Մատչելիության հղումներ

ՄԻԵԴ-ը մերժել է ՀՀ դեմ միջանկյալ միջոց կիրառելու՝ ադրբեջանցի երկու զինծառայողների հարազատների դիմումը


Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) մերժել է մեկ ամիս առաջ հայ-ադրբեջանական սահմանը հատած ու Հայաստանում կալանավորված Ադրբեջանի 2 քաղաքացիների հարազատների՝ միջանկյալ միջոց կիրառելու դիմումը։

Նրանք պահանջել էին կիրառել միջանկյալ միջոց այն հիմնավորմամբ, որ Հայաստանում ադրբեջանցի զինվորները խոշտանգվում են ու նրանց կյանքի իրավունքին վտանգ է սպառում։

Հայաստանի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից փոխանցում են, որ կառավարությունը Եվրոպական դատարանին է բավարար ապացույցներ է ներկայացրել։

«Դատարանը Հայաստանից տեղեկատվություն էր պահանջել, թե ինչ պայմաններում են պահվում երկու զինծառայողները, ինչ վիճակում են գտնվում, ֆիզիկական և առողջական խնդիրների մասին իրենց տեղյակ պահենք՝ ունեն թե ոչ, ինչ կարգավիճակ ունեն։ Հայաստանի Հանրապետությունը մանրամասն պատասխան է ուղարկել Եվրոպական դատարան», - մանրամասնեց գրասենյակի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։

Նրա փոխանցմամբ, ՄԻԵԴ-ին են տրամադրել ծավալուն ապացույցներ այն մասին, որ Մարդու իրավունքների կոնվենցիայով սահմանված ադբեջանցիների իրավունքները Հայաստանում չեն խախտվում. - «Դատարանի համար Հայաստանի ներկայացրած ապացույցները բավարար են եղել, և որոշում է կայացվել մերժել Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ ներկայացրած միջանկյալ միջոց կիրառելու պահանջը»։

Մոտ մեկ ամիս առաջ Հայաստան ներթափանցած և Հայաստանում կալանավորված երկու ադրբեջանցիներից մեկը՝ զինծառայող Ագշին Բաբիրովը արդեն դատապարտվել է 11,5 տարվա ազատազրկման։ Բաբիրովը, Բարձրագույն դատական խորհրդի փոխանցմամբ, ընդունել է մեղքը, որ սահմանը ապօրինի է հատել, կրել է հրազեն ու ռազմամթերք, և նրա դատավարությունն անցկացվել է արագացված ընթացակարգով՝ առանց մանրամասն քննության։ Երկրորդ ադրբեջանցու՝ Հուսեյն Ախունդովի գործով նախաքննությունը շարունակվում է։ Սահմանն ապօրինի հատելուց և ապօրինի ռազմամթերք կրելուց բացի, նա մեղադրվում է նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի պահակին սպանելու համար։

Հնարավո՞ր է արդյոք, որ արդեն դատապարտված ադրբեջանցին փոխանակվի Բաքվի բանտերում պատիժ կրող որևէ հայ զինծառայողի հետ, պաշտոնապես չի հաղորդվում։ Անցած շաբաթ գլխավոր դատախազը բացառել էր միայն դատաքննության փուլում արտահանձնման հնարավորությունը՝ պարզաբանելով, որ դա հնարավոր է միայն դատաքննությունից հետո։

Պաշտոնական տվյալներով, այս պահին ադրբեջանական բանտերում 33 հայ գերի է պահվում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG