Մատչելիության հղումներ

Պաշտպանության նախկին նախարարի շուրջ սկանդալը վրացական ընդդիմությանը ծանր դրության մեջ է դրել


Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլի, արխիվ
Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլի, արխիվ

Ճգնաժամ վրացական ընդդիմության շարքերում։ Պատճառն անցած շաբաթ BBC-ի կողմից հրապարակված հետաքննությունն է, որի համաձայն՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի աջակիցներին միավորող «Ազգային միացյալ շարժում» կուսակցության գլխավոր ֆինանսական դոնորներից մեկը՝ այժմ Լոնդոնում բնակվող պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլին, ներքաշված է մեքենայություններով զբաղվող համաեվրոպական ցանցի մեջ։ BBC-ի պնդմամբ՝ Կեզերաշվիլիի հետ ուղղակի առնչություն ունեցող մի շարք ընկերություններ վերջին տարիներին խաբեությամբ մոտ մեկ միլիարդ դոլար են հափշտակել բրիտանացի, գերմանացի և սկանդինավ թոշակառուներից՝ նրանց խնայողություններով գոյություն չունեցող ընկերություններում ներդրումներ անելով։

Ավելին, վրացական իշխանությունները վստահ են, որ Կեզերաշվիլին իր սկզբնական կապիտալը վաստակել, ավելի ճիշտ՝ յուրացրել է դեռ 2000-ականների վերջին՝ պաշտպանության նախարար աշխատելու ժամանակ։

«Հինգ միլիոնի հափշտակումը՝ դա միայն այն է, ինչ ապացուցվել է դատարանում», - անդրադառնալով ծագած սկանդալին՝ օրերս հայտարարում էր Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն։

Նախարարի խոսքով՝ իր ենթակաները մինչ օրս չեն կարողանում գերատեսչության ֆինանսական փաստաթղթերի ամբողջական վերլուծություն իրականացնել Կեզերաշվիլիից և նրա հանցակիցներից հետո մնացած խառնաշփոթի պատճառով։

«Դա մեկ մարդու կողմից կատարված հանցագործություն չէ։ Դա պետության կազմակերպված թալան էր՝ իրականացված մարդկանց խմբի կողմից, խումբ, որն այդ պահին ներկայացնում էր ողջ իշխանությունը։ Հիմնական մեղավորը, սակայն, իհարկե Կեզերաշվիլին է, քանի որ այդ բոլոր յուրացումները կատարվել են հենց նրա պաշտոնավարման ընթացքում», - հայտարարում էր Վրաստանի պաշտպանության նախարարը։

BBC-ի բացահայտումները վրացական ընդդիմությանը բավական ծանր դրության մեջ են դրել՝ իշխանության կոշտ ընդդիմախոսներին ստիպելով հստակ վերաբերմունք արտահայտել իրենց առանցքային ֆինանսական դոնորի անձի շուրջ ծագած սկանդալին։ Ազգային միացյալ շարժման առաջնորդ Լևան Խաբեիշվիլիի համոզմամբ՝ Կեզերաշվիլիի դեմ վրացական դատարանի կողմից անցած տարի կայացված հեռակա վճիռը, ինչպես նաև նրա անվան հետ կապվող մյուս տեղական հետաքնությունները հստակ քաղաքական ենթատեքստ ունեն։

«Ինչ վերաբերում է արևմտյան լրատվամիջոցների բացահայտումներին, ապա դրանց իրավական գնահատականը պետք է տրվի արևմտյան անկախ դատարանների կողմից», - համոզված է ընդդիմադիր գործիչը։

«Եթե արտերկրում հետաքննություն անցկացվի, ես կասկած չունեմ, որ Կեզերաշվիլին կկարողանա իր առջև ծառացած բոլոր խնդիրները լուծել, և բոլոր հարցերի պատասխաններն ի վերջո կհնչեն։ Այլ հարց է, որ [Կեզերաշվիլիից բացի] BBC հետաքննության մեջ հիշատակվող մի շարք անձինք այսօր էլ իշխող «Վրացական երազանք»-ի բիզնես գործընկերներն են, և այդ մարդիկ երկրի տարածքում անարգել տեղաշարժվելու հետ կապված որևէ խնդիր չունեն», - հայտարարում էր Ազգային միացյալ շարժման առաջնորդ Լևան Խաբեիշվիլին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG