Մատչելիության հղումներ

Եթե ադրբեջանցին եկել է այստեղ ապաստարան խնդրելու, նա չի կարող դառնալ փոխանակման ենթակա անձ․ իրավապաշտպան


Բաքու վերադառնալ չցանկացող ադրբեջանցուն իհարկե պետք է տալ ապաստարան, կարծում է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը՝ նշելով՝ դա քննարկման թեմա չէ։

«Ազատության» հետ զրույցում իրավապաշտպանը պնդեց՝ եթե նա եկել է այստեղ ապաստարան խնդրելու, նա չի կարող դառնալ փոխանակման ենթակա անձ։

Հարությունյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

«Ազատություն»․ - Ինչպե՞ս վարվել այստեղ հայտնված ադրբեջանցիների հետ, եթե նրանցից առնվազն մեկն ասել է, որ չի ուզում վերադառնալ, այնտեղ ճնշումների է ենթարկվում։

Հարությունյան․ - Դա քննարկման թեմա չէ, իհարկե պետք է նրան տալ ապաստարան և պատսպարել։ Մարդը եկել և ապաստարան է խնդրում։ Երկրորդի մասին տեղեկություն չկա, պետք է սպասել, տեսնել ինչ է։ Իհարկե, մարդը եկել է այստեղ պաշտպանություն խնդրել։

«Ազատություն»․ - Դուք դա որպես իրավապաշտպան եք ասում, մի բայց կա, պարոն Հարությունյան, որ կա մեր ռազմագերիների հետ փոխանակման հնարավորություն, որոնց նկատմամբ այնտեղ ամենևին էլ Ձեր ասած սկզբունքներով չեն վարվում մարդասիրական։

Հարությունյան․ - Դա նշանակություն չունի, դու չես կարող վարվել այնպես, ինչպես չէիր ցանկանա, որ քեզ հետ վարվեին, մեկ, և երկրորդը՝ այս երիտասարդը՝ զինվորականն, ադրբեջանցի է, եթե եկել է այստեղ ապաստարան խնրելու, նա չի կարող դառնալ փոխանակման ենթակա անձ։ Նախ, առաջինը, որ ադրբեջանցիները նրան կտանեն և կտեղավորեն կողքի բանտախցում, որտեղ հայերն են նստած, նրան չեն փոխանակի, նա նրանց աչքերում նույնպիսի հայ է արդեն, ուղղակի ազգությամբ ադրբեջանցի։ Այնպես որ պետք է հարգել իրավունքը, միջազգային նորմերը։

Մարդկությունը շատ երկար ճանապարհ է անցել, պատերազմներով է անցել, մարդու իրավունքները գրվել են պատերազմներով։ Մենք էլ ենք պատերազմի մեջ և դա պետք է հասկանանք։ Ամենասկզբից, երբ մարդիկ իրար դեմ կռվում էին, գերի կամ սպանված հակառակորդին ուտում էին, հետո սկսեցին նրան աշխատեցնել որպես ստրուկ, հետո սկսեցին նրան աշխատեցնել որպես ճորտ, հետո հասկացան, որ նրան փրկագնի դիմաց կարելի է վաճառել, կամաց-կամաց, մենք հիմա հո չենք վերադառնալու ամենաառաջին փուլ և ուտել մեր հակառակորդին, մեր թշնամուն։ Բոլորովին, նա եկել այստեղ ապաստարան է խնդրում և պետք է էդ ապաստարանը ստանա։

«Ազատություն»․ - Անգամ, եթե մենք այնտեղ հայեր ունե՞նք։

Հարությունյան․ - Անգամ եթե մենք այնտեղ, այո՛, ունենք հայեր։

Ապրիլի 10-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց երկու զինվորի մոլորվելու մասին: Հենց նույն օրը Հայաստանում, Սյունիքի մարզի Աշոտավան գյուղի տարածքում, ադրբեջանցի մեկ զինվոր ձերբակալվեց։ Աշոտավանի գյուղապետ Արմեն Բեգլարյանն «Ազատությանը» փոխանցեց, որ 19-ամյա զինծառայողն իրեն պատմել է, թե Նախիջևանի դիրքերից փախել են նվաստացումների պատճառով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ Ազգային ժողովում հայտարարեց, որ զինծառայողը Ադրբեջան վերադառնալու ցանկություն դեռևս չի հայտնել։ «Մեր միջազգայնորեն ստանձնած պարտավորություններով, եթե նման իրավիճակում հայտնված մարդը չի ցանկանում վերադառնալ, մենք բռնի ձևերով չենք կարող նրան ուղղակի վերադարձնել», - ասաց Փաշինյանը։ Երկրորդ ադրբեջանցուն երեկ Աղվանի գյուղի բնակիչներն են հայտնաբերել և փոխանցել իրավապահներին։

Հարությունյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG