Մատչելիության հղումներ

Բաքուն նախաձեռնել է նոր էսկալացիա բանակցություններից առաջ Երևանի վրա ճնշում գործադրելու համար․ քաղաքագետ


Բաքուն նախաձեռնել է նոր էսկալացիա Հայաստանի սահմաններին բրյուսելյան բանակցություններից առաջ Երևանի վրա ճնշում գործադրելու համար, կարծում է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։

Սոքթի հատվածում լարվածությունը հաջորդում է արտգործնախարարների վաշինգտոնյան քառօրյա բանակցություններին, նախորդում կիրակի Բրյուսելում նախատեսված Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպմանը։

«Ինչպես գիտենք, կողմերի միջև շարունակում են սկզբունքային տարաձայնություններ գոյություն ունենալ կարևոր հարեցրի շուրջ, այդ մասին հայաստանյան տարբեր պաշտոնյաներ արդեն բազմիցս հրապարակայնորեն խոսել են և նմանատիպ գործողություններ Ալիևը վստահաբար փորձում է ստիպել Հայաստանին գնալ զիջումների այդ երեք հիմնական օրակարգերի շուրջ», - ասաց Գրիգորյանը։

Վերջին բանակցություններից հետո Երևանի ու Բաքվի միջև եղած գլխավոր տարաձայնությունների մասին վարչապետ Փաշինյանը խոսեց «Ազատությանը» տված հարցազրույցի ընթացքում, նշելով, որ առանցքային տարաձայնությունները վերաբերում են Լեռնային Ղարաբաղին, Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչմանը և ապագա պայմանգրով ամրագրվող միջազգային մեխանիզմներին, որոնք թույլ չեն տա կողմերից մեկին խախտել պայմանագրի կետերը։

«Հիմնական հարցը կախված է Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցային միջազգային մեխանիզմի հետ կապված, և այստեղ կողմերի դիրքորոշումները բավականին հեռու են միմյանցից և այս հարցը կարմիր գիծ է թե՛ Երևանի, թե՛ Բաքվի համար», - ասաց քաղաքագետը։

Երեկվա դրությամբ հայկական կողմը հաղորդում է 4 վիրավորի, ադրբեջանական կողմը՝ 1 զոհի և մեկ վիրավորի մասին։

Ադրբեջանական մամուլը պնդում է, թե երեկ հայկական կողմն է սադրանքի դիմել ու սկսել տարբեր տեսակի զինատեսակներից գնդակոծել իրենց դիրքերը։

Տիգրան Գրիգորյանի կարծիքով՝ Ադրբեջանի այսպիսի հայտարարությունները չեն համոզում նաև միջնորդ երկրներին և Բաքվի փորձերը լեգիտիմացնելու իրենց գործողությունները ձախողվում են։

«Չեմ կարծում, թե նմանատիպ հայտարարություններին նույնիսկ Ադրբեջանում է ինչ-որ մեկը լուրջ վերաբերվում։ Պարզ է, որ առկա ռազմաքաղաքական բալանսի պայմաններում Հայաստանը որևէ տրամաբանությամբ չի կարող գնալ նմանատիպ քայլերի, այսինքն՝ Հայաստանը նմանատիպ կարողություններ չունի, որպեսզի սրի իրավիճակը, կամ գետնի վրա իրավիճակն էսկալացնելով փորձի ինչ-որ դիվիդենտներ շահել», - ասաց քաղաքագետը։

Առաջիկա բրյուսելյան եռակողմ հանդիպումից բացի, որին մասնկացությունը սահմանային լարված իրավիճակի ֆոնին երեկ հաստատեց Հայաստանի վարչապետը, հունիսին սկզբին էլ նախատեսված է հնգակողմ Քիշնևում՝ Գերմանիայի կանցլերի և Ֆրանսիայի նախագահի մասնակցությամբ։ Ալիևը այս մեկին դեռ վերջնական չի հաստատել իր մասնակցությունը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG