Մատչելիության հղումներ

Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար մեղադրվող Իգոր Խաչատուրովն արդարացվեց


Արխիվ
Արխիվ

Ընդդիմության՝ անցած տարվա անհնազանդության ակցիաների օրերին ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար մեղադրվող Իգոր Խաչատուրովին դատարանն այսօր արդարացրել է։ Սա առաջին արդարացման որոշումն է, որն առնչվում է անցած տարվա ցույցերի ժամանակ ընդդիմադիրների դեմ հարուցված քրեական գործերին։

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, գեներալ Յուրի Խաչատուրովի 37-ամյա որդուն արդարացնելու որոշումը կայացրել է առաջին ատյանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանը։ Կողմերը դեռ ծանոթ չեն նրա հիմնավորումներին։ Գլխավոր դատախազությունից փոխանցեցին, որ միայն դատավճիռն ուսումնասիրելուց հետո կարող են մեկնաբանել այն և որոշել՝ կբողոքարկեն, թե՝ ոչ։

Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը ևս ծանոթ չէ դատավորի հիմնավորումներին. - «Ինքն առաջադրված մեղադրանքում ճանաչեց ու հռչակեց Իգոր Խաչատուրովի անմեղությունը»։

Այստեղ գործ ունենք բացառապես ոստիկանների պնդումների հետ. Ռուբեն Մելիքյան

Անցած տարի այս օրերին էր, որ ընդդիմությունը, բոյկոտելով Ազգային ժողովի աշխատանքը, դուրս ելավ փողոց՝ պահանջելով վարչապետի հրաժարականը։ Շուրջօրյա ակցիաներն ուղեկցվում էին բախումներով ու բռնություններով, բերման էին ենթարկվում տասնյակ ընդդիմադիրներ։ Մինչ իշխանությունը պնդում էր՝ ոստիկանների գործողություններն իրավաչափ են, ընդդիմադիրները հակառակն էին պնդում։

«2022 թվականի ապրիլ-մայիսին քաղաքական իշխանությունների պատվերով մեր իրավապահ մարմիններն իրականացրին ուղղակի համակարգված հանցագործություններ քաղաքացիների դեմ, որոնք կամաց-կամաց բացահայտվում են, այդ թվում՝ ապօրինի ձերբակալություններ, բռնություններ, որոնք որևէ կերպ չեն պատժվել և պատժվում, այդ թվում՝ ապօրինի քրեական հետապնդումներ», - ասաց իրավապաշտան Ռուբեն Մելիքյանն՝ ընդգծելով՝ Խաչատուրովին մեղադրանք են առաջադրել միմիայն ոստիկանի ցուցմունքի հիման վրա, ըստ երևույթին դատարանը հենց այս հանգամանքն է հաշվի առել նրան արդարացնելու համար։

Իրավապաշտպանը վկայակոչում է Եվրոպական դատարանի՝ այս հարցով որոշումներից մեկը. - «Սա ուղղակի համընկնում է Եվրոպական դատարանի՝ «Ջհանգիրյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռի փաստերին, և Եվրոպական դատարանը շատ հստակ նշում է, որ բացառապես ոստիկանների ցուցմունքներով ուղղակի հնարավոր չէ անձին դատապարտել, իսկ այստեղ մենք գործ ունենք բացառապես ոստիկանների պնդումների հետ, որևէ ձայնագրություն, որևէ տեսագրություն, իհարկե, չկա»։

Ոստիկանը չի կարողացել հիմնավորել. Արծվիկ Մինասյան

Դատավարությանը մասնակցած ընդդիմադիր պատգամավոր («Հայաստան» խմբակցություն) Արծվիկ Մինասյանի խոսքով՝ Իգոր Խաչատուրովի դեմ ցուցմունք տված միակ անձը՝ ոստիկանը չի կարողացել հիմնավորել, որ ցուցարարն իր նկատմամբ բռնություն է գործադրել։

«Ամբողջ դատավարության ընթացքում այդպես էլ որևէ առարկայական փաստեր, որոնք անհերքելիորեն կապացուցեին Իգոր Խաչատուրովի իբր թե բռնության գործադրումը իրավապահ մարմինների նկատմամբ, չկար, չէր էլ կարող լինել, հակառակը՝ կան, օրինակ, կադրեր՝ ինչպիսի անմարդկային, այլանդակ ձևով են բերման ենթարկում Իգոր Խաչատուրովին», - նկատեց նա։

Ավելի քան 50 ցուցարար է մեղադրվում անցած տարվա ակցիաների ժամանակ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու, զանգվածային անկարգությունների հոդվածներով, բայց ոչ մի մեղադրյալ ոստիկան չկա, ընդգծում է Արծվիկ Մինասյանը։ Հիշեցնում է՝ իրեն ևս ոստիկանները փորձել էին բերման ենթարկել՝ վնասելով հագուստը. - «Առանց որևէ առարկայական փաստերի մենք ունենք նաև հիմա բազմաթիվ այդպիսի գործեր, երբ որ փորձ են անում դիմադրության շարժման մասնակիցներին կամ ցուցարարների, կամ ընդդիմադիր գործիչների նկատմամբ կարել հերթական գործերը»։

Համացանցում բազմաթիվ են տեսանյութերը, որտեղ երևում են քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանների դեմքերը, բայց իրավապահները չեն շտապում նրանց կանչել պատասխանատվության, ընդգծում է պատգամավորը։

«Ուզում է տպավորություն ստեղծել, որ պատժելի է ցանկացած ընդդիմախոսություն, պատժելի է ցանկացած արարք, որը դեմ է արտահայտվում այս իշխանություններին, և պատժելի է ցանկացած դիրքորոշում, որը կարող է հասարակության որևէ անդամ ներկայացնի, որևէ քաղաքացի ներկայացնի այս հանցավոր և դավաճանական գործողություններին», - հավելեց Արծվիկ Մինասյանը։

Իրավապահները գրեթե մեկ տարի է չեն պարզել նաև, թե արդյոք իրավաչափ էր անցած հունիսին կառավարական առանձնատների մոտ ընդդիմության հանրահավաքը հատուկ միջոցներով ցրելու որոշումը։ Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ մեղադրյալներ չկան, դեռ նախաքննություն է ընթանում։ Կոմիտեի տվյալներով՝ գարնանն ու ամռանն ընդդիմության անհնազանդության ակցիաների ժամանակ ընդհանուր առմամբ տուժել է 30 քաղաքացի։ Թե քանիսն են տուժել հենց լուսաձայնային նռնակներից, չեն մանրամասնում։

XS
SM
MD
LG