Մատչելիության հղումներ

Վիզային ռեժիմի չեղարկման և ավիաչվերթների վերականգնման՝ Պուտինի որոշումը նոր կրքեր է բորբոքել Վրաստանում


Վարին Լարսի անցակետը ռուս-վրացական սահմանին, արխիվ
Վարին Լարսի անցակետը ռուս-վրացական սահմանին, արխիվ

Դեպի Վրաստան ուղիղ թռիչքների վերականգնման, ինչպես նաև Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկման մասին Ռուսաստանի նախագահի որոշումը նոր կրքեր է բորբոքել Վրաստանում:

Երեկ երեկոյան Թբիլիսիում՝ արտգործնախարարության շենքի մոտ են հավաքվել հարյուրավոր քաղաքացիներ՝ իրենց բողոքը հայտնելու ռուս-վրացական հարաբերությունների ջերմացման մասին վկայող Պուտինի որոշման դեմ։

Ռուսաստանի տրանսպորտի նախարարության հայտարարության համաձայն՝ արդեն մի քանի օրից ռուսաստանյան ավիաընկերությունները կարող են Մոսկվա-Թբիլիսի թռիչք իրականացնել շաբաթական յոթ անգամ։ Գերատեսչությունն ընդգծում է, որ ռուսական կողմն այդ քայլով ցանկանում է «հեշտացնել Ռուսաստանի և Վրաստանի բնակիչների միջև շփումները»։

Վրացական ընդդիմությունը պնդում է՝ այս քայլով Կրեմլը «պարգևատրում է Վրաստանի իշխանություններին»։

«Եվս մեկ անգամ պարզ դարձավ, որ Վրաստանում կա իշխանություն, որի դաշնակիցն են Ռուսաստանն ու Պուտինը։ Այս որոշումը կարելի է համարել Ռուսաստանի իշխանությունների գնահատականը «Վրացական երազանք»-ի 11 տարվա գործունեությանը, եվրոպական կուրսին վնասելուն», - ասել է ընդդիմադիր պատգամավոր Անա Ցիտլիձեն։

Միացյալ ազգային շարժման մեկ այլ ներկայացուցիչ Իրակլի Պավլենիշվիլին, իր հերթին, պնդել է՝ Վրաստանի ժողովուրդը ոչ թե Ռուսաստանին, այլ Եվրոպային ինտեգրվել է ցանկանում:

«Մենք ունենք կառավարություն, որը նպատակ ունի ինտեգրել մեր տնտեսությունը, մեր քաղաքական համակարգը Ռուսաստանի տնտեսական համակարգին: Եվ մենք գիտենք, որ միակ ռեժիմները, որոնք բարեկամական հարաբերություններ ունեն Ռուսաստանի հետ, ավտորիտար ռեժիմներն են։ Եվ բնականաբար դա հակասում է մեր ազգային շահերին, երբ մենք փորձում ենք ամրապնդել մեր հարաբերությունները օկուպանտի և երկրի հետ, որը դեմ է Վրաստանի տարածքային ամբողջականությանը», - հայտարարել է Պավլենիշվիլին։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Կրեմլի ղեկավարի որոշումը սադրանք է որակել՝ պնդելով, որ Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացումն անընդունելի է:

«Վրաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցությունների վերսկսումն ու վիզային ռեժիմի չեղարկումը անընդունելի է, քանի դեռ Ռուսաստանը շարունակում է ագրեսիան Ուկրաինայի դեմ և օկուպացնում մեր տարածքները», - երեկ հայտարարել է Վրաստանի նախագահը՝ կառավարությանը կոչ անելով օր առաջ չեղարկել ռուսների համար ազատ վիզային ռեժիմը:

Մինչդեռ Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին ողջունել է Ռուսաստանի որոշումը՝ հայտարարելով, որ այդ քայլը «կթեթևացնի իրենց քաղաքացիների ամենօրյա կյանքի պայմանները և նրանց ազատ ու հեշտ շփվելու, ճամփորդելու հնարավորություն կտա»։

«Ռուսաստանի Դաշնությունում ապրում են մեր ավելի քան մեկ միլիոն քաղաքացիներ, ովքեր շատ սերտ կապեր ունեն Վրաստանում ապրող մարդկանց, նրանց սիրելիների, հարազատների հետ, և մարդասիրական տեսանկյունից դիտարկվող այս որոշումը ողջունվում է ցանկացած պատասխանատու կառավարության կողմից», - շեշտել է վրացական դիվանագիտության ղեկավարը:

Ռուսաստանը նախկին խորհրդային հանրապետությունների մեծ մասի քաղաքացիներին թույլ է տալիս երկիր մուտք գործել առանց վիզայի, սակայն 2000 թվականին Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմ է սահմանել՝ որոշումը պատճառաբանելով Հյուսիսային Կովկասում ահաբեկչության վտանգով:

Հարևան երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցությունը դադարեցնելու որոշում է կայացրել Մոսկվան 2019 թվականի հուլիսին՝ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի հետ կապված աղմկահարույց միջադեպին հաջորդած հակառուսական ցույցերի ֆոնին։ Վրաստանը, սակայն, այդ պատժամիջոցներից հետո էլ սահմանափակումների չդիմեց․ ռուսաստանցիները կարող են Վրաստան այցելել առանց վիզայի և մինչև մեկ տարի աշխատել, ինչի շնորհիվ երկիրը դարձել է ռուս - ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր Ռուսաստանը լքող քաղաքացիների հիմնական ուղղություններից մեկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG