Մատչելիության հղումներ

Հանցագործության համար մեղադրվողը պնդում է՝ առաջարկել են քրգործը կարճել, եթե մեկնի վարժական հավաքների, իշխանությունները հերքում են


Հանցագործության համար մեղադրվող երիտասարդը պատմում է՝ իրեն զինկոմիսարիատից զանգել առաջարկել են, թե քրեական պատասխանատվությունից կազատվի, եթե մեկնի վարժական հավաքների։

Երիտասարդը, որ հրաժարվեց ներկայանալ, պնդեց, թե զինկոմիսարիատից կանչել են տեղում հարցը քննարկելու։ Իշխանությունները կտրականապես հերքում են այս պնդումները։

«Առաջարկ է հնչել, որ մոտենամ խոսեմ գլխավորներից մեկի հետ ու, ըստ առաջարկի, իմ կամքով մեկնեմ զորահավաքների, էն պարագայում, երբ որ ես քրեական գործով անցնող անձ եմ։ Առաջարկը հենց դրա համար էր, որ քրեական գործը կարճվեր», - պատմեց «Ազատության» զրուցակիցը։

Երիտասարդը, սակայն, մերժել է առաջարկն ու այս մասին տեղեկացրել իր փաստաբանին։

«Խարդախելու իմաստն է, որպեսզի անձին, որը վարժական հավաքներին ենթակա չի, հավաքագրեն և տանեն», - ասաց փաստաբանը:

Այս երիտասարդի փաստաբանը Արսեն Մկրտչյանն է, նա արդեն նման երկու դեպքի է առնչվել։ Ասում է՝ մի դեպքում պաշտպանյալն արդեն մեկնել է հավաքների։ Բայց, բնականաբար, մեղադրանքը չեն հանել։

«Անձին համոզել են, ասել են՝ «մենք Ձեզ կօգնենք որպեսզի քրեական գործերդ բարենպաստ լուծումներ ստանան, և մարդը գյուղաբնակ լինելով համոզվել է, որ փաստաբան ջան, գնամ մասնակցեմ, ինչ է եղել, հո վնաս չեն տա», - պատմեց Արսեն Մկրտչյանը։

Երկրորդ պաշտպանյալը, սակայն, հրաժարվել է և զինկոմիսարիատի աշխատակից ներկայացած անձի հորդորներին ի պատասխան հակադարձել՝ «փաստաբանս ասում է՝ նման բան չի կարող լինել»։

«Ասում են՝ «քո փաստաբանը ինչ է հասկանում, մենք ավելի լավ ենք հասկանում», - պատմեց Մկրտչյանը։

Փաստաբանը պնդում է՝ մեղադրյալները ստորագրություն են տալիս չբացակայելու մասին, մինչդեռ նման դեպքում փոփոխվում է նրանց հասցեն, դժվարանում է քննչական գործողությունների անցկացումը, մի խոսքով՝ ձգձգվում է գործի քննությունը։ Մյուս կողմից էլ՝ խախտվում է վարժական հավաքներ անցկացնելու կարգը, զինկոմիսարիատները զանգելու փոխարեն նախապես պետք է ցանկ կազմեն, դրանում ներառված քաղաքացուն պաշտոնական ծանուցում ուղարկեն։ Իսկ որ ամենակարևորն է՝ ինչպե՞ս կարող են զինկոմիսարիատները խառնվել իրավապահ մարմինների աշխատանքին՝ գործերը կարճելու խոստում տալով:

«Ասել են՝ դատավորին կասենք, լավ կլինի, ես, ճիշտ ասած, էդ տիպի դատավոր չեմ ճանաչում, չեմ էլ կարող անգամ ենթադրաբար պատկերացնել, որին կասեն՝ էս մարդը վարժական հավաքի է մասնակցել, իրան բարենպաստ դատական ակտ կայացրու: Դա ուղղակի ծիծաղելի է», - նշեց Մկրտչյանը:

Փաստաբանի կարծիքով՝ զինկոմիսարիատներն այս քայլին են գնում ռեսուրսների պակասի պատճառով. - «Այսինքն՝ հիմնականում հայտնի ուժերի զավակներն են, փեսաներն են, հորեղբոր տղաները, բարեկամներն են, որտեղի՞ց պետք է համալրվի այդ զանգվածը՝ կա՛մ ընդդիմադիր դասից, կա՛մ խեղճ ու կրակ էն մարդիկ, որոնք հանիրավի քրեական հետապնդումների տակ են գտնվում»:

Մինչդեռ խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կտրականապես հերքում է այս պնդումները։

«Ստում են, որ ասում են էդպիսի բան», - ասաց Քոչարյանը։

Իշխանական պատգամավորի խոսքով՝ այս մեխանիզմը ռուս-ուկրաինական պատերազմում է կիրառվում, բայց ոչ՝ Հայաստանում։

«Ով որ էդպիսի բան է ասում, ինքը խառնում է երևի․ ռուս-ուկրաինական պատերազմում էդպիսի ուժեր օգտագործում են, էդպիսի մեխանիզմներ կան, Հայաստանում էդպիսի մեխանիզմներ չկան և չեն էլ կարող լինել», - ասաց Քոչարյնանը։

Անցած տարի Անդրանիկ Քոչարյանը խիստ քննադատության ենթարկվեց իրավապաշտպանների կողմից, երբ նիստերից մեկում փոխոստիկանապետին առաջարկեց վարժական հավաքների տանել ընդդիմության անհնազանդության ակցիաներից բերման ենթարկված տղամարդկանց՝ ենթադրելով, որ նրանք եռամսյա հավաքներից ու զինծառայությունից խուսափածներն են։ Քոչարյանի առաջարկը իրավապաշտպանները որակեցին որպես վարժական հավաքները պատժիչ գործիք դարձնելու փորձ։

«Կոչ եմ անում Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը և Ազգային անվտանգության ծառայությանը հավաքագրել նշված քաղաքացիների տվյալները և դրանք փոխանցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը», - հայտարարել էր Պաշտպանության հանձնաժողովի նախագահը:

Վարժական հավաքները Հայաստանում ակտիվացան 44-օրյա պատերազմից հետո, սկզբում դրանք եռամսյա էին, իսկ անցած տարի կառավարությունը կրճատեց այդ ժամկետը։ Մարտից մեկնարկած հավաքներն արդեն 25 օրով են անցկացվում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ հայտարարել էր, թե տևողությունը կրճատել են՝ դրանց արդյունավետությունը բարձրացնելու և քաղաքացիների համար ավելի քիչ խնդիրներ ստեղծելու համար։

Խնդիրները, սակայն, մնացել են նույնը, ասում է բանակի հարցերով զբաղվող Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչը Նազելի Մովսեսյանը։ Նրան դիմած քաղաքացին ևս պատմել է, որ մեղադրյալի կարգավիճակ ունի, զանգել են՝ առաջարկել՝ մեղադրանքը կարճելու դիմաց մասնակցել հավաքի։

«Ինչքանո՞վ է իրավաչափ այդ անձանց ներգրավել վարժական հավաքների և ինչքանո՞վ Պաշտպանության նախարարությունը, ներգրավելով հավաքներին այդ անձանց, կարող է ապահովել նաև այդ անձանց ներկայությունը, եթե անհրաժեշտ լինի որոշակի անհետաձգելի քննչական կամ դատավարական ինչ-որ գործողություններ իրականացնելու», - ասաց Մովսեսյանը:

Օրենքը չի արգելում քրեական գործով մեղադրյալներին մասնակցել վարժական հավաքներին, բայց դրանով նրանք քրեական պատասխանատվությունից չեն ազատվում։

Արդյոք գլխավոր դատախազությունը զբաղվում է իրավապաշտպան կազմակերպության ու փաստաբանի ահազանգով. կառույցից փոխանցեցին՝ ավելի ուշ կարձագանքեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG