Հանրապետությունը չկարողացավ կանգուն մնալ 20 թվականի պատերազմից հետո, մենք կանգուն ենք 20 թվականի պատերազմից հետո և կառուցում ենք մի հայրենիք-պետություն, որն այստեղ է և հիմա է, և մենք այլևս չենք գնալու նոր հայրենիք փնտրելու, որովհետև մեր հայրենիքը մեր պետությունն է», - ասված է ուղերձում:

«Հենց պետությունը կարող է լավագույնս արտահայտել իր հիմնադրի՝ ժողովրդի շահը: Իսկ այդ շահը պարտադրում է ունենալ անվտանգություն, բարեկեցություն և երջանկություն՝ մեր բազմաչարչար ժողովրդի համար, իսկ դա հնարավոր է՝ հարևանների հետ կարգավորված հարաբերությունների պայմաններում, միայն ու միայն խաղաղության պայմաններում, մի բան, որ չունեցավ Առաջին Հանրապետությունը, մի բան, որ, ցավոք, դեռևս չունի Երրորդ Հանրապետությունը:

Հենց այս է պատճառը, որ մենք որդեգրել և հետևողական իրագործում ենք խաղաղության օրակարգը, որովհետև մեր բոլոր նահատակներն ընկել են հանուն սեփական ժողովրդի երջանկության և ոչ տառապանքի, ու բարեկեցիկ, զարգացած, ապրող ու անվտանգ Հայաստանն է, Հայաստանի Հանրապետությունը, Հայաստան պետությու՛նը, որ պիտի հավերժ խաղաղություն բերի մեր բոլոր նահատակների հոգիներին», - հայտարարել է Հայաստանի վարչապետը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր է այցելել նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, ՀՀ բարձրագույն ղեկավարության և Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ:

Վարչապետի շնորհավորական ուղերձից հետո հնչել է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգն ու տեղի է ունեցել տոնական քայլերթ:

Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին, Հայոց ազգագրության թանգարանում ներկա է գտնվել նաև պետական պարգևների հանձնման արարողությանը, ասված է ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվականի հաղորդագրությունում:

Դիմակայելու ուղին մեր միասնական պայքարն է, միակամությունն ու վճռականությունը

Լուսանկարը՝ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի
Լուսանկարը՝ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի

Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձում, որ տարածել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը, մասնավորապես ասված է.

«Հայոց ցեղասպանությունը վերապրած մեր ժողովուրդը զորեղ հավատքով և արհավիրքների առջև չընկճվող ոգով կերտեց Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի մայիսյան հաղթանակները և առաջին հանրապետության հաստատումով լուսավոր նոր էջը բացեց իր պատմության։

Այսօր Հայաստանի անվտանգությանն ու սահմանամերձ տարածքների ապահովությանը, Արցախի ինքնիշխանությանը սպառնացող վտանգները, այլև ներազգային զարգացումները խորը մտահոգություններ են ստեղծել հայրենական անդաստանում, ողջ հայության կյանքում։ Մեր հայրենիքի ու ժողովրդի դեմ իրականացվող քայլերին, ծավալապաշտական ձգտումներին դիմակայելու ուղին մեր միասնական պայքարն է, միակամությունն ու վճռականությունը։

Անկախության վերահաստատման և Առաջին հանրապետության հռչակման հիշատակը տոնելով, սիրելի հայորդիներ, ոգեշնչվենք և գոտեպնդվենք երանելի մեր հայրերի ազատատենչ ոգով ու սխրագործություններով, մերժենք և հեռացնենք մեր կյանքից թշնամանքը, ատելությունն ու հակառակությունները և զորացնենք ազգային մեր միաբանությունը։ Լցվենք վճռականությամբ՝ պաշտպանելու շրջափակման մեջ գտնվող Արցախի մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը, անխաթար խաղաղությունն ու արժանապատիվ մեր կյանքը»։

Վեհափառն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելել է Սարդարապատի հուշահամալիր, ծաղկեպսակ է զետեղել հուշակոթողի առջև, ապա աղոթք բարձրացրել հայրենյաց պաշտպանների հոգիների հանգստության համար:

«Անհրաժեշտ դասեր քաղենք անցյալից, բոլորս միասին տեր կանգնենք մեր Հայրենիքին»

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, արխիվ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, արխիվ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի շնորհավորական ուղերձում, որ հրապարակել է Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի լրատվականը, մասնավորապես ասված է.

«Հայաստանի Առաջին Հանրապետությունը դարձավ Մայիսյան փառավոր հաղթանակների արգասիքը: Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը մինչև այսօր էլ առեղծված են մնում շատերի համար: Շատ-շատերի, բայց ոչ մեզ համար:

Իր բազմադարյա պատմության ողջ ընթացքում հայ ժողովուրդը բազում անգամներ է հայտնվել անդունդի եզրին, կանգնել անելանելի թվացող փակուղու առջև, երբ փրկության նշույլ անգամ չէր ուրվագծվում: Սակայն, իր քաջազուն զավակների խիզախության ու սխրանքի, անձնուրացության ու իմաստնության շնորհիվ կարողացել է դիմակայել ճակատագրի հարվածներին, հաղթահարել բոլոր փորձություններն ու շարունակել կառուցել իր ապագան:

Այսօր մենք կրկին ապրում ենք վճռորոշ ժամանակաշրջանում և կրկին ստիպված ենք պայքարել մեր լինելության, ազգային ինքնության պահպանման, հայոց ամուր պետականության ապագայի համար: Մենք չափազանց թանկ գին ենք վճարել մեր անկախ պետականության համար և պետք է աչքի լույսի պես պահենք ու փայփայենք այն և փոխանցենք հետագա սերունդներին»:

«Ուրեմն, եկեք անհրաժեշտ դասեր քաղենք անցյալից, բոլորս միասին տեր կանգնենք մեր Հայրենիքին, զարգացնենք ու զորացնենք այն, քանի դեռ կարող ենք, քանի դեռ չենք կորցրել մեր սուրբ նահատակներին արժանի լինելու, աշխարհի հնագույն քաղաքակրթությունը կերտողների ժառանգորդը լինելու հնարավորությունը», - կոչ է անում Արցախի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG