Մատչելիության հղումներ

Գիշերը հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել, իրադրությունը հարաբերական կայուն է. ՀՀ ՊՆ


Հայաստանի ԶՈՒ զինծառայողը սահմանին մարտական հերթապահության ժամանակ, արխիվ
Հայաստանի ԶՈՒ զինծառայողը սահմանին մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Գիշերվա ընթացքում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել, ժամը 08:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:

Ադրբեջանի հետ սահմանի Սոթքի, Կութի և Վերին Շորժայի հատվածներում իրադրության հարաբերական կայունացման մասին Հայաստանի ռազմական գերատեսչությունը տեղեկացրեց կեսգիշերից քիչ անց, մինչ այդ՝ ուրբաթ երեկոյան, տվյալ ուղղություններով մի քանի ժամ փոխհրաձգություն էր տեղի ունեցել ականանետերերով խոշոր տրամաչափի հրաձգային զենքերով: Հայկական կողմը հայտնեց 1 զոհվածի և 2 վիրավորի մասին:

Երեկ առավոտյան էլ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ ժամը 10-ի սահմաններում ադրբեջանական կողմը Սոթքի ուղղությամբ անօդաչու թռչող սարք է կիրառել, վիրավորվել է ՀՀ ԶՈՒ 2 զինծառայող, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծանր, մյուսինը՝ բավարար, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Գիշերը Բաքուն հաղորդել է, որ զոհվել է ադրբեջանական բանակի զինծառայող Մուհամեդ Մահիր օղլու Քարաևը, այլ մանրամասներ չեն նշվում:

Իրադրությունը սահմանի տվյալ հատվածում մարտի 11-ի վաղ առավոտից է լարված, երբ, ըստ Հայաստանի պաշտպանության նախարարության, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրետանային և ականանետային կրակ են բացել Սոթքի դիրքերի ուղղությամբ, հայկական զինված ուժերը պատասխան գործողություններ են ձեռնարկել: Հայկական կողմն առաջին օրը հաղորդել է իր 4 վիրավորների, ադրբեջանական կողմը՝ 1 զոհի և 1 վիրավորի մասին:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ պաշտպանական-կանխարգելիչ գործողություններ է ձեռնարկում ի պատասխան Ադրբեջանի զինուժի կրակի, Բաքուն հայկական կողմին է մեղադրում հրադադարի խախտման համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG