Մատչելիության հղումներ

Ադրբեջանական կողմը ականանետ է կիրառել նաև Վերին Շորժայի ուղղությամբ. ՊՆ


Ժամը 19:50-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերը Գեղարքունիքի՝ Վերին Շորժայի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով ականանետ, հաղորդում է Պաշտպանության նախարարությունը։

Հայկական կողմը կորուստներ չունի:

Ռազմական գերատեսչությունը նաև փոխանցում է, որ ժամը 20:10-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Այսօր առավոտյան էլ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ժամը 6-ից Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրետանային և ականանետային կրակ են բացել Սոթքի դիրքերի ուղղությամբ, հայկական զինված ուժերը պատասխան գործողություններ են ձեռնարկել: Հայկական կողմը հաղորդել է իր չորս վիրավորների, ադրբեջանական կողմը՝ մեկ զոհի և մեկ վիրավորի մասին:

Ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության՝ ժամը 10-ից սկսած լարվածությունն առաջնագծում նվազել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է:

Գերատեսչությունը հայտնեց, որ ադրբեջանական կողմը ժամը 17:10-ի սահմաններում ականանետ է կիրառել Սոթքի ուղղությամբ, հրետանային միջոց՝ Նորաբակի։

Պաշտոնական Բաքուն իր հերթին հայկական կողմին է մեղադրում հրադադարի խախտման մեջ:

XS
SM
MD
LG