Մատչելիության հղումներ

10:45-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է․ ՀՀ ՊՆ


Ժամը 10:45-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է, տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը։

Ադրբեջանական կողմի պնդումները, թե «հայկական կողմը գործողության է նախապատրաստվում», Հայաստանի ռազմական գերատեսչությունը հերթական ապատեղակատվություն է որակում՝ նշելով, որ Սոթքի ուղղությամբ վաղ առավոտյան ադրբեջանական կողմն է սադրանք սանձազերծել։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր հերթական հաղորդագրությունում պնդել է, թե «հայկական զինված ուժերի ստորաբաժանումների ակտիվություն է նկատվում՝ լրացուցիչ կենդանի ուժ և զինտեխնիկա է կենտրոնացվում Բասարքեչերի շրջանի Զոդի ուղղությամբ», և «հակառակորդը փորձում է հող ստեղծել հերթական սադրանքի համար»: «Մենք կրկնում ենք, որ տարածաշրջանում լարվածության ողջ պատասխանատվությունը կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը», - հայտարարել է Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը:

Այսօր առավոտյան Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ժամը 6-ից Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրետանային և ականանետային կրակ են բացել Սոթքի դիրքերի ուղղությամբ, հայկական Զինված ուժերը պատասխան գործողություններ են ձեռնարկել: Հայկական կողմը հաղորդել է չորս վիրավորների, ադրբեջանականը՝ մեկի մասին։

Պաշտոնական Բաքուն իր հերթին հայկական կողմին է մեղադրում հրադադարի խախտման մեջ:

Պաշտոնական Երևանը կոչ է արել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը դադարեցնել բանակցային գործընթացն ուժի կիրառմամբ խաթարելու և դրանով Հայաստանի վրա ճնշում գործադրելու անհիմն, չարդարացված և ամոթալի փորձերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG