Մատչելիության հղումներ

Հայկական կողմը հայտնում է մայիսի 12-ին 1 զոհի և 4 վիրավորի, ադրբեջանականը՝ 1 զոհի մասին (թարմացված)


Ուրբաթ երեկոյան հակառակորդի կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 2 վիրավոր, զոհված զինծառայողը 20-ամյա Նարեկ Նորայրի Բաղդասարյանն է, հայտնում է Հայաստանի ռազմական գերատեսչությանը:

Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ ժամը 21-23:45-ը Սոթքի, Կութի և Վերին Շորժայի հատվածներում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների կրակի ինտենսիվությունը նվազել է, ժամը 23:45-00:30-ը հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայունացել է:

Շաբաթ առավոտյան Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը հաղորդեց, որ գիշերը հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել, իրադրությունը հարաբերական կայուն է:

Ըստ Հայաստանի պաշտպանական գերատեսչության, ուրբաթ օրը ադրբեջանական կողմը նախ ժամը 16:50-ի սահմաններում խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից էր կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ, ապա ժամը 19:10-ից կիրառել ականանետեր։

Առավոտյան էլ ՀՀ ՊՆ-ը հաղորդել էր, որ ժամը 10-ի սահմաններում ադրբեջանական կողմը Սոթքի ուղղությամբ անօդաչու թռչող սարք է կիրառել, վիրավորվել է ՀՀ ԶՈՒ 2 զինծառայող, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծանր, մյուսինը՝ բավարար, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Մեկ օր անց նախարարությունից հայտնեցին, որ 2 զինծառայողներից մեկը դուրս է գրվել հոսպիտալից, մյուսի կյանքին վտանգ չի սպառնում: Վտանգ չի սպառնում նաև ավելի ուշ՝ մայիսի 12-ի երեկոյան հակառակորդի կրակի հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողների կյանքին:

Ադրբեջանական կողմն ուրբաթ օրը ևս պնդել է, թե հայկական Զինված ուժերն են խախտել հրադադարը, կիրառել ականանետեր ու հրետանային միջոցներ, հարվածային անօդաչու թռչող սարքեր: Կեսգիշերն անց Բաքուն հաղորդեց իր մեկ զոհված զինծառայողի մասին, այլ կորուստներ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը չի հրապարակում:

Իրադրությունը Սոթքի հատվածում մայիսի 11-ի վաղ առավոտից է լարված, երբ, ըստ Հայաստանի պաշտպանության նախարարության, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրետանային և ականանետային կրակ են բացել Սոթքի դիրքերի ուղղությամբ, հայկական զինված ուժերը պատասխան գործողություններ են ձեռնարկել: Ժամը 10-ից սկսած լարվածությունն առաջնագծում նվազել էր, իրադրությունը՝ հարաբերականորեն կայունացել: Հայկական կողմը հինգշաբթի օրը հաղորդել է իր չորս վիրավորների, ադրբեջանական կողմը՝ մեկ զոհի և մեկ վիրավորի մասին:

Պաշտոնական Բաքուն հայկական կողմին է մեղադրել հրադադարի խախտման մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG